Տիգրան Խաչատրյանը եւ Անդրեա Վիկտորինը քննարկել են Եվրոպական միության տրամադրած ներդրումային ծրագրերը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: 

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաեւ հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Նախարարն իր խոսքում բարձր է գնահատել ԵՄ հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել բոլոր ուղղություններով Միության հետ հարաբերությունների զարգացումը։

Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին նշանակման առթիվ եւ հայտնել ԵՄ դրական դիրքորոշումը Կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրի վերաբերյալ: Դեսպանն անդրադարձել է ԵՄ աջակցությամբ նախատեսվող  ծրագրերին, որոնք ուղղվելու են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր եւ միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը եւ այլն:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը շեշտել են, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող ծավալուն փաթեթը ոչ միայն խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն է, այլեւ Հայաստանում եվրոպական արժեքների ամրապնդում եւ վերահաստատում: