«Լրատվական շուկայի մեծ մասն այսօր ստվերային ֆինանսավորման մեխանիզմներով է գործում». Ըստ Բորիս Նավասարդյանի՝ պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, վարչապետը հայտարարեց, որ լրատվամիջոցները պետք է աշխատեն թափանցիկ՝ սկսած նրանց սեփականատերերի թափանցիկությունից։ Ըստ էության խոսքը սեփականատերերի ու ֆինանսական հոսքերի բացահայտման մասին է։ Ինչպե՞ս պետք է լուծվեն այս խնդիրները։

– Ես կարծում եմ, որ ամեն դեպքում այն կառույցների համար, որոնք ուզում են գործել որպես լրատվամիջոց, պետք է պահանջ դրվի, որ իրական սեփականատերերի ու ֆինանսավորման աղբյուրների բացահայտում իրականացվի։

Չեմ կարծում, որ տեղեկությունների ստուգման համար պետք է առանձին պետական մարմին ձևավորվի, կամ որևէ պետական մարմնում առանձին ստորաբաժանում գործի։ Ես կարծում եմ, որ հետևելու գործընթացը, թե որո՛նք են իրական սեփականատերերը, ֆինանսավորման աղբյուրները, կարող են իրականացնել և այդ գործառույթը կարող են ստանձնել և՛ հետաքննող լրագրողները, և՛ քաղաքացիական հասարակության ինստիտուտները։

Պետության վրա այդ ծանրությունը չի ընկնի։ Եվ համապատասխան տեղեկությունները չհրապարակելու հետևանքները, ըստ իս, կարող են շատ մեղմ լինել։ Նրանք չեն կարող օգտվել պետության կողմից գործունեության համար տրամադրվող ցանկացած ռեսուրսներից։

Դա կարող է լինել պետական մարմիններում մամուլի ասուլիսների մասնակցությունից զրկում, հավատարմագրման համար սահմանափակումներ։ Ես գիտեմ, որ գաղափար կա նաև ձևավորել անկախ լրատվամիջոցների աջակցության հիմնադրամ, բնականաբար, նաև այդ կարգի ֆինանսական աջակցությանը չպետք է հավակնեն այն լրատվամիջոցները, որոնք նման վարքագիծ են դրսևորում։

Արդյոք դա լրատվամիջոցների նկատմամբ ճնշում չի՞ դիտարկվի։

– Ո՛չ, դրանք ընդամենը խաղի կանոններ են։ Եթե ուզում ես օգտվել այն հնարավորություններից, որոնք տրվում են հանրության առջև բաց ու թափանցիկ աշխատող լրատվամիջոցներին, պետք է թափանցիկ լինել։

Դու կարող ես թափանցիկ չլինել, բայց այդ դեպքում նաև հանրային միջոցներից ու հնարավորություններից ինքդ քո կամքով հրաժարվում ես։ Դա ճնշում չէ, դու կարող ես իրականացնել լրատվական գործունեություն, բայց այն հնարավորությունների սահմաններում, որոնք չեն ենթադրում քեզ աջակցելու որևէ պայմանավորվածություն։

Ես կարծում եմ՝ այդ կարգի բավական մեղմ ու քաղաքակիրթ ձևերով մենք որոշակի, ոչ մեծ, բայց փոքր արդյունքների կհասնենք։ Ավելի լուրջ և խիստ միջոցներին ես դեմ եմ, որովհետև, ինչպես դուք նշեցիք, դրանք իրոք կլինեն ճնշում լրատվամիջոցների վրա։

Ուղղակի բոլոր հարաբերություններում գործում են կոնկրետ խաղի կանոններ։ Իմ մոտեցումն այն է, որ պետք է լինեն խաղի կանոններ։ Եթե դու այլ կերպ ես վարվում, ուրեմն մի՛ հավակնիր պետության կողմից որևէ արտոնության։

– Լրատվական դաշտում ի՞նչ չափի ֆինանսական ռեսուրսներ են շրջանառվում, որոնց թափանցիկության հարցը մտահոգիչ է այսօր։

– Դա նորություն չէ։ Միշտ էլ լրատվամիջոցների բիզնեսում շրջանառվում են ստվերային և ապօրինի գումարներ։ Կարծում եմ, որ վերջին երկու տարիների ընթացքում այդ խնդիրը խորացել է, որովհետև փաստորեն լրատվական շուկայի մեծ մասնաբաժինն այսօր հենց այդ ստվերային ֆինանսավորման մեխանիզմներով է գործում։

Եվ դա ենթադրում է, որ այն նախաձեռնությունները, որոնց մասին առաջ այդքան բարձր ու հաճախ չէին խոսում, այսօր ավելի լուրջ քննարկման թեմա են դառնում։ Ես պնդում եմ, որ կառավարությունը և անձամբ վարչապետը պետք է ոչ թե միայն հայտարարություններ անեն, այլև հստակ գործի անցնեն։ Իսկ դա այդքան էլ հստակ չի երևում այժմ, միայն մտադրությունների մակարդակի է։

– Այսինքն՝ կարծում եք, որ կառավարության վերջին նիստերից մեկում վարչապետի հայտարարություններից հետո՞ էլ գործողություններ չեն լինի։

– Առայժմ ես հստակ նախաձեռնություններ չեմ տեսնում։ Իսկ այն նախաձեռնությունները, որոնք կան մեդիա ոլորտում, ես համարում եմ իրավիճակային, ոչ հետևողական և խնդիրներ չլուծող։

– Մամուլի դեմ դատական գործերի առատությունն ինչո՞վ եք պայմանավորում, արդյոք դա կարո՞ղ է կապված լինել այն բանի հետ, որ քաղաքական որոշ ուժերի ձեռքին մեդիա ռեսուրսներ կան։

– Ես չեմ բացառում, որ առանձին դեպքերում այդ դատական գործերը կարող են քաղաքական ուժերի կողմից այս կամ այն լրագրողին կամ լրատվամիջոցին լռեցնելու փորձ լինել։

Բայց, կարծում եմ, եթե նույնիսկ այդպիսի նախադեպեր կան, դրանք շատ փոքր տեղ են զբաղեցնում այդ շարքում։ Հիմնական պատճառն այն է, որ այսօր մթնոլորտը տեղեկատվական ոլորտում այնպիսին է, որ մարդիկ իրենց արժանապատվությունը պաշտպանելու այլ ճանապարհ, քան դատարան դիմելն է, չեն տեսնում։ Ես կարծում եմ, որ պետք է որոնել այդ հնարավորությունները։

Եվ, ըստ իս, լավագույն տարբերակը լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգերի ձևավորումն է և եղածները ամրացնելը։ Բայց դա կա կախված է բուն լրատվամիջոցներից։ Դա նրանք պետք է նախաձեռնեն։ Եվ եթե չեն ուզում տեղեկատվական վեճերի մեջ մտնել դատարանի դահլիճում, ապա պետք է պայմանավորվեն էթիկայի շրջանակներում խաղի կանոնների մասին։ Ցավոք, այդ կարգի նախաձեռնողականություն և ցանկություն շատ լրատվամիջոցների, այդ թվում՝ առաջատար լրատվամիջոցների մոտ չեն երևում։

Եվ այդ ազնիվ խաղի կանոններին շատերը պատրաստ չեն։ Եթե այդպես է, ուրեմն պետք է համակերպվեն այն բանի  հետ, որ դատարաններում գործերի քանակն անընդհատ մեծանալու է, որովհետև նաև տեղեկատվական ոլորտում լարվածությունը նույնպես ուժեղանում է։

– Եթե ձեր թվարկած կարգավորումները չլինեն դաշտում, ստեղծված իրավիճակն ինչի՞ կարող է հանգեցնել։ Հնարավո՞ր է իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, ստվերային միջոցների շրջանառությունն էլ ավելի մեծանա։

– Այստեղ կան երկու տարբեր ռիսկեր։ Առաջինն այն է, ինչ դուք նկարագրեցիք։ Այսինքն՝ իրավիճակն աստիճանաբար ավելի ու ավելի քաոսային ու անկառավարելի կդառնա։ Եվ մենք կունենանք բազմաթիվ հիբրիդային պատերազմների ռազմաճակատներ։

Երկրորդ տարբերակն այն է, որ տեսնելով այդպիսի զարգացումների վտանգը՝ կառավարությունն արդեն կգնա ոչ քաղաքակիրթ կարգավորման, այլ ռեպրեսիվ մեխանիզմ աշխատեցնելու ճանապարհով։ Այդ երկու հնարավորություններն էլ կարող են իրականություն դառնալ, և դրանցից ոչ մեկը չի նպաստում ո՛չ հասարակական կյանքին, ո՛չ էլ լրատվամիջոցների անկախությանն ու ազատությանը։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am