«Առեքսիմբանկ»-ի աշխատակիցը սպանել է «չենջ» անողին

Մայիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես Արմավիրի մարզից News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի աշխատակիցները, համատեղ իրականացնելով օպերատիվ տվյալները, «Զվարթնոց» օդանավակայանից սպանություն կատարելու կասկածանքով Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ, 33-ամյա Մարատ Սարգսյանին:

Ոստիկանությունը, օպերատիվ իրավիճակի վերահսկման արդյունքում, պարզել է, որ այսօր Մ.Սարգսյանի և Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 48-ամյա Մայիս Խաչիկյանի միջև տարադրամի փոխանակման հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մ.Սարգսյանը սպանել է Մ.Խաչիկյանին, որից հետո իր անձնական օգտագործման մեքենայով սպանվածի մարմինը տեղափոխել է անհայտ ուղղությամբ, իսկ ինքը՝ դիմել փախուստի: Գ.Շամշյանը հայտնել է, որ էջմիածինցիներն իրեն պատմել են, որ Մ.Խաչիկյանը զբաղվում էր տարադրամի փոխանակմամբ, իսկ սպանություն կատարողը աշխատում է «Առեքսիմբանկի» Էջմիածնի մասնաճյուղում՝ որպես վարկային բաժնի առաջատար մասնագետ: Ոստիկանության կողմից ստեցծվել են օպերատիվ-քննչական մի քանի խմբեր, որոնք առանձին-առանձին ղեկավարում են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Արմավիրի մարզավին վարչության պետ Արամ Զաքարյանը, Վաղարշապատի ոստիկանության պետ Գևորգ Խաչատրյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Գոռ Ավանեսյանը: Արդեն հայտնաբերվել է հանցագործություն կատարողի՝ «Նիսան» մակնիշի 30 ԼՏ 778 համարանիշի ավտոմեքենան Վաղարշապատից դեպի Քյոբանքարա գյուղ տանող գերեզմաններում, իսկ ավտոմեքենայից մոտ 5 կմ հեռավորության վրա՝ անջուր ջրանցքի մեջ հայտնաբերվել է սպանվածի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածի մարմնի վրա կան դանակի մի քանի հարվածների հետքեր: Գ.Շամշյանը հայտնել է, որ այս պահին սպանություն կատարած՝ բանկի աշխատակիցը քննչական խմբին մատնացույց է արել այն վայրը, որտեղ հանցագործությունը կատարելուց հետ ավազի մեջ նա շպրտել էր դանակը: Այդ հատվածը Մաշտոցի փողոցի առաջին փակուղու 2-րդ տան մոտ նա ավազի միջից հանեց և քննչական մարմնին ներկայացրեց սպանության գործիք դանակը: Գ.Շամշյանը հայտնել է, որ իր տեղեկություններով, նա արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 104 հոդված 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

© Medialab.am