Աղվան Հովսեփյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց․ Factor.am

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանքն արդեն երրորդ անգամ երկու ամսով երկարեցվեց։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արմաղանյանի նախագահությամբ, այսօր որոշում կայացրեց բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և շարունակել կալանքի տակ պահել Հովսեփյանին։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 000 000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800 000 000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն:

Հովսեփյանն, ըստ մեղադրանքի, նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1 մլրդ 299 մլն 404 հզր 414 ՀՀ դրամ: Առաջադրված մեղադրանքը Հովսեփյանը չի ընդունում՝ այն որակելով «ապօրինի»։