«Բալային համակարգի այս մոդելով ներդրումը ոչ ավել, ոչ պակաս՝ ֆաշիստական տիպի օրենսդրության դրսևորում է». քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է.

«Երթևեկության կանոնների խստացումը և բալային համակարգի այս մոդելով ներդրումը ոչ ավել, ոչ պակաս՝ ֆաշիստական տիպի օրենսդրության դրսևորում է: Բնորոշումը կարող է ծայրահեղ թվալ, բայց դա դրակոնյան և հակատրամաբանական մի համակարգ է, որ ուղղված է քաղաքացուն նսեմացնելուն, հարստահարելուն և իրական կյանքի նրբություններն ու տեղային քաղաքային-ուրբանիստական առանձնահատկությունները ոտնակոխ անելով՝ օրենքի ետևում թաքնվելուն: Երեսնականների Գերմանիայում նույն մոդելով էին կարգ և կանոն հաստատում և ամեն բան թվում էր թե` ժողովրդի օգտին է արվում: Եվ ֆաշիզմի օրինակ է նաև այն, որ շատերը, քննադատելով համակարգը՝ անպայմանորեն նշում են, որ օրենքին ու օրինականությանը կողմ են, բայց այս կամ այն կետին ոչ: Օրենքին կամ իշխանության տեսլականով պատկերացրած «օրինականությանը» դեմ լինելը Հայաստանում այլևս դարձել է մերժելի կամ խուսափելի մի երևույթ, որ նույնպես բռնատիրության տարրեր է պարունակում:

Այսպիսի ընթացքի վերջնակետը ուլտրաժողովրդավարության սքողի տակ թաքնվող տոտալիտար համակարգն է: Մի համակարգ, որտեղ ավելի ու ավելի սահմանափակող օրենքներ և կարգավորումներ կան և որտեղ քաղաքացին պարտավոր է կա՛մ համաձայնել իշխանության խիստ «հոգատար դիրքորոշման» հետ, կա՛մ էլ հանգիստ նստել տեղը:

Երթևեկության նոր համակարգն ուղղակի ապտակ է և ստորացում ժողովրդին և որևէ կասկածից դուրս է, որ փոխանակ երթևեկությունը կարգավորելու՝ ավելի է ցածրացնելու բոլոր վարորդների և նրանց ընտանիքների կյանքի որակը, սահմանափակելու մարդկանց ազատությունները և հարվածելու բոլորի` անխտիր բոլորի գրպանին: Եվ սա անում է մի իշխանություն, որ նախքան իշխանություն դառնալը պայքարում էր նախկին բռնատիրության կողմից ներդրված կարմիր գծերի և տեսախցիկների դեմ»: