«Հասկանալի չէ, թե ի՛նչ է փոխվել, որ Ադրբեջանը, ավելի քան 80 օր բլոկադայի մեջ պահելով Արցախը, վերսկսեց բանակցությունները». Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ կայացած Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հանդիպման քննարկման թեման կողմերը տարբեր կերպ մեկնաբանեցին։ 

Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը այդ հանդիպման մանրամասներին տիրապետո՞ւմ են, թե՞ գիտեն այնքանով, որքանով պաշտոնական հայտարարությունից ենք տեղեկանում։ Ադրբեջանական կողմն ինչո՞ւ է փոխում քննարկման թեմայի բովանդակությունը:

– Պաշտոնական Արցախը բանակցում է և համառորեն փորձում է ցույց տալ, որ բանակցությունների սեղանի շուրջ քննարկվում են միայն տեխնիկական, հումանիտար և ենթակառուցվածքային խնդիրներ։ Ըստ Արցախի ԱԳՆ հայտարարության՝ նման հանդիպումներ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, բազմիցս տեղի են ունեցել տեխնիկական, հումանիտար և ենթակառուցվածքային հարցերի քննարկման նպատակով։ 

Միայն հասկանալի չէ, թե ի՛նչ է փոխվել, որ Ադրբեջանը, ավելի քան 80 օր շրջափակման մեջ պահելով Արցախը, վերսկսել է բանակցությունները: Այս մասին է, որ լռում են Արցախի իշխանությունները: Իսկ որ ադրբեջանական կողմը փոխելու է այս հանդիպումների իրական բնույթը և փորձելու է ներկայացնել որպես ինտեգրացիայի սկիզբ, պարզից էլ պարզ էր։

– Այսինքն՝ մտավախություն ունեք, որ Ադրբեջանն ինչ-որ զիջման դիմա՞ց է համաձայնել երկխոսել, գուցե հենց Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությու՞նն էր այդ գինը։ 

– Այո՛, ամեն ինչ հնարավոր է, բայց իշխանությունները բացատրություն չեն տալիս։

– Արցախի իշխանությունները կկարողանա՞ն միջազգային հանրությանը ցույց տալ, թե իրականում ինչ հանդիպումներ են դրանք։ Եթե Ադրբեջանին հաջողվի դա ներկայացնել որպես քաղաքական երկխոսություն, ի՞նչ կնշանակի դա։

– Շատ լավ գիտեք, որ այդ առումով Արցախի Հանրապետությունն այդքան մեծ հնարավորություններ ու լծակներ չունի, այդ հարցում պետք է նաև Հայաստանի իշխանությունն իր դերն ունենա։ Բայց քանի դեռ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանության գործում ուղղակի կամ անուղղակի հետնահանջ է գրանցվում, քանի դեռ Հայաստանի իշխանությունները, խոսելով «Բաքու-Ստեփանակերտ երկխոսության» մասին, խուսափում են Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններին մասնակցելուց, որևէ դրական սպասում չի կարող լինել: 

Ասվածիս վառ ապացույցն է երեկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որը կրկին հաստատեց այն համոզմունքը, որ Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը 2018 թվականին եկել էին Արցախը հանձնելու և այդ գործընթացը հաջողությամբ կատարում են:

Այս հայտարարությամբ հօդս են ցնդում Փաշինյանի այն բոլոր մտքերը, թե միջազգային հանրությունը ստիպում է իրեն Արցախի հարցում նշաձողն իջեցնել: 

Հրատապ անհրաժեշտություն է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները վերանայեն իրենց վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ, քանզի նրանք Արցախի անկախության գործընթացի փոխարեն առաջ են մղում նրա հանձնման գաղափարը: Սա ոչ այլ ինչ է, քան Արցախի իշխանությունների հայտարարած կարմիր գծի հատում, և իրենք պետք է ցույց տան, թե ինչ են անելու, երբ հատվում է իրենց իսկ նշած կարմիր գիծը:

– Պարո՛ն Հակոբյան, հիմա էլ խոսվում է միջանցքում ինչ-որ ռենտգեն սարքերի տեղակայման մասին։ Այս մասով ի՞նչ տեղեկությունների եք դուք տիրապետում։ Եթե Ադրբեջանը որևէ կերպ իր ներկայությունը չապահովի Լաչինի միջանցքում, կհամաձայնի՞ ի վերջո բացել այն։

– Ցավոք, ո՛չ սկսված բանակցությունների, ո՛չ միջանցքում ինչ-որ ռենտգեն սարքերի տեղակայման, ո՛չ միջանցքի բացման մասին որևէ պաշտոնական բացատրություն խորհրդարանական երեք ընդդիմադիր քաղաքական ուժերին չի տրվել։ Այս առումով դժվար է ասել, թե երբ ու ինչ պայմաններում կբացվի միջանցքն ի վերջո։

– Ներքաղաքական ի՞նչ վիճակ է Արցախում, եթե նկատի ունենանք վերջին զարգացումները, որոնք տեղի ունեցան։ 

– Արցախում խառը և վտանգավոր ժամանակներ են: Աշխարհաքաղաքական արագ փոփոխվող և ոչ նպաստավոր միջավայրում ստիպված եմ արձանագրել ՀՀ իշխանությունների ուղղակի կամ անուղղակի դերակատարությունը ներքաղաքական ու համահայկական միասնությունը տրոհելու և պայքարի ոգին կոտրելու գործում, որին, ցավոք, ենթարկվում են Արցախի Հանրապետության իշխանությունները: 

Փաստ է, որ 80 և ավելի օրեր Արցախի ժողովուրդը գիտակցված ու համբերատար դիմակայում է շրջափակմանը: Սակայն վերջին օրերի իրադարձությունները, մասնավորապես, Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը, ավելի են արմատավորում տագնապի, անկայունության, նորանոր սպառնալիքների ու մարտահրավերների սպասման, անորոշությունների մթնոլորտը։ 

Ցավոք, գործող իշխանությունները փորձում են այս ամենը չնկատելու տալ: Այս իրավիճակում, կարծում եմ, պահանջված և սպասելի էր Ազգային ժողովում ներկայացված երեք ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ Արցախի կառույցի, «Արդարություն» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների ստորագրած հուշագիրը՝ միջկուսակցական համակարգող մարմին ստեղծելու մասին։

– Մարմնի գործառույթներն ու նպատակը որո՞նք են լինելու։

– Այս մարմինը ձգտելու է հանրային-քաղաքական տեսակետների և նոր գաղափարների համադրման կամ փոխանակման հարթակ դառնալ: Պայքարը շարունակելու համար հասարակությանը պետք է ներկայացնել այլընտրանքային ծրագրեր և մեխանիզմներ: Ոչ ոք իրավունք չունի շեղվելու պայքարի ճանապարհից: Այս տրամաբանությանը հակառակ զարգացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը մնալու է օրվա իշխանությունների վրա:

– Պարո՛ն Հակոբյան, ճի՞շտ եմ հասկանում, որ լծվել եք այլընտրանքային ծրագրերի մշակման, որպեսզի կարողանաք մարդկանց համախմբել ու պայքարել հանուն Արցախի իրավունքների ու գործող իշխանությունների դեմ։

– Այո՛, ճիշտ եք հասկացել, բայց գործող իշխանության դեմ կպայքարենք, եթե շեղվեն պայքարի ուղուց։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am