«Էդ մարդիկ լավ կյանքից չէ, որ հեռացել են Հայաստանից». ինչո՞ւ են մեղադրում Ռուսաստան արտագաղթած ու այժմ պատերազմի շեմին կանգնած հայերին

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը չի շտապում կանխատեսել, որ ռուս-ուկրաինական «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցելու համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանում մասնակի զորահավաքի հետևանքով հայերի զանգվածային ներհոսք կլինի:

«Երեկ հրաման է եղել, և մեկ օր է անցել, հետևաբար դեռ վաղ է կանխատեսումներ անել: Պետք է սպասել, տեսնել՝ ինչ զարգացումներ կարող են լինել»,- «Մեդիալաբին» ասում է ժողովրդագիրը:

Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Պուտինը ու ստորագրել համապատասխան հրամանագիրը: Նրա հայտարարությունից հետո ռուսաստանյան լրատվամիջոցները սկսեցին մեկը մյուսի հետևից հաղորդել Ռուսաստանի հարակից երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա ավիատոմսերի արագ սպառման ու պահանջարկի աճի հետևանքով դրանց թանկացման մասին:

Ռուսական աղբյուրներում հրապարակվում են սահմանների անցակետերում ավտոմեքենաների երկար հերթերի մասին տեսանյութեր, երբ մարդիկ պատրաստվում են լքել ՌԴ սահմանները: Զորահավաքի մասին հրամանագրի ստորագրումից հետո արդեն սեպտեմբերի 21-ի երեկոյան ՌԴ տարբեր տարածքներում բողոքի ակցիաներ էին ընթանում՝ «Ո՛չ պատերազմին», «Ո՛չ Պուտինին» կարգախոսներով: «Իրական ժամանակի» տվյալներով՝ սեպտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ 38 քաղաքներում 1313 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ:

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում նույնպես կան մտահոգություններ. զորահավաքի մասին Պուտինի հրամանագիրը կարող է առնչվել Ռուսաստան արտագաղթած, տեղի քաղաքացիություն ստացած ու այնտեղ երկար տարիներ գործունեություն իրականացնող հայազգի քաղաքացիներին: Շատերը նույնիսկ քննադատում են Հայաստանից արտագաղթածներին՝ «եթե չհեռանայիք ձեր երկրից, այսօր ստիպված չէիք լինի այլ երկրի դեմ պատերազմի մեջ մտնել»:

Երեկ «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը տարածեց մի փաստաթուղթ, որում նշվում էին զորահավաքի ենթակա հայազգի անձանց անուն, ազգանուններ: «Ինչպես և սպասելի էր` Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքը մեծ մասամբ վերաբերելու էր այլազգիներին, հիմնականում՝ հայերին»,- նշել էր քաղաքական գործիչը:

Ռուբեն Եգանյանը, սակայն, այդ քննադատություններին արձագանքում է այսպես. «Էդ մարդիկ լավ կյանքից չէ, որ հեռացել են Հայաստանից»:

Նրա խոսքով՝ այդ մարդիկ, որոնք այժմ ապրում են Ռուսաստանում, երկար տարիներ առաջ Հայաստանից արտագաղթած հայերն են, որոնք գուցե ապրել են սոցիալական ծանր պայմաններում և համարել են, որ տվյալ պահին ճիշտ է արտագաղթելը:

«Ժամանակները փոխվում են, և ժամանակին նրանց կատարած քայլը կարող է կամ դրական, կամ բացասական նշանակություն ունենալ իրենց վրա: Միգրացիա երևույթը բնական երևույթ է, որը մարդկանց մոտ միշտ կա: Տարբեր իրողություններում այդ երևույթը կարող է ակտիվանալ, կարող է պասիվանալ, հոսքերը կարող են մեծանալ, փոքրանալ: Ինչո՞ւ են այդ մարդիկ գնացել, որովհետև այստեղ ապրելու պայմաններ չեն ունեցել, եղել են վանող գործոններ: Գնացել են ու այնտեղ էլ կայանալու համար ընդունել են քաղաքացիություն»,- ասում է Ռուբեն Եգանյանը:

BBC-ն գրում է, որ ռուսաստանյան օրենսդրության համաձայն՝ զորահավաքի ենթակա են պահեստազորայինները, որոնք չունեն դատվածություն: Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների բնույթը հաշվի առնելով՝ կարելի է վստահ պնդել, որ առաջին հերթին պահանջված կլինեն մարդիկ, որոնք ծառայել են ցամաքային ռազմական ստորաբաժանումներում՝ հրետանավորներ, դիպուկահարներ, հետախույզներ, գնդացրորդներ, կապավորներ, մեխանիկ-վարորդներ և այլն:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am