Իշխանական թևի կողմից ընդգծվում են անհանդուրժողականության մթնոլորտ, հայհոյանք, ոչ վայել կեցվածք․ Տեր Եսայի քահանա Արթենյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Տեր Եսայի քահանա Արթենյանը

– Դուք շատ եք շփվում հանրության հետ, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական ճգնաժամի համատեքստում կուզենայի ներկայացնեիք՝ ի՞նչ տրամադրություններ են մարդկանց մոտ։ 

– Այո՛, տրամադրություններն անկումային են մարդկանց շրջանում։ Ամենաշատ տարածված հարցը, որ մարդիկ իրենք իրենց և մեզ՝ հոգևորականներիս տալիս են, հետևյալն է՝ ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս շարունակել ապրել՝ հաշվի առնելով այն, որ ունենք հազարավոր զոհեր, վիրավոր զինվորներ, որոնք բոլորիս ուշադրության ու հոգածության տակ պետք է լինեն, ունենք անվտանգային հարցեր, որոնք յուրաքանչյուր մտածող մարդու մեջ հարցեր է առաջացնում՝ ի՞նչ է լինելու ապագայում։

Ցավոք սրտի, այսօր մարդիկ հաճախ խոսում են արտագաղթի մասին։ Ինչպե՞ս մենք պետք է վերակազմավորվենք ու ապագայի նկատմամբ հույսով ինչ-որ բան անել ու ինչ-որ բան փոխել մեր երկրում։ 

– Դուք տեսնո՞ւմ եք փոփոխությունների հնարավորություններ։

– Գիտեք՝ ցանկացած իրավիճակում միշտ էլ հնարավորություն կա փոխվելու, միշտ էլ հնարավորություն կա վերակազմավորվելու, ուղղակի այստեղ շատ կարևոր է, որ մենք լինենք համախմբված, և շատ կարևոր է, որ կարողանանք բարոյական նկարագիրը վերաարժևորել։

Մարդիկ պետք է հասկանան, որ բոլորս ապրում ենք նույն հարկի տակ, նույն երկրում, և բոլորիս մտահոգությունն ու անհանգստությունը մեր երկիրը և հայրենիքը էս իրավիճակից դուրս բերելն է, ավելի ապագային մեր քայլերը ուղղելով և ապագայում մեր ընթացքը ավելի հաստատուն ու հաղթանակներով կառուցելուն։ Սրա համար համախմբում է պետք։

– Տեսնո՞ւմ եք համախմբվելու հիմքեր՝ հաշվի առնելով այն, որ ամեն օր բողոքի ակցիաներ են, ցույցեր…

– Ցավոք, այսօր հանրության պառակտվածությունը շատ ընդգծված է երևում, և ամենաանընդունելին այն է, որ մարդիկ բաժանվել են երկու բանակների, ու մեկը մյուսի նկատմամբ ունի անհանդուրժողական մոտեցում։

– Ըստ ձեզ՝ ինչի՞ց է դա առաջացել, իշխանությո՞ւնն է հրահրում, թե՞ ընդդիմության ներկայացուցիչները։ 

– Գիտեք, մանավանդ վերջին օրերի ընթացքին հետևելով՝ կարող եմ ասել, որ ամենաշատը հրահրվում է իշխանության կողմից, թեև ես այս պարագայում ո՛չ մի կողմին եմ պաշտպանում, ո՛չ՝ մյուս կողմին, որքան էլ որ ես ունեմ իմ քաղաքական հայացքներն ու մոտեցումները։

Բայց ամեն դեպքում օբյեկտիվորեն նայելով այսօր իրականությանը՝ ավելի ընդգծվում են իշխանական թևի կողմից այդ անհանդուրժողականության մթնոլորտը և հայհոյանքները, ոչ վայել կեցվածքը մարդկանց նկատմամբ։ Այլակարծությունը միանշանակ մերժելի է։

Եթե որևէ մեկը վարչապետի հասցեին որևէ բան է ասում, դա կատեգորիկ մերժվում է, կատեգորիկ սուր քննադատության է վերածվում։ Օրինակ՝ Վեհափառի վերջին հայտարարությունից հետո շատերը միանգամից քննադատեցին ու կոչեր էին անում, որ Եկեղեցին իր հոգևոր գործերով, իր առաքելությամբ զբաղվի։ 

– Այդ ժամանակ, երբ Կաթողիկոսը միացավ Փաշինյանի հրաժարականի պահանջին, շատերը նաև հայտարարեցին, որ Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ։ 

– Բնականաբար, Վեհափառի հայտարարությունը քաղաքական դիրքորոշում չէր, ուղղակի մտահոգություն էր՝ անել այնպես, որ ինչքան հնարավոր է այդ պառակտվածությունը վերանա մեր հասարակությունից, և մարդիկ օրինականության սահմաններում, հանդուրժողականության մթնոլորտի մեջ փորձեն համախմբվել և միասին այս վիճակից դուրս գալ։

– Վարչապետը երեկ Ազգային ժողովում հայտարարեց, որ չպիտի անի այնպիսի գործողություն, որի արդյունքում ՀՀ քաղաքացին՝ որպես իշխանության միակ տեր, իրեն պարտված զգա։ 

– Ես չեմ լսել նրա խոսքը և տեղյակ չեմ՝ ինչ կոնտեքստում է նա ասել, բայց կարող եմ հստակ մի բան ասել՝ ժողովուրդն իրեն արդեն պարտված է զգում։ Եվ չգիտեմ էլ՝ ինչպես է այդ զգացումը վերացվելու ժողովրդի միջից։

– Իշխանություններն ասում են՝ ժողովուրդն է իրենց ընտրել, ժողովուրդն էլ կարող է իրենց հեռացնել։ Նման հայտարարությունները որքանո՞վ են համարժեք իրավիճակին։

– Կարելի է տեսականորեն հասկանալ, որ ժողովուրդն է ընտրել, ժողովուրդն էլ պետք է նրանց հեռացնի։

Դա բնական է ու շատ նորմալ։ Բայց խնդիրն այն է, որ չպետք է ժողովրդի պահանջը վերածվի ընդհանուր ձևակերպման, և պատասխանատվությունից խուսափելու փորձ արվի։

Նաև այս պարագայում իրավիճակն է թելադրում գնալ գործնական քայլերի, որպեսզի հնարավոր լինի կայունացնել երկրում իրավիճակը։

– Այսինքն՝ վարչապետի հրաժարականը շատ անհրաժե՞շտ եք համարում։

– Ես չասացի, որ հրաժարականը անհրաժեշտ եմ համարում։ Չեմ ուզում էդպիսի հայտարարություն անել։ Ես անհրաժեշտ եմ համարում հնարավորինս շուտ կարգավորել ստեղծված իրավիճակը։

Որը կարող է լինել իշխանությունների հեռացումո՞վ։

– Նաև դա։ Դա տարբերակներից մեկն է։ Գուցե քաղաքական գործիչները ավելի լավ հասկանան։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am