Այդպես էլ չհասկացանք՝ ի վերջո, ռեստորան պատվաստված մուտք գործելու սահմանափակումը կկիրառվի՞, թե՞ ոչ. «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանը

Պարո՛ն Բարսեղյան, առողջապահության նախարարության որոշմամբ՝ հունվարի 1-ից նախատեսվում է հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստումը հավաստող փաստաթղթով: Ոլորտը պատրա՞ստ է այդ սահմանափակման կիրառմանը:

– Մեզ դեռ ոչ ոք ոչինչ չի ասել, այդպես էլ չհասկացանք՝ ի վերջո, այդ սահմանափակումը կգործի՞, թե՞ ոչ: Լրիվ անհասկանալի վիճակ է, ո՛չ կառավարությունից, ո՛չ նախարարությունից վերջնական պարզաբանում չեն տվել: Սոցիալ-տնտեսական թեմաները շատ զգայուն են, ու, կարծում եմ՝ իրենք ամեն դեպքում զգուշավորությամբ են մոտենում հարցին:

Երևի մեզ հաջողվեց նրանց հասցնել այն միտքը, որ պետք է շատ լուրջ մտածել այս քայլին գնալուց առաջ, որովհետև սա միանշանակ լուծում չէր: Այս սահմանափակումն ազդելու է ոլորտում շրջանառության վրա, վնասելու է այն, դրա համար մենք կրկին կոչ ենք անում տասն անգամ մտածել, նոր նման որոշումներ ընդունել:

Իսկ դուք որևէ առաջարկ ներկայացրե՞լ եք նախարարությանը կամ կառավարությանը:

– Մենք առաջարկ չենք ներկայացրել, մենք ասում ենք՝ մինչև հարցը մեզ հասցնելը դեռ բազում խնդիրներ կան լուծելու՝ հասարակական տրանսպորտի խնդիրը թող լուծեն, վերահսկողություն իրականացնեն, թող փորձեն ամենախնդրահարույց տեղերում վերահսկողություն սահմանել, որովհետև հանրային սննդի ոլորտը հաստատ այդքան վտանգավոր չէ, ու սպասարկումն իրականացվում է անհրաժեշտ կանոնների պահպանմամբ:

Տեխնիկապես ոլորտը պատրա՞ստ է այդ սահմանափակումը կյանքի կոչելուն, պարո՛ն Բարսեղյան:

– Իհարկե ո՛չ, ոչ մի ձևով մենք պատրաստ չենք, դա ստեղծելու է հավելյալ խնդիրներ ու իրարանցում: Մեզ արդեն մարդիկ զանգում ու հարցնում են, թե ի՞նչ է լինելու ամսի 1-ից, իրենց միջոցառումները կանցկացվե՞ն, թե՞ կհարամեն: Տեսեք՝ ոչ մեկը չի մտածում, թե լավ բան են անում, պայքարում են վիրուսի դեմ, նրանց հետաքրքիր է, որ իրենց միջոցառումը հարամ չանեն, այսինքն՝ այս պայքարի արհեստականությունն ու սխալ լինելը փաստում են հենց սպառողները՝ իրենց հարցերով:

Նախարարությունը պայքարը պետք է այլ դաշտերում արդյունավետ ու համոզիչ իրականացնի, իսկ այսպիսի կտրուկ որոշումներով անհնար է առաջնորդվել ու արդյունք ապահովել: Նրանք, ովքեր պատվաստվելուն ի սկզբանե կողմ են եղել, պատվաստվել են, մնացել են այն մարդիկ, որոնք չեն հավատում այդ ամենին ու չեն էլ պատվաստվի, հետևաբար ուրիշ մեթոդ պետք է մշակեն: Սա չաշխատող ու պատվաստումը չխթանող մեթոդ է լինելու:

Փաստորեն, անորոշ վիճա՞կ է ձեզ մոտ, չգիտեք, թե ամսի 1-ից ինչպես եք աշխատելու, այո՞:

– Մեզ մոտ և՛ անորոշ վիճակ է, և՛ մենք շատ հանգիստ ենք, որովհետև գիտենք, որ այդ որոշումը հնարավոր չի լինելու կյանքի կոչել, որովհետև այն ժամանակավրեպ է, ու ևս մեկ անգամ կոչ ենք անում առողջապահության նախարարությանը՝ ինչ-որ քայլի գնալուց առաջ մտածել՝ արդյոք այդ քայլերը ավելի շատ չե՞ն վնասելու՝ օգուտ տալու փոխարեն: Շատ պարզ է, որ առողջապահական էֆեկտ հանրային սննդի վայրերում անհնար է ստանալ:

 – Այնուամենայնիվ, եթե ամսի 1-ից այդ սահմանափակումը գործի, ինչպե՞ս եք աշխատելու:

– Ես չգիտեմ՝ ինչպե՞ս ենք ստուգելու այդ կանաչ անձնագիրը, ոչինչ չկա, դրա համար էլ այս հարցը թողնեմ առանց մեկնաբանության, իրենց արած հերթական չմտածված ու անմիտ քայլն է:

Տարին եթե ամփոփենք, պարո՛ն Բարսեղյան, ապա ոլորտի համար ինչպիսի՞ տարի էր:

– Շատ ծանր տարի էր. 200-ից ավելի ռեստորան է փակվել, միայն վերջին եռամսյակում՝ 30-ից ավելի: 2019 թվականի համեմատ շրջանառությունը 35%-ով նվազել է, ինչը զգալի հարված է մեր ոլորտին: Պարենային ապրանքների իրական գնաճն է բարձր, քանի որ մենք ամեն օր մոնիթորինգ ենք անում, վստահաբար ասում եմ, որ 20-25% գնաճ կա հանրապետությունում:

Վիճակագրությունն ինչ ուզում է ասի, մենք ամեն օր աշխատում ենք շուկայի հետ, ու այս տարվա ընթացքում պարենային ապրանքի ոլորտում 20-25% գնաճ կա, սա իրական մոնիթորինգ է բոլոր շուկաներում:

Այսինքն՝ ի հակառակ էկոնոմիկայի նախարարի պնդման՝ բնակչության տնօրինելի եկամուտները 20-25% ինֆլյացիայի չափով նվազել են, պոպուլիստական նկատառումներից ելնելով կարելի է ինչ ասես ասել, բայց իրականությունն այլ է. մեր ոլորտի եկամուտները նվազել են ինֆլյացիայի չափով, ազգաբնակչության բազային ծախսերն աճել են, ու նրանք արդեն ավելի քիչ են ծախսում հանրային սննդի վայրերում, այսինքն՝ սա մի ակնհայտ շղթա է, որը ցույց է տալիս, որ տնտեսությունում կա ճգնաժամ:

Տուրիզմի զարգացման համար էլ ոչ մի քայլ չեն ձեռնարկում, մեր կողքին կա 150 միլիոնանոց ռուսական շուկա, որից մենք շարունակում ենք օգտվել չկարողանալ: Համավարակի պայմաններում էլ մենք, միևնույն է, տարեկան 1-2 միլիոն տուրիստ կարող ենք ներգրավել Ռուսաստանից, բայց դրա համար պայմաններ չենք ստեղծում: Մի քանի քայլ կառավարության կողմից, և մենք կունենանք 1-2 միլիոն տուրիստ, ինչը կփրկի մեր սպասարկման ոլորտն ամբողջությամբ:

Առողջապահության նախարարությունից «Մեդիալաբին» տեղեկացրին, որ օրենքի նախագծի փաթեթը դեռ արդարադատության նախարարությունում է, ու հստակ չէ, թե օրենքը երբ ուժի մեջ կմտնի:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am