Հայ-վրացական ռազմավարական նոր համաձայնագիրը որակապես փոփոխություն է մեր հարաբերություններում.  Ջոնի Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վրացագետ Ջոնի Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցի մասին եմ ձեր դիտարկումները խնդրում, ստորագրվեց հայ-վրացական ռազմավարական գործընկերության մասին պաշտոնական համաձայնագիր, սա ի՞նչ նոր փոփոխություն է բերելու կողմերի հարաբերություններում։

– Այս փաստաթուղթը որակապես փոփոխություն է մեր հարաբերություններում, առնվազն այսօր քաղաքական իշխանությունները ֆիքսեցին, որ երկու էլիտաները՝ Հայաստանի ու Վրաստանի, տեսնում են հարաբերությունները ռազմավարական դաշտում, ուստի արդեն այս փաստաթղթի ստորագրումից հետո անցնում ենք հաջորդ փուլին, որն էլ այդ հարաբերությունների հիմքը ստեղծելու ու այդ համագործակցությունը ընդլայնելու փուլն է։ Ուստի այսօրվանից, կարելի է ասել, որ մենք այս տարվա ու հետագա տարիների ընթացքում տարբեր ոլորտային համագործակցության, տարբեր նախաձեռնությունների, որոնք հայ-վրացական կլինեն թե ավելի լայն տարածաշրջանային, անելու ենք ամենը, որ տնտեսապես հզորացնենք այդ համագործակցությունը և մեր հարաբերությունների տնտեսական հիմքն ավելի ամրապնդենք ու քաղաքական դաշտից բերենք տնտեսական։ 

Քաղաքական առումով հարաբերությունների այս որակն արդեն ֆիքսել ենք ու տարիների ընթացքում մենք ռազմավարական հարաբերությունների հիմքը ստեղծել ենք, որով թե՛ առևտրաշրջանառությունը կավելանա, թե՛ ներդրումները, թե՛ համատեղ տարբեր ոլորտային էներգետիկ, ենթակառուցվածքային, հաղորդակցային ու այլ ոլորտների համագործակցությունը կավելացնի թե՛ դրանց թիվը ու թե՛ արդյունավետությունը։ 

– Այսինքն՝ սա ենթադրում է միայն տնտեսական զարգացմա՞նը միտված քայլ։

– Քանի որ տարիների ընթացքում մեր հարաբերությունների հիմքը առաջին հերթին հենց տնտեսական համագործակցությունն է եղել, այո՛, կարևոր է, որ մենք ֆիքսենք տնտեսական այն ցուցանիշները, որոնք համապատասխան են հարաբերությունների ռազմավարական բնույթին։ Կարելի է ասել, որ առևտրաշրջանառությունը վերջին մի քանի տարիների ընթացում աճել է, պետք է այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակել, ու հնարավոր է առաջիկա հինգ տարվա ընթացքում կրկնապատկել այդ ցուցանիշը՝ հասցնելով 2 միլիարդի։ Պետք է համատեղ ներդրումներ արվեն, համատեղ նախագծեր հեղինակվեն ու կյանքի կոչվեն, արդեն այսօր կան ստորգետնյա էներգանախագծեր, այլ կապուղիների մասով ևս պետք է աշխատանքներ տարվեն։ Շատ-շատ ոլորտներ կան, որոնք ասում ենք տնտեսական, բայց, դե, որտեղ տնտեսությունն է, այնտեղ քաղաքականությունն է ու հակառակը։ 

– Պարո՛ն Մելիքյան, այս համաձայնագիրը ենթադրո՞ւմ է ռազմական փոխգործակցություն, թե՞ ոչ։

– Չէի ասի, սա դաշնակցային համաձայնագիր չէ, մենք բարեկամ, հարևան երկրներ ենք, որոնց միջև հարաբերությունները այսօր ֆիքսվում են որպես ռազմավարական, բայց սա արտաքին քաղաքականության փոփոխման որևէ նշան չէ, որպեսզի սխալ ընկալում չլինի։ Վրաստանը ձգտում է դեպի եվրատլանտյան կառույցներ, Հայաստանն այսօր լինելով ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում՝ ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, ուստի տարբեր մոտեցումներ ունենք: Դուք նշեցիք ռազմական համագործակցությունը, բայց դա ամենաքիչ զարգացած ոլորտն է կողմերի միջև, միգուցե այս նոր քայլը ինչ-որ նոր լիցք կհաղորդի այդ ուղղությամբ, բայց ես չեմ տեսնում որևէ ռազմաքաղաքական դաշինքի հիմք Հայաստանի ու Վրաստանի միջև՝ առնվազն առկա աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացների ֆոնին։ 

– Իսկ ինչո՞ւ կողմերն այս փուլում որոշեցին գնալ այդ քայլին։

– Երևանի կողմից 2018-ից հետո մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով այդ մասին խոսվել է, Թբիլիսին շատ զուսպ է եղել, ու այնքան էնտուզիազմով չի վերաբերվել այդ գաղափարին: Բայց եղավ Արցախյան երկրորդ պատերազմը, դրանից հետո բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը շարունակելու է իր ռևանշիստական ու դեստրուկտիվ քաղաքականությունը տարածաշրջանում։ 

2021-22 թվականների իրադարձությունները, իմ կարծիքով, Վրաստանի իշխող էլիտայի մեջ որոշ մտահոգություններ են առաջացրել, ու այս քայլն այսօր Թբիլիսիի կողմից նաև տարածաշրջանային բոլոր գործընթացների միտումների արդյունք է նաև ու դրանց ազդեցության արդյունքն է։ Սրանով նրանք բալանսավորում են հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի հետ արդեն ունեին ռազմավարական հարաբերություններ։ Պարզ է, որ Վրաստան-Ադրբեջան հարաբերություններն այսօր նույնը չեն, ինչ Վրաստան-Հայաստան հարաբերությունները, դրա համար էի ես ասում, որ տնտեսական մասով աշխատանք ունենք անելու, որ այդ համաձայնագրի բովանդակությունը իրականության մեջ կիրառվի։ 

– Պարո՛ն Մելիքյան, իսկ հարաբերությունների այս նոր փուլն արդյոք ռիսկայի՞ն է լինելու Ադրբեջանի համար։

– Իմ կարծիքով՝ Ադրբեջանի համար այնքան էլ դրական չպետք է լինի, բայց չէի ասի, որ նրանց համար վտանգ է պարունակում, քանի որ իրենք դեռևս այդքան լուրջ մտահոգվելու առիթ չունեն, բայց միտումն այնպիսին է, որ այս տարածաշրջանում երկու ժողովրդավարությանը ձգտող պետություն հարաբերությունները նոր մակարդակի են բերում ու անելու են առավելագույնը, որ դրանք խորանան։ 

Այսօր տեսնում ենք, որ Ադրբեջանը Արևմուտքի, Եվրախորհրդի հետ բարդ հարաբերությունների մեջ է, ու ինչքան էլ Վրաստանը տարիների ընթացքում հպարտանում էր Ադրբեջանի հետ ունեցած ռազմավարական հարաբերություններով, այսօր այնքան էլ չի գովազդում դրանք։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am