«Այս իշխանությունները ճգնաժամային կառավարման բացարձակապես ունակ չեն, եթե կա հակառակը պնդողը, հրավիրում եմ բանավեճի»․ Հայկ Դեմոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը

– Պարո՛ն Դեմոյան, օրերս ֆեյսբուքյան գրառմամբ նկատել էիք, որ տարածաշրջանային անկայուն իրավիճակում ապահովագրվելը դառնում է պարտադիր պայման, ինչի ուղղությամբ իշխանությունները պետք է պատրաստվեն ու պատրաստեն հանրությանը։ Ընդհանրապես, ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

Այլևս ոչ մի կասկած չկա, որ տարածաշրջանում տեղի են ունենալու կտրուկ զարգացումներ, որոնց մասին պարբերաբար զգուշացումներ են…

Posted by Hayk Demoyan on Saturday, January 2, 2021

– Առանց մասնագետ լինելու նույնիսկ հնարավոր է տարածաշրջանային զարգացումներին հետևելով հասկանալ՝ ինչ է կատարվում։ 

Այն, ինչ տեղի ունեցավ ղարաբաղյան ճակատում, իհարկե, անտեղ դեռ վերջնական զինադադար չկա, հարաբերական անդորր է, կարելի է հիմք ընդունել, որպեսզի պետության համապատասխան գերատեսչությունները սկսեն աշխատել։ 

Հետաքրքիր է՝ երբ պատերազմի մեկնարկի մասին իշխանությունները գիտեին, որևէ նախապատրաստական աշխատանք հանրության անվտանգության, հանրության շրջանում պաշտպանունակության զարգացման, շենքերում ապաստարանների կառուցման կամ հարմարեցման ուղղությամբ կատարվե՞լ է, թե՞ ոչ։ Պատասխանը բացասական է։

– Քաղաքացիական պաշտպանության մասին իրազեկման աշխատանքներ պատերազմի ընթացքում էին իրականացվում․․․

– Այո, պարտադիր իրավիճակին արձագանքելո՞վ պետք է անել, ինչը մենք, այո, տեսանք պատերազմի ընթացքում՝ պատշգամբների վրա փակցվեցին իրազեկման թերթիկներ և այլն։ Իսկ ապաստարանները պատրա՞ստ են, թե՞ ոչ։ 90 տոկոսով պատրաստ չեն․ ապաստարանները պետք է օդափոխության համակարգ ունենան, ջեռուցում ունենան։ Ո՞վ է դրա մասին մտածում։ Այնքան կարևոր հարցեր, բայց պետության ընկալմամբ դրանք տասներորդական հարցեր են համարվում։

– Դուք կարծում եք՝ այդ ուղղությամբ որևէ քայլ չի՞ կատարվում։

– Ես չեմ տեսնում։ Գիտեք՝ ես ե՛րբ կտեսնեի. եթե իմ շենքում որևէ մեկ պատասխանատու լիներ, որը կգար ինձ կբացատրեր, որ իքս իրավիճակի պայմաններում ես և իմ ընտանիքը ինչ պետք է անենք։ 

Դա եմ ես հասկանում կոնկրետ գործ ասելիս, երբ ես կապրեմ ու կգործեմ ըստ կոնկրետ հանձնարարականի։ Բայց այսօր ամեն ինչ բարձիթողի է, և կառավարությունը շարժվում է հետևյալ սկզբունքով՝ կարող է և ոչ մի բան էլ չլինել, ինչո՞ւ իզուր գլուխ ցավեցնենք։ 

– Ընդհանուր առմամբ, պարո՛ն Դեմոյան, ի՞նչ դիտարկումներ ունեք տարածաշրջանային իրավիճակի հետ կապված։ Փաստորեն Հարավային Կովկասը շարունակում է մնալ թեժ կե՞տ, և հնարավո՞ր են ռազմական նոր զարգացումներ։

– Երկու սցենար կարող եմ ենթադրել, նախ՝ ցամաքային օպերացիայի բացառում, որովհետև այս պահին շատ դժվար է կանխատեսել, թե ինչ հետևանքների կարող է դա բերել։ Իրանի հետ կապված եմ ես սա ասում։ 

Եթե Ադրբեջանը ղարաբաղյան առաջին արարի դեպքում Իրանում կտրուկ զիջումների մղելու նպատակ ուներ, ապա մենք նախ պետք է պատրաստ լինենք դրան, և երկրորդ՝ մենք չգիտենք, թե ի՛նչ գործելաոճ կորդեգրի Իրանը, եթե հավանական հարձակման կամ հարվածների կենտրոն վերցնեն հենց Ադրբեջանի տարածքը կամ վերջերս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները օգտագործեն։ 

Ըստ այդմ պետք է մենք թե՛ արտաքին ճակատում, թե՛ ներքին բոլոր սցենարները նկատի ունենանք, այլ ոչ թե պասիվ դիտորդի դերում լինենք։ Իհարկե, զարգացումների վրա ազդելու առումով մեզանից շատ քիչ բան է կախված։ 

Պետք է իրատես լինենք, միանշանակ։ Մեր աշխարհագրական դիրքը, որը միշտ խոցելի է դիտվել, հնարավոր է՝ իքս պարագայում լինի նաև ժամանակավոր առավելություն։ Սա է, որ մենք պետք է նկատի ունենանք։ 

Դրա համար պետք է նախևառաջ ունենալ ներքին կայունություն, աշխատող պետության տպավորություն թողնենք, այլ ոչ թե բարձիթողի մի գոյացություն, որտեղ ոչ մեկը չի ցանկանում պատասխանատվության բեռը իր վրա վերցնել։

– Դուք ասում եք՝ պասիվ դիտորդի դերում չպետք է լինենք։ Ըստ ձեզ՝ գործող իշխանությունները ունե՞ն հնարավորություն չլինել պասիվ դիտորդի դերում։

– Ես իշխանությունների գործողություններին գնահատական տալու որևէ խնդիր չունեմ։ Ես բազմիցս հայտնել եմ իմ տեսակետը, որը հետևյալն է՝ պատերազմի մասին տեղյակ լինելով՝ այս իշխանությունները չեն նախապատրաստել հանրությանը պատերազմի, պատերազմի ընթացքում կայացրել են սխալ որոշումներ, պատերազմական հիգիենայի կանոններն են կոպտորեն խախտել, նաև՝ տեղեկատվության ոլորտում և հետպատերազմյան շրջանում հետպատերազմյան ճգնաժամին բացարձակապես կառավարչական հմտություններ և ունակություններ չեն ցուցաբերել։ 

Այսինքն՝ ճգնաժամային կառավարման բացարձակապես ունակ չեն եղել այս իշխանությունները։ Կա՞ որևէ մեկը, որը կարող է հակառակն ասել։ Եթե կա այդ մեկը, թող գա ինձ հրավիրի հանրային բանավեճի և ապացուցի հակառակը, ես սիրով կընդունեմ այդ մարտահրավերը։ Իսկ իմ ասածները մեղադրանք են։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am