Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը մասնակցել են Գորիսի Ս. Խանզադյանի անվան դպրոցի նորոգված մարզադահլիճների բացման արարողությանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Այսօր ԱԺ փոխնախագահ, ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի համահիմնադիր Լենա Նազարյանի հետ մասնակցեցինք Գորիսի Ս. Խանզադյանի անվան N6 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճների բացման արարողությանը:

Դպրոցն արդեն ունի նորոգված 2 մարզադահլիճ՝ նոր մարզագույքով, 2 հանդերձարան՝ կից սանհանգույցներով և ցնցուղարաններով։ Վերանորոգումն իրականացվել է ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրի շրջանակներում:

Այն նվեր է դպրոցի սովորողներին՝ որպես Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի հաղթողներ։Միջոցառման ընթացքում նորոգված մարզադահլիճներից մեկում տեղի ունեցավ բասկետբոլի ընկերական խաղ դպրոցի սովորողների եւ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության աշխատակիցների միջեւ։

Սա մարզային 4-րդ դպրոցն է, որի մարզադահլիճները նորոգվել են ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի կողմից»: