ՀՀ-ի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Ռինդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Ասում են՝ մենք ինչպե՞ս ենք մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու: Մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա: Զուտ անվտանգային նկատառումներով մենք Ռուսաստանի հետ ունենք միացյալ զորախումբ, կովկասյան տարածաշրջանում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Եվ այդ պայմանագրերի տրամաբանությունը հետևյալի մասին է՝ հարձակումը ՀՀ-ի վրա, նշանակում է հարձակում ՌԴ-ի վրա: Եվ մենք այստեղ միասնական անվտանգային համակարգ ունենք»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցերին, թե ինչու այդ համակարգն Արցախի պատերազմի ընթացքում չաշխատեց այնպես, ինչպես ժողովուրդը կուզեր՝ վարչապետը պատասխանեց, որ դրա համար մի պարզ պատճառ կա: Նա շեշտեց, որ ըստ էության այդ անվտանգային համակարգը տարածվում է ՀՀ-ի այն սահմանների վրա, որը Հայաստանն ինքը 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանել է:

«Այսօր ասում են՝ այդ ո՞նց է, որ Շուռնուխից արևելք ադրբեջանցիներ են կանգնած: Ասում ենք՝ շատ պարզ պատճառով, որովհետև 2010 թվականին ՀՀ-ում ընդունվել է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ գրված է եղել՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է: Ասում են՝ այդ ո՞նց է, որ Սոթքից այն կողմ ադրբեջանցիներն են եկել, կանգնել. նաև այն պատճառով, որ 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքով ՀՀ-ն գրել է, որ Հայաստանի սահմանն ավարտվում է Սոթքում և դրանից հետո Ադրբեջանն է»,-ասաց Փաշինյանը: