Սիրուն չի, խայտառակություն է. Սերժ Սարգսյանն ընտրություններից առաջ շատ է ուզում հասկանալ

Սիրուն չի, խայտառակություն է.  Սերժ Սարգսյանն ընտրություններից առաջ շատ է ուզում հասկանալ
Սիրուն չի, խայտառակություն է. Սերժ Սարգսյանն ընտրություններից առաջ շատ է ուզում հասկանալ

Ըստ երեւույթին Սերժ Սարգսյանի խորհրդականները, պատասխանատու անձինք եւ PR-ով զբաղվողներն ուշ են ընկալում երկրում տիրող իրավիճակը, եւ նախագահն ընտրություններից առաջ է միայն սկսում նկատել տարբեր կառույցների «անգործությունն» ու այս ու այն ուղղությամբ խստաբարո կերպարով մատ թափ տալիս:
«Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ»,- ԱԺ ընտրություններից 5 օր առաջ քաղաքապետի հետ շրջայցի ժամանակ, հայտնի Մաշտոցի պուրակում, ուր ակտիվիստները ամիսներ շարունակ պայքարում էին «բուտիկների» դեմ հարցը միանգամից «լուծեց» նա:
Երկու շաբաթ առաջ, կառավարության խորհրդակցության ժամանակ, նախագահական ընտրություններից հաշված ամիսներ առաջ, նրա կողմից բավականին լուրջ քննադատության ենթարկվեց կառավարությունն` ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, ում դիմելիս նախագահը ոչ թե վարչապետ, կամ պարոն Սարգսյան էր դիմում, այլ` «Տիգրան»:
«Կառավարության աշխատանքը ես շատ բացասական եմ գնահատում, շատ բացասական»,-ասել է նախագահը:

«Տիգրան, մենք 4 տարիա խոսում ենք քեզ հետ էս թեմաներով, 4 տարի ուղիղ, բայց պրոցեսները շարունակվում են, գնում են, 6 ամիս հետո լավ կլինի, մի տարի հետո լավ կլինի, գոնե էդ տեխնիկակակն խնդիրները կարող ե՞նք լուծել,»,-խիստ տոնով ասել էր նախագահ Սարգսյանը` վարչապետ Սարգսյանին:

Սակայն, քննադատությունների, եւ «ինչուների» շարքը, ըստ ամենայնի շարունակվելու է նախարարություն առ նախարարություն:

Երեկ, համենայն դեպս, նախագահ Սարգսյանի քննադատության ալիքի տակ հայտնվել էր Առողջապահության նախարարության գործունեությունը:

Խորհրդակցությանը, որին մասնակցում էին փոխվարչապետը, գլխավոր դատախազը, ԱԱԾ տնօրենը, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախրարները, վերահսկողության ծառայության ղեկավարը, մի շարք այլ կարեւոր պաշտոնյաներ, ինչպես նաեւ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ում կառավարության հայտնի խորհրդակցության ժամանակ նախագահը «Դերո»-ով էր դիմում, նախագահը ոլորտում իրավիճակը «բացարձակ խայտառակություն» է որակել»

Ըստ նախագահականի տարածած հաղորդագրության, նախագահը խստորեն քննադատել է ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարության, այլ նաև զեկուցված խնդիրների համար պետական մի շարք այլ մարմինների պատասխանատուների անգործությունը:

«Ես ուզում եմ հստակ հասկանալ՝ ո՞րն է իրական պատճառը, որ մեր հասարակության դժգոհությունների մի էական մասը բաժին է հասնում հենց այս կարևոր ոլորտին»,-հարցրել է Սերժ Սարգսյանը եւ նշել, որ մասնագիտացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակչությունը բոլոր ոլորտների մեջ անարդարության դրսևորումներ ամենաշատն արձանագրում է հենց առողջապահության ոլորտում:

«Մեր քաղաքացիներն առաջին հերթին բարձրաձայնում են, որ պետպատվերը չի գործում հավուր պատշաճի, արձանագրում են կաշառակերության բարձր մակարդակ, բողոքում են, իրենց բառերով՝ «առանց պատասխանատվության սխալ բուժումից», վատ սպասարկումից, մարդկանց իրավունքների ոտնահարումից, քաշքշուկներից և դեղերի հետ կապված այս ողջ պատմությունից, առկա իրավիճակից:

…Սա այն պարագայում, երբ մենք ավանդաբար համարում էինք, որ մեր առողջապահական համակարգը լավն է, մեր բժիշկների մասնագիտական ունակությունները շատ բարձր են, որ ուզում ենք տարածաշրջանային առողջապահական կենտրոն դառնալ և այլն: Մեկ երրորդի դժգոհությունն արդեն լուրջ ազդանշան է, որպեսզի մենք արմատական փոփոխություններ մտցնենք այս ոլորտում»,-նշել է նա:

Նախագահը չի մոռացել խոսել նաև առողջապահական ոլորտում իրականացված աշխատանքների մասին` հայտարարելով, թե վերջին 4-5 տարիներին «հսկայական աշխատանք է տարվել եւ լուրջ արդյունքների հասել»:

«Լուրջ արդյունքներ ունենք Հայաստանի ողջ տարածքով մեկ առողջապահական հաստատությունների վերանորոգման, արդիականացման, ժամանակակից սարքավորումներով հագեցնելու գործում: Սա որևէ մեկը չի կարող ժխտել: Բայց մեր բոլոր ջանքերը ջուրը կլցվեն, եթե մեր վերաբերմունքը մնա նույնը, և մենք կտրուկ փոփոխություններ չանենք»,-ասել է նա:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: Հանձնարարվել է նաև ներկայացված առաջարկությունների հիման վրա նախապատրաստել 6-8 ամսվա ընթացքում ոլորտում էական փոփոխություններ նախատեսող ծրագիր և ներկայացնել հաստատման` այսինքն մինչեւ ընտրություններ:

Հիմա մնում է սպասել, թե 4 տարի նախարարությունների անգործությունից անտեղյակ, գերատեսչությունների անբավարար աշխատանքներից հետո, մի քանի ամսվա մեջ իշխանությունները ինչ սրընթաց բարեփոխումներ եւ փոփոխությունների խոստումներով հանդես կգան` ընտրություններին ընդառաջ, հանուն հայրենիքի ու ժողովրդի բարեկեցիկ կյանքի:

Մի խոսքով, հավատանք, եւ մի օր երեւի կփոխվի:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=cMexixvhaa8