Հայտնի են Հաագայի դատարանում գերիների վերադարձի և Ադրբեջանի դեմ այլ հրատապ միջոցներ կիրառելու պահանջի քննության օրերը

Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի հարցով լսումները ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում տեղի կունենան հոկտեմբերի 14-15-ին. Հայաստանը խնդրում է դատարանին Ադրբեջանի դեմ կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը, ռազմավարի պուրակի փակումը:

Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գանգատի, այդ թվում՝ հրատապ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է հայտնել ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով այս գործով ՄԱԿ-ի դատարանում ներկայացնելու է Հայաստանի շահերը:

«Հայաստանի կողմից առաջին անգամ է հայցադիմում ներկայացվում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան: Կարծում եմ՝ սա Հայաստանի կողմից կատարված աննախադեպ քայլ է»,-ասաց Կիրակոսյանը:

Կիրակոսյանը շեշտեց՝ հայցադիմումում ներկայացված ապացույցները, փաստարկները, պնդումները և պահանջները շատ լայնածավալ են և վերաբերում են կոնվենցիայի կոպտագույն խախտումների, որոնց ականատես ենք առ այսօր՝ նույնիսկ հայցը ներկայացնելուց հետո: «Այդ նպատակով էլ Հայաստանը, բացի հիմնական հայցից, նաև ներկայացրել է պահանջ՝ կիրառելու հրատապ կամ պայմանական միջոցներ: Դրա վերաբերյալ լսումները նախատեսված են հոկտեմբերի 14-ին և 15-ին, որին մասնակցելու համար կազմավորել է խումբ, որում ներառված են նաև միջազգային հայտնի փորձագետներ, որոնք օգնելու են ներկայացնել Հայաստանի շահերը»,-ասաց Կիրակոսյանը:

Հրատապ միջոցի քննության փուլին հաջորդելու է բուն հայցի քննության փուլը: Բուն գործի քննությունը կտևի տարիներ: Սակայն ակնկալվում է, որ հրատապ միջոցներ կիրառելու հարցով դատարանը որոշում կկայացնի 1-1.5 ամսում:

«Կարծում եմ՝ ապացույցները, որ ներկայացվել են շատ համոզիչ են, իրավական փաստարկները նույնպես: Եթե նմանատիպ հիմնավորվածություն չլիներ, կարծում եմ, Հայաստանը  չէր ներկայացնի գանգատ»,-վստահեցրեց Կիրակոսյանը:

«Միայն այն հանգամանքը, որ մենք արդեն ունենք միջազգային իրավական պրոցես ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, որտեղ Հայաստանը շատ հստակ ներկայացնում է իր պահանջներն ու իրավական հիմնավորումները, կարծում եմ, ինքնին ունենալու է բավականին էական ազդեցություն՝  միջազգային հանրային կարծիքի ձևավորման, ճիշտ միջազգային հանրային մթնոլորտի վրա»,-ասաց նա: