Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսի ախորոշման երրորդ թեստի պատասխանը ևս բացասական է եղել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի ախտորոշման երրորդ թեստն է հանձնել, դրա պատասխանը ևս բացասական է եղել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում՝ անդրադառնալով այն տեսանյութին, որում հեռուստաուղերձից առաջ նկարված տեխնիկական կադրերը մոնտաժվել և տարածվել էին համացանցում: Նախ վարչապետը նշեց, որ այդ տեսանյութի վերաբերյալ որոշ ռեակցիաներ իրեն զարմացրել են:

«Սովետական միության ժամանակ ընկալում կար չէ՞, որ երեխաները մտածում էին, թե դասատուները հաց չեն ուտում, զուգարան չեն գնում և այդպես շարունակ: Եվ որոշ ռեակցիաներ այդպիսի տպավորություն են թողնում: Շատ վատ երևույթ է տեղի ունեցել: Բայց այդ վատ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե այն ամենի մասին, ինչ երևում է կադրում: Կադրում ի՞նչ է երևում, կադրում երևում է սովորական աշխատանքային մի իրավիճակ, երբ խնդիր կա կարգաբերել սուֆլյորի արագությունը, որպեսզի իմ գրած տեքստը կարողանամ ճիշտ կարդալ»,-ասաց Փաշինյանը: