Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ նախազգուշացում է տարածել ԱՄՆ քաղաքացիների համար ՌԴ Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր բռնկման վերաբերյալ.
«Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացված է Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի ենթադրյալ դեպքի մասին լրատվամիջոցների հաղորդումներից, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Հաղորդվում է նաև Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտինային միջոցառումների և որոշ բուժհաստատությունների փակման մասին։
Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին։
ԱՄՆ կառավարության՝ Ռուսաստանում իր քաղաքացիներին օգնություն տրամադրելու հնարավորությունները սահմանափակ են, հատկապես Մոսկվայից դուրս։ Առողջապահական և անվտանգության նկատառումներով ԱՄՆ կառավարության աշխատակիցների անձնական և ծառայողական ուղևորությունները Ռուսաստանի որոշ շրջաններ կարող են ենթարկվել լրացուցիչ սահմանափակումների։
Անհրաժեշտ գործողություններ
- Տարածաշրջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է հետևեն տեղական առողջապահական մարմինների ցուցումներին, խուսափեն վարակի հնարավոր տարածման հետ կապված բուժհաստատություններից և ջերմության կամ շնչառական ախտանշանների առաջացման դեպքում անհապաղ դիմեն բժշկական օգնության։
- Ռուսաստանի վերաբերյալ առողջապահական տեղեկություններին ծանոթանալու համար այցելել ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC)՝ ճանապարհորդների առողջությանը նվիրված էջ։
- Վարակի բռնկում արձանագրված տարածք այցելելուց հետո 14 օր հետևել սեփական առողջական վիճակին։
- Ծանոթանալ ԱՄՆ դեսպանատան՝ Ռուսաստանի վերաբերյալ էջում հրապարակված ընդհանուր առողջապահական տեղեկություններին։
- Օգտվել դեսպանատան հրապարակած բժշկական ծառայություններ մատուցող հաստատությունների ցանկից։
- Ճանապարհորդական ապահովագրություն տրամադրող ընկերության հետ ճշտել արտերկրում հիվանդանալու դեպքում բժշկական տարհանման հնարավորությունները։
- Արտակարգ իրավիճակում երկրից հեռանալու ծրագիր ունենալ՝ առանց ԱՄՆ կառավարության օգնության վրա հույս դնելու։
- Հետևել տեղական լրատվամիջոցների հաղորդումներին և պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում փոխել ծրագրերը։
- Գրանցվել Smart Traveler Enrollment Program (STEP) ծրագրում՝ առողջապահական և անվտանգության վերաբերյալ թարմացումներ ստանալու համար։
Ռուսաստանի վերաբերյալ ճանապարհորդական նախազգուշացում
ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Ռուսաստանի վերաբերյալ ճանապարհորդության վտանգավորության ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի («Մի՛ ճանապարհորդեք») նախազգուշացումը շարունակում է գործել։
Դրա համաձայն՝ Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան երկրից։
Ռուսաստան մեկնել պատրաստվող ԱՄՆ քաղաքացիներին կրկին խստորեն խորհուրդ է տրվում հրաժարվել ուղևորությունից՝ անհիմն ձերբակալման վտանգի և անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով»։



















