Հայաստանին դարձյալ դեմ են տվել ինչ-որ բաներ, կզիջի՝ «առաջընթաց» կգրանցվի, չի զիջի՝ կփորձեն ճնշումներով ինչ-որ բանի հակել. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից օրերս հայտարարեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ունենալ փոխադարձ ընդունելի լուծում, ու այդ առաջարկն իրենք ներկայացրել են Ադրբեջանին։ Ինչո՞ւ է Փաշինյանն այս թեմայի մասին խոսում, չէ՞ որ որոշ ժամանակ առաջ հայտարարեցին, որ երկկողմ պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի հետ, որ այս թեման առայժմ քննարկման առարկա չէ։

– Բայց, փաստորեն, ինչպես տեսնում ենք ու ինչպես մենք էինք պնդում, մասնավորապես ես, այդ թեման ոչ միայն օրակարգից դուրս չի եկել, այլև եթե դրա մասին Փաշինյանը հատուկ խոսում է, ապա նշանակում է, որ դա առանցքային թեմաներից մեկն է։ Փաշինյանի լավատեսական նոտաներն այս առումով ես ամենևին չեմ կիսում։ 

Ինչ գրված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում, մենք պետք է հասկանանք, որ դրանից հետո Հայաստանի վիճակն ավելի բարենպաստ չի դարձել։ Անցած վերջին չորս տարիներին մենք ավելի բարենպաստ դիրքում չենք հայտնվել, միանշանակ, հետևաբար շատ դժվար է պատկերացնել, որ ավելի ուժեղացած Ադրբեջանը պետք է այդ նոյեմբերի 9-ի կարգավորումից իր համար ավելի վատ կարգավորման համաձայնի, այսինքն՝ ինչ էլ քննարկվի, կա՛մ նման է լինելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, կա՛մ դրանից ավելի անբարենպաստ է լինելու մեզ համար։ Երևի բացակայելու է ռուսական ներկայությունը։

 – Այսինքն՝ չե՞ք բացառում, որ ռուսական սահմանապահ ծառայությունը ներկայացվածություն չի ունենա։

– Այո՛, կարող է բացառվել ռուսական ներկայացվածությունը, բայց այդ դեպքում Ադրբեջանն է ստանալու ինչ-որ արտոնություններ, վստահ եմ։ Այսինքն՝ ավելի լավ, քան այդ 9-րդ կետի ձևակերպումն է, չի կարող լինել, որովհետև Հայաստանի վիճակն անցած չորս տարիներին ավելի է վատթարացել, ուժային դիսբալանսը ավելի է մեծացել։

– Հիմա որ այս թեմայի մասին խոսում է, կարծում եք՝ կա՞ն պահանջներ ադրբեջանական կողմից։

– Պահանջներ կան, ինքն էլ հող է նախապատրաստում, որ հետո խոսի հերթական «աննախադեպ» լուծման մասին։ 

– Իսկ Ադրբեջանն ինչո՞ւ հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի բանակցություններին կվերադառնան դեկտեմբերին, պարո՛ն Սուրենյանց։

– Որովհետև հստակ հասկացրեց, որ իրենք շահագրգռված չեն, այս պահին ուրիշ առաջնահերթություններ ունեն։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը, մեղմ ասած, այդ պայմանագրով շահագրգռված չէ, ավելին՝ համոզված եմ, որ նոյեմբերի 22-ից հետո իրենց հռետորաբանությունն ավելի կոշտ է լինելու, որովհետև եթե նույնիսկ մեկ գերի սիմվոլիկ՝ COP29-ի համատեքստում չվերադարձրին, պարզ է, չէ՞, որ այդ մարդիկ ոչ մի զիջման չեն ուզում գնալ։ 

Երկրորդը՝ Ադրբեջանի  արտգործնախարար Բայրամովն ասում է, որ մինչև տարեվերջ կստորագրվի՞ պայմանագիրը, թե՞ ոչ, Հայաստանից է կախված։ Սա նշանակում է, որ Հայաստանին դարձյալ դեմ են տվել ինչ-որ բաներ զիջել, կզիջի՝ ինչ-որ «առաջընթաց» կգրանցվի, չի զիջի՝ իրենք կփորձեն ճնշումներով ինչ-որ բանի հակել։ Այսինքն՝ այն վարդագույն տեսարանները, որ այսօր Նիկոլ Փաշինյանն էր ներկայացնում, կամ օրերս՝ Արարատ Միրզոյանը, իրականության հետ ոչ մի աղերս չունեն։ 

Նիկոլ Փաշինյանն իհարկե նոյեմբերի 14-ին մի բան է ասել, որ մաքուր ադրբեջանական թեզ է՝ «Եկել եմ սարսափելի եզրակացության: Այդ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։ Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»։ Սա մաքուր ադրբեջանական թեզ է, շատ նման այն հայտարարությանը, որ ասում էր՝ մենք կադաստրի վկայական չունենք։ Հայաստանի այս կարգի ապալեգիտիմացումը միայն Ադրբեջանի շահերից է բխում։

– Խորհրդարանում բանակի վերաբերյալ նույն օրը Փաշինյանի արած այդ հայտարարությունները կարո՞ղ ենք դիտարկել ադրբեջանական ճնշումների, ձեր ասած՝ մարդկանց ինչ-որ բանի նախապատրաստելու համատեքստում։

– Ինքը, առանց բանակցային գործընթացի անունը տալու, ներկայացնում է հնարավոր այն Հայաստանի հեռանկարը, որն իր վարած ապիկար քաղաքականության հետևանքով ունենալու ենք այդ գործընթացի վերջում։ Հնարավորինս արժեզրկում էր բանակը, Անկախության հռչակագրի մասին էլ չասեմ, ավելի թշնամական կարծիք Անկախության հռչակագրի մասին որևէ մեկս՝ նույնիսկ օտար երկրի ղեկավարից չի լսել։ 

Շատ վտանգավոր բան էլ է ասել․ շաբաթներ առաջ Ադրբեջանից հնչեց հայտարարություն, որ առաջին պատերազմի մասնակիցները հանցագործներ են, պետք է դատվեն, ինքն «ավտոմատներով բիզնես խլողներ» ներկայացրեց այդ մարդկանց, այսինքն՝ հանցագործության որակում տվեց։ 

Համեմատեք Ադրբեջանի թեզերն ու տեսեք, թե ինքը ինչ է ասել, այդ ամենում կապ չտեսնելն ուղղակի հանցագործություն է։ Իր պատկերացրած Հայաստանը ադրբեջանական ենթապետություն է, ինքն էլ՝ կառավարիչը, որի միակ ֆունկցիան լինելու է, ինչպես ինքն ասաց, քաղաքացու բարեկեցության ապահովումը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am