Հայաստանը կհյուրընկալի «Agora Yerevan 2020»-ը

Հայաստանը կհյուրընկալի «Agora Yerevan 2020»-ը
Հայաստանը կհյուրընկալի «Agora Yerevan 2020»-ը

Եվրոպական հայտնի և խոշորագույն երիտասարդական կազմակերպություններից մեկի` AEGEE-Եվրոպայի (Եվրոպական Ուսանողների Ֆորում) գլխավոր ասամբլեան առաջին անգամ կհյուրընկալի Հայաստանը: Եվրոպական շուրջ 40 երկրներից Երևան են ժամանելու 500-ից ավել երիտասարդ առաջնորդներ՝ մասնակցելու «Agora Yerevan 2020» կոնգրեսին: Սա երիտասարդական քաղաքականության ոլորտի եվրոպական մեծ համաժողով է, որի աշխատանքներին կներգրավվեն վերոնշյալ ոլորտի ճանաչված փորձագետներ Հայաստանից և արտերկրից: Կոնգրեսը տեղի կունենա Երևանում՝ 2020 թ. մայիսի 6-ից 10-ը:

AEGEE/Եվրոպական Ուսանողների Ֆորում կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ՝ հայկական կողմի առաջարկով, կկազմակերպվի նաև բարձր մակարդակի թեմատիկ խորհրդաժողով, որը նվիրված կլինի թվայնացմանն (digitalization) ու արդյունավետ կառավարմանը և երիտասարդության շրջանում նորարարական «այթի» (IT) գործիքների կիրառմանը:

Խորհրդաժողովը կկրի «Որոշողը Դու ես» խորագիրը (You Decide), իսկ Կոնգրեսի նման ձևաչափը հայ երիտասարդներին կծանոթացնի IT տեխնոլոգիաների և քաղաքականության համադրության հնարավորություններին: Այս միջոցառումը Հայաստանի «այթի» ներուժը  ցուցադրելու և երիտասարդական քաղաքականության ոլորտում նոր ներդրումներ ներգրավելու հնարավորություն կլինի, ինչպես նաև այն կնպաստի եվրոպացի երիտասարդների մոտ Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանը: Կոնգրեսի ընթացքում քննարկվող թեմաները և ընդունված վերջնական հռչակագիրը նոր սկիզբ կդնեն Հայաստանի և եվրոպական այլ երկրներում հանրային կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը:  

Այս մասին հայտնում են «Agora Yerevan 2020»-ի գլխավոր կազմակերպիչներ Կալիպսո Բզնունին և Իզաբելլա Խանզրատյանը՝ նշելով, որ այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Հայաստանում «այթի» (IT) ոլորտի հանդեպ մեծ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև՝ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները, որոնք նպաստում են քաղաքացիական հասարակության և Կառավարության միջև համագործակցության ամրապնդմանը:

Կազմակերպիչները նաև նշում են, որ Երևանն ընտրվել է որպես կոնգրեսը հյուրընկալող քաղաք՝ թեժ մրցակցության արդյունքում և ձայների մեծ տարբերությամբ առաջ է անցել Մոսկվայից, Բուդապեշտից և Անկարայից: 

Այս մասին տեղեկացնում է AEGEE/Եվրոպական Ուսանողների Ֆորում կազմակերպության հաղորդագրությունը։