«Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հետընթաց է մարդու իրավունքների տեսանկյունից». իրավապաշտպաններ

«Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հետընթաց  է մարդու իրավունքների տեսանկյունից». իրավապաշտպաններ
«Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հետընթաց է մարդու իրավունքների տեսանկյունից». իրավապաշտպաններ

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը լուրջ հետընթաց է արձանագրում մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերով սահմանված նորմերից և փոփոխություն է բերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նվազեցման առումով. վստահեցնում են իրավապաշտպաններն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:

Փաստաբան Հայկ Ալումյանն ասում է, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների գլուխը պետք է լինի անձեռնմխելի:

«Դա մեկընդմիշտ ամրագրվում է Սահմանադրությամբ և չի կարող փոփոխվել նվազեցման առումով, բայց ընդլայնվել կարող է: Եթե այսօր այդ գլխում կատարվում են փոփոխություններ նվազեցնելու միտումով, ապա արդեն  կոնցեպցիան ու սկզբունքը խախտվում է: Իսկ այսօր այդ գլխի մեջ կան դրույթներ, որոնք գործող Սահմանադրության համեմատ նվազեցնում են մարդու իրավունքներն ու ազատությունները»,-ասում է Ալումյանը:

Նա օրինակ է բերում սեփականության իրավունքը:

«Այսօր գործող Սահմանադրությամբ անձին սեփականության իրավունքից կարող է զրկել միայն դատարանը, իսկ առաջարկվող Սահմանադրության մեջ անձը կարող է զրկվել սեփականությունից առանց դատարանի որոշման և հետագայում միայն հնարավորություն ունենալ դատական կարգով վիճարկել՝ իր սեփականությունը հետ ստանալու համար»,- նշում է Ալումյանը:

Վանաձորի ՀՔԱ-ի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ նախագիծը լուրջ հակասության մեջ է մտնում հենց հայեցակարգի հետ, որը անցած տարի է հրապարկվել և լուրջ հակասության մեջ է մտնում գործող Սահմանադրության հետ:

«Լուրջ մարտահրավեր է այս նախագծում նաև աշխարհիկ պետության խախտման փաստը: Նախագծով առաջարկվում է  Հայ առաքելական եկեղեցու բացառիկ նշանակությունը հայ ժողովրդի հոգևոր զարգացման և այլ հարցերում: Սամանադրությունը իմ մտքի, խղճի տնօրինման իրավունքը վերագրում է Հայ Առաքելական եկեղեցուն»,-ընդգծում է  Սաքունցը:

Ալումյանը հավելում է, որ Սահմանադրությունը անընդհատ փոփոխելը անլուրջ և ոչ հարգալից վերաբերմունք է ստեղծում այդ կարևորագույն փաստաթղթի առջև:

Նրա խոսքով՝ անկախությունից ի վեր ՀՀ Սահմանադրությունում շուրջ 400 դրույթ է փոփոխվել:

Ինչ վերաբերում է  հանրաքվեի անցկացման մեխանիզմներին, Ալումյանը նշում է, որ ճիշտ կլիներ քաղաքացիներին «այո» կամ «ոչ» ասելու հնարավորությունը ընձեռել Սահմանադրության առանձին գլուխներին, այլ ոչ թե ողջ Սահմանադրական փոփոխություներին նախագծին:

«Որովհետև եթե ես ասեմ «այո» նոր սահմանադրությանը, ապա կստացվի, որ ասում եմ «այո» նաև այն դրույթներին ու գլուխներին, որոնց ես դեմ եմ, իսկ եթե «ոչ» ասեմ, կստացվի` «ոչ» եմ ասում նաև այն դրույթներին, որոնց ես կողմ էի»,-հավելում է Ալումյանը:

http://www.youtube.com/watch?v=eVpMvJGn7bQ 

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգողխմբագիր