«Երևանում քավության նոխազներ որոնելու փոխարեն բանակը դիմում է համապատասխան գործողությունների». Ի պատասխան «Մեդիալաբի» հրապարակման

«Երևանում քավության նոխազներ որոնելու փոխարեն բանակը դիմում է համապատասխան գործողությունների». Ի պատասխան «Մեդիալաբի» հրապարակման
«Երևանում քավության նոխազներ որոնելու փոխարեն բանակը դիմում է համապատասխան գործողությունների». Ի պատասխան «Մեդիալաբի» հրապարակման

«Մեդիալաբի»` «Գեներալների մեքենաների փոխարեն՝ ապաստարաններ. Արա Պապյանը սահմանային անվտանգության նոր լուծումներ է առաջարկում» հոդվածին արձագանքել է Գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Դիտարկումներն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

ՑԱՎԱԼԻ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

(Մի հրապարակման առթիվ) 

Medialab.am էլեկտրոնային կայքում հուլիսի 28-ին Էմմա Քալաշյանի հեղինակած «Գեներալների մեքենաների փոխարեն՝ ապաստարաններ. Արա Պապյանը սահմանային անվտանգության նոր լուծումներ է առաջարկում» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հարկ եմ համարում ներկայացնել հետևյալ դիտարկումները.

Առաջին. թեև հայկական ուժերի պատասխան գործողություններին, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ՀՀ Տավուշի մարզի սահմաններում հակառակորդի չդադարող գնդակոծություններն ու ոտնձգությունները բոլորիս մտահոգությունն են և կարիք չկա այն դարձնել մակերեսային հարցազրույցի առարկա, քանի որ կատարվողի պատճառները, ցավոք, ավելի խորն ու լուրջ են, քան այս հրապարակումը:

Երկրորդ. չի կարելի բանակի հրամանատարությունից, բարձրագույն սպայական կազմից ժողովրդի թշնամու կերպար ստեղծել: Ժամանակին Իոսիֆ Ստալինը նման բան արեց, որի գինը սակայն, 1941-1945 թվականներին ողջ ժողովուրդը, ըստ պաշտոնական տվյալների, 28 միլիոն մարդու կյանքով վճարեց, քանի որ գերմանական զորքերին ընդամենը մի քանի ամիս պետք եղավ Խորհրդային Միության մայրաքաղաքի մատույցներին հասնելու համար:

Երրորդ. պատերազմի սկզբից ի վեր պարզ էր, որ հակառակորդը միշտ էլ դիմելու է ամենատարբեր ոտնձգությունների և դեռ շատ երկար ժամանակ բոլորիս գերխնդիրը մնալու է սահմանների պաշտպանության ամրապնդումը: Դրա համար էլ, բանակի հրամանատարությունն ու սահմանամերձ գյուղերի բնակիչները երբեք հանդես չեն գալիս դեմագոգիկ ու ամբոխահաճո հայտարարություններով: Իսկ իրավիճակի սրման դեպքում իրական մեղավորին` Ադրբեջանի իշխանություններին թողած, Երևանում քավության նոխազներ որոնելու փոխարեն բանակը դիմում է համապատասխան գործողությունների, սահմանամերձ գյուղերի բնակչությունն էլ պահպանում է հանգստությունը, և ոչ թե երկրով մեկ խուճապ է տարածում: Դրանում է զինվորականի ու շփման գծի անմիջական հարևանությամբ ապրող գյուղացու և երևանաբնակ գործիչների ու վերլուծաբանների շատ մեծ տարբերությունը:

Չորրորդ. լինելով գեներալ, իրապես ցավ եմ ապրում, երբ պատերազմում հաղթել և հաղթանակն էլ պաշտպանել կարողանալու համար շնորհված զինվորական բարձրագույն կոչման` թափած արյան, նվիրումի ու վաստակի խորհրդանիշի նկատմամբ նման անլուրջ ու քամահրական վերաբերմունք է սերմանվում: Եվ այն էլ ո՞ւմ, «Մոդուս Վիվենդի» վերլուծական  կենտրոնի ղեկավար պարոն Արա Պապյանի կողմից, ում, կարծում եմ, միայն ես չէ, որ խորապես հարգում եմ, իսկ վերլուծությունները` հետաքրքրությամբ ընթերցում: Շատ կցանկանայի, որ հարցազրույցի այդ հատվածը լրագրողի սխալ հասկանալու կամ անփութության հետևանք լիներ: Այլապես, ստացվում է, որ սահմանամերձ գյուղերի պաշտպանությունը միտումնավոր խաթարվում է այդ պաշտպանությունը ղեկավարող գեներալների պատճառով:

Գեներալները, ինչպես և մյուս զինվորականները, ղեկավարում են իրենց վստահված ոլորտները, ստանում են պետության սահմանած աշխատավարձը և վերջ: Աշխատավարձի չափը լրագրողները հեշտությամբ կարող են ճշտել, բայց այդ դեպքում «գեներալական սպասարկման» մասին բավական առասպելներ կքողազերծվեն:

Նաև կարող են ճշտել, որ շատ քիչ գեներալներ քարտուղարուհի ունեն, որովհետև նման հաստիք նախատեսվում է ոչ թե զինվորական կոչման, այլ շատ քիչ թվով պաշտոնների համար: Մեզ ոչ ոք չի սպասարկում, և բնականաբար, «սպասարկման» համար միջոցներ չեն հատկացվում: Առավել ևս` այնպիսի միջոցներ, որով հնարավոր լիներ դպրոց, հիվանդանոց, ճանապարհ կամ այժմյան զինատեսակների հարվածներին դիմացող ռմբապաստարան կառուցել:

Հինգերորդ. ինչ վերաբերվում է «Գեներալներին պատկանող մեկ շքեղ ավտոմեքենայի վաճառքից կարելի է այդ խնդիրը լուծել» արտահայտությանը, ասեմ, որ բանակի հրամանատարական կազմին հատկացվող ծառայողական ավտոմեքենաները ոչ թե շքեղ ու թանկարժեք, այլ ընդամենը ամենագնաց մեքենաներ են, որոնք ձյան, ցեխի կամ ճանապարհազրկության պայմաններում կարող են մարտական հենակետեր բարձրանալ: Այսինքն` ունեն բարձր անցունակություն, ինչը զինվորական մեքենայի համար պարտադիր պայման է: Սահմանամերձ գյուղերում դա գիտեն, մնում է` Երևանում էլ իմանան ու հասկանան:

Հարգանքով`

ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

© Medialab.am