Եվրոպացի խորհրդարանականները դատապարտել են Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորին մանդատից զրկելու որոշումը

Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նանչո Սանչես Ամորը և ԵՄ-Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին խստորեն դատապարտել են երկրում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուին պատգամավորական մանդատից զրկելու որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Demokrathaber.net-ը:

«Սոցիալական մեդիայում արված հրապարակման պատճառով դատապարտելը, մանդատից զրկվելը և բանտարկելը մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է և հերթական քայլը՝ ուղղված Թուրքիայի խորհրդարանական ժողովրդավարության հանդեպ եղած վստահությունը թուլացնելուն»,- հայտարարել են նրանք:

Նանչո Սանչես Ամորը և Սերգեյ Լագոդինսկին հայտարարել են, որ սա միևնույն ժամանակ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության քաղաքական գործունեությունը սահմանափակելու փորձ է:

Դատարանը Քրդական բանվորական կուսակցության (PKK) օգտին քարոզչություն իրականացնելու մեղադրանքով հարուցված քրեական գործով Գերգերլիօղլուին մեղավոր է ճանաչել: Որոշման հրապարակումից հետո Գերգերլիօղլուն զրկվել է մանդատից:

Նախատեսվում է, որ արդեն նախկին պատգամավորը կբանտարկվի 2 տարի 6 ամիս ժամկետով: