Միայն այս տարվա վեց ամսվա ընթացքում ոսկու գինը բարձրացել է շուրջ 50%-ով, ինչն աննախադեպ է. Տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, ոսկու գնի աճը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ՝ վերջին ժամանակներում հասնելով աննախադեպ մակարդակի։ Ի՞նչ գործոններով է պայմանավորված այս միտումը:

– Ոսկին, ինչպես և ցանկացած այլ ակտիվ, ենթակա է շուկայի առաջարկին ու պահանջարկին, ժամանակ առ ժամանակ ոսկու գինը բարձրանում, այնուհետև նվազում է, բայց եթե մենք ընդհանուր դիտարկում ենք այդ պատմական միտումները, ապա կտեսնենք, որ ոսկու գնի հետագիծը դեպի բարձրացում է գնում։ 

Իհարկե եղել է ժամանակ, երբ ոսկու գինը որոշակի անկում է ապրել, սակայն, ընդհանուր առմամբ, եթե մենք դիտարկենք սկսած ոսկու ստանդարտի վերացումից՝ 1944 թվականից, երբ Բրետոն Վուդսի համաժողովից հետո ոսկին որպես արժույթ կապվեց միայն դոլարի հետ, այսինքն՝ ոսկին հիմնականում պետք է փոխարկեին ԱՄՆ դոլարի հետ, դոլարով կարողանային իրականացնել առևտուր, դրանից հետո ոսկու գինը սկսեց աստիճանաբար աճել, այսինքն՝ ոսկին դուրս եկավ շրջանառությունից, այն հիմնականում երկրների արտարժույթի կարևոր մաս է կազմում։ 

Բացի առաջարկ-պահանջարկից, ոսկու գնի վրա ազդում են նաև հիմնականում խոշոր պետությունների կենտրոնական բանկերի կողմից ոսկու մեծածավալ գնումները, որովհետև արտարժութային ծավալների մեջ մտնում են նաև առաջատար երկրների արժույթներ՝ դոլար, ֆունտ ստեռլինգ, եվրո և այլն։ Երբ արժեզրկվում են ազգային արժույթները, մասնավորապես, քովիդի ժամանակահատվածից՝ 2020 թվականից, արժեզրկվեց դոլարը, որովհետև մեծածավալ գումարներ բաժանվեցին մարդկանց, որպեսզի կարողանան հաղթահարել, ինչպես նաև տնտեսվարողներին տրամադրվեց, ու այդ ավելցուկային գումարները պետք է հանգեցնեին գնաճի ու արժույթների արժեզրկման։ 

Օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանը դոլարով ու եվրոյով պահուստավորում չի իրականացնում, նաև Չինաստանն է սկսել իր ազգային արժույթով ու ոսկիով պահուստավորում իրականացնել։ Եթե դոլարը ուզում են հանել իրենց պահուստային ֆոնդից, ապա փոխարենը պետք է ոսկիով համալրեն, այս պրոցեսն ընթանում է մի քանի տարի, հիմնական գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, որոնք բավական մեծ չափով իրենց ոսկու ծավալները մեծացնում են։ 

Այս ամենից զատ, նշանակություն ունի նաև աշխարհաքաղաքական լարվածությունը, ինչպես նշեցի՝ դոլարն ու եվրոն զգալիորեն կորցրել են իրենց գնողունակությունը, ու նաև այս տնտեսական անորոշությունների պայմաններում ոսկին հանդիսանում է ներդրման ակտիվ։ Եթե դոլարն արժեզրկվում է, ապա ոսկու գինը բարձրանում է և հակառակը, սրանք միմյանց հակադարձ համեմատական մեծություններ են։ Եթե հիմա ԱՄՆ-ն վարի թանկ դոլարի քաղաքականություն, ոսկու գինը անխուսափելիորեն անկում կապրի, բայց այդ պարագայում նաև տնտեսությունների համար որոշակի խնդիրներ կառաջանան, քանի որ թանկ դոլարի դեպքում փողի գինը բարձրանում է, ու տնտեսության ակտիվության դանդաղում է գնում, ինչը այս պահին արդեն իսկ կա։ 

Միայն այս տարվա վեց ամսվա ընթացքում ոսկու գինը բարձրացել է շուրջ 50 տոկոսով, ինչն աննախադեպ է։ Ոսկու գնի բարձրացում պարբերաբար լինում է, բայց սա աննախադեպ է, իսկ մեկ տարվա ընթացքում միայն 116-117%-ով է ոսկին բարձրացել, ինչը խոսում է դոլարի զգալի արժեզրկման մասին։ 

– Ստացվում է, որ շուկան կկարգավորվի այն ժամանակ, երբ դոլարի գինը բարձրանա՞։

– Ինչպես գիտենք, ԱՄՆ-ում կառավարության շաթդաուն է, այսինքն՝ օրենսդիր իշխանության կողմից ծախսերը չեն հաստատվել, ինչն էլ հանգեցրել է կառավարության կոլապսային վիճակի։ Հենց այդ շաթդաունի սկզբից մեկ ամիս առաջ ոսկու գինը սկսեց կտրուկ աճել, բայց այս վերջին մեկ ամսվա ընթացքում 20-25%-ով աճել է, սա ևս փաստում է այն մասին, որ հիմնական գործոնները ԱՄՆ-ից են կախված։ 

Ոսկու գինը կնվազի այն ժամանակ, երբ դոլարն արժևորվի, բայց դա այսօր ձեռնտու չէ ԱՄՆ տնտեսությանը, որովհետև եթե դոլարն աճի, ապա տնտեսական աճն այնտեղ ավելի է նվազելու, առանց այդ էլ այս պահին տնտեսական աճը 1,5-2% է։ 

– Ոսկու բարձր գինը ի՞նչ ազդեցություն է ունենում ՀՀ տնտեսության վրա։ 

– Անմիջական և ուղիղ ազդեցություն չունի, ոսկու առևտրով զբաղվող տնտեսվարողների վրա է այն հիմնականում ազդում։ Մյուս կողմից էլ՝ այն մարդիկ, որոնք ունեն ակտիվներ, տեսնելով ոսկու գնի բարձրացումը, կարող են իրենց ակտիվը փոխակերպել ոսկով, ինչը ևս կարող է նպաստել ոսկու գնի բարձրացմանը։ Սովորաբար մարդիկ, որոնք ազատ միջոցները խնայում էին դոլարով, հիմա անցել են ոսկուն, ինչն ավելի է նպաստում ոսկու գնի բարձրացմանը։ 

Ոսկին չի մասնակցում ուրիշ արտադրանքների ստեղծմանը ու բացի ոսկյա զարդերից՝ այլ ապրանքների գների վրա չի անդրադառնում ոսկու արժեքի փոփոխությունը։ Տնտեսության վրա ուղիղ ազդեցություն կունենար, եթե մենք ոսկու մեծ ծավալներով արտահանում իրականացնեինք, ինչը մենք չունենք։ 

Բայց պետք է նկատել, որ նախորդ շաբաթների համեմատ ոսկու գինը ճշգրտվել է, ու եթե ԱՄՆ կառավարության շաթդաունը վերանա, այսինքն՝ կառավարությունն անցնի բնականոն գործունեությանը, ապա ոսկու գինը որոշակիորեն կնվազի, բայց կտրուկ անկում չի լինի․ մեկ գրամի արժեքը հիմա 132 դոլար է, մոտավորապես կնվազի 10 տոկոսով, այսինքն՝ 120-125 դոլարի սահմաններում, կարծում եմ, կկայունանա։

– Այսինքն՝ նվազման միտում կա՞, պարո՛ն Սարգսյան։

– Այո՛, այս մեկ շաբաթվա ընթացքում այդ միտումը նկատելի է, որովհետև ի վերջո շուկան ու մարդիկ հագենում են, այսինքն՝ չեն կարող անսահմանափակ գնում իրականացնել, իսկ ոսկու արդյունահանումը շարունակվում է, ու պահ է գալիս, երբ պահանջարկն արդեն հագեցած է լինում, առաջարկը գերազանցում է պահանջարկին, ու շարժիչ գործոններն իրենց ազդեցությունը թուլացնում են, այդ դեպքում գինը ճշգրտվում է ու որոշակի միջակայքում կայունանում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am