Մենք ջհանդամի գյոռն ուղարկելու երկիր ունե՞նք

Մհեր Արշակյան

Մենք ոնց որ թե լավ չենք հասկանում՝ ինչ է նշանակում Թուրքիայի հետ հարաբերություններ: Կարելի է հարաբերվել, օրինակ՝ սեղմված ատամներով: Նրանք զավթե՞լ են պապիդ հողը, շատ լավ, հիշի՛ր այդ մասին, ոչ թե ատամ սրիր: 

Հարաբերվելիս թուրքը չգիտի՞, թե ում ձեռքն է սեղմում: Նա չգիտի՞, որ առիթի դեպքում էլի կցեղասպանի: Բայց նա հաճույքով կցեղասպանի միավեկտոր, իսկ ավելի ճիշտ՝ առանց վեկտորի հային, քան՝ նրան, որն իր հետ խոսելու բան ունի: 

Ո՞վ է խոսում թուրքի հետ եղբայրությունից: Խոսքն այստեղ երկու պետությունների հարաբերվելու մասին է:

Պետությունների, ընկերնե՛ր:

Ոչ թե ժողովուրդների: Ժողովուրդները դեռ կսպասեն: Թշնամությունը ոչ ոք նրանց ձեռքից չի վերցնի: Բայց թշնամությունը չպետք է լինի տեսլականը, այլ հարաբերությունը, նույնիսկ՝ սառը, բայց հարաբերությունը:

Թող այդ պետությունների ժողովուրդներն իրար մորթեն, աչքով աչք չունենան, թող իրար տեսնելիս աշխարհի բոլոր անեծքները թափեն իրար վրա, բայց պետությունները պետք է հարաբերվեն, պետությունները միայն ժողովուրդները չեն, այլ քաղաքական հնարավորությունները, որոնք ժողովուրդներին գուցե հասու չեն:

Ո՛չ Նիկոլը կարող է Էրդողանին սրի քաշել, ո՛չ էլ Էրդողանը՝ Նիկոլին: Նրանք կարող են նստել, խոսել:

Ու դա Հայաստանին ավելի պետք է, եթե, իհարկե, մեզ պետք է Հայաստանը: Կարող ենք հարաբերության ամբողջ ընթացքում փայտը ձեռքներիցս չգցել, բայց խոսել պետք է: Այս Թուրքիայի հետ խոսելն ավելի դժվար է, քան ուրիշ Թուրքիաների, բայց հենց դա էլ անխուսափելի է դարձնում խոսելու փորձը:

Այնպես չէ, որ թուրքը նստած սպասում է, թե ե՛րբ են հայերն իր հետ խոսելու: Ավելի ճիշտ հակառակը՝ նա սպասում է, թե ե՛րբ է հարմար առիթ լինելու հայերի հետ ուրիշ լեզվով խոսելու, որպեսզի մեր իզութոզը կորցնեն:

Բայց խոսել պետք է, որովհետև խոսելով ավելի հեշտ է մտածել սեփական շարունակության մասին, քան՝ չխոսելով: 

Կարող եք հավերժորեն ատել իրար ու տեսնելիս մորթոտել, եթե դա այն ամբողջն է, ինչ անցնում է ձեր ու թուրքերի մտքով: Եվ, ընդհանրապես, մի՛ ասեք, թե թուրքը մնում է թուրք: Ես այնպիսի հայերի գիտեմ, որոնք պակաս թուրք չեն:

Դուք էլ գիտեք:

Գուցե թուրքերը չգիտեն:

Ինչո՞ւ եք նրանցից ավելի բարդութավորված քայլ գցում այս աշխարհում: Ինչո՞ւ էինք կարծում, որ չպետք է պարտվենք թուրքին: Ինչո՞ւ չլինեինք հայ ու բանը չհասցնեինք պատերազմին:

Լինելու էր, չէ՞, դա մի օր:

Պետական այրերից ո՞վ աշխատեց էդ ուղղությամբ: Այսօր ինչի՞ հույս ունենք՝ մի օր Թուրքիային երկրի երեսից վերացնելո՞ւ: Լավ, համարենք, թե չկա մի թուրք, որ չի երազում խմել հայի արյունը:

Բայց, ընկերնե՛ր, ո՞վ է խոսում հայի մասին: Մենք խոսում ենք Հայաստանի մասին, մենք խոսում ենք այն մասին, որ եթե երկրորդ Հայաստանի շանս չկա, պետք է մտածես թուրքի հետ հարաբերվելու մասին՝ ուզում է նա, թե՝ ոչ: 

Թուրքիայի հետ թշնամությունը անիրագործելի է առողջ գլուխների գոյության դաշտում, պետք է թռցնել այդ գլուխները, պետք է նրանց հայտարարել օրենքից դուրս, որպեսզի Հայաստանն անշեղորեն ոչնչացնելիս ներսից ախ քաշող չլինի:

Որովհետև ո՞վ է ասում՝ սիրաշահեք թուրքին: Դուք լսո՞ւմ եք այդ հարաբերությունների կողմնակիցներին: Նրանք ասում են՝ եկեք ֆիքսենք, թուրքը մեր լավը չի՞ ուզում, լավ, թող չուզի:

Բայց ինքը ո՞ւմ լավը չի ուզում՝ նրա, ում կողմից վտանգ է զգում: Ընդ որում, ո՞ւմ կողմից՝ նրա, ով ատամներ անգամ չունի: Մենք այսօր ատամ չունենք: 

Թուրքն այսօր ոչ թե մեր լավը չի ուզում, այլ ծիծաղից փորն է բռնել՝ ովքե՞ր են հոխորտացողները: Մեր ողբերգությունը թուրքը չէ, այլ՝ մենք, որ հային Հայաստանից չենք տարբերում:

Առողջ գլուխներն ասում են՝ Հայաստանը ձեր անձնական վրեժը չէ, Հայաստանը երկիրն է այն հայի, որ վաղն է գալու, Հայաստանը ձեր վրեժի Շագրենի կաշին է եղել մինչև այսօր, իսկ հիմա չի ուզում վրեժով լինել ՄԱԿ-ի պետություններից մեկը, որովհետև շուտով ՄԱԿ-ն անձամբ կծափահարի Հայաստանի կործանումը, եթե հայ-թուրքական հարաբերությունների կարևորման փոխարեն հայաստանցին ուզում է կղզի մնալ, ասենք՝ ռուսների քավորությամբ:

ՄԱԿ-ը չի հասկանա, ոչ մեկն այնտեղ ոչ մեկին չի կարողանա բացատրել, թե ինչո՞ւ էին հնարավոր ռուս-թուրքական հարաբերություններ, իսկ հայ-թուրքական հարաբերություններ հնարավոր չէին, հայերն ինչո՞վ էին մտածում 21-րդ դարում, ինչո՞ւ է մի ամբողջ ժողովուրդ ազգային զգացումները գերադասում պետականաշինությունից, որը ենթադրում է հարաբերություններ նույնիսկ Սատանայի հետ:

Ցո՛ւյց տվեք այն հային, որը սա կբացատրի: Ընկերնե՛ր, դուք թշնամի եք ձեր անունից, բայց վճարողը Հայաստանն է: Մենք ջհանդամի գյոռն ուղարկելու երկիր ունե՞նք:

Մհեր Արշակյան

MediaLab.am