ՍԴ նախագահը հանդիպել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտի հետ

2021 թվականի հուլիսի 23-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեի հետ:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Սահմանադրական դատարանի մամլո քարտուղար Եվա Թովմասյանը։

Շնորհավորելով գրասենյակի ղեկավարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ Սահմանադրական դատարանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությունը կշարունակի արդյունավետորեն զարգանալ:

Մարտինա Շմիդտն իր հերթին կարևորել է իրավունքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում գործընկերության հետագա ամրապնդումը և նոր համատեղ ծրագրերի իրագործումը: