Արդյոք Լևոն Քոչարյանը պատգամավոր կդառնա․ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 3 հոգի ինքնաբացարկ է ներկայացրել. Factor

Օրեր առաջ պատգամավորական մանդատը վայր էր դրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։

Ընտրական ցուցակում նրան հաջորդող երեք համարները՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին Factor․am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը․ «Մենք արդեն իսկ ստացել ենք ինքնաբացարկի մասով նրանց դիմումները, որոնց վերաբերյալ նիստը կկայան երկուշաբթի օրը, ժամը 15։00-ին։

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ՝ 50-րդ համարը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն է, որն այս պահին կալանքի տակ է Երևանում անհնազանդության բողոքի ակցիաների ընթացքում ոստիկաններին ծեծելու մեղադրանքով։ Արդյո՞ք կրտսեր Քոչարյանը կվերցնի մանդատը, նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն այս պահին ոչ հերքում, ոչ հաստատում է․

«Ստացվեց այնպես, որ Լևոն Քոչարյանն ակտիվ քաղաքականությամբ չզբաղվեց, բայց ակտիվ քաղաքականությունը զբաղվեց իրենով։ Այս պահին հարցը հստակեցված չէ․ առաջիկա ժամերին հանդես կգանք հայտարարությամբ»,- Factor․am-ի հետ զրույցում նշեց Կոչուբաևը։

Նկատենք, որ նախադեպեր եղել են, որ կալանքի տակ գտնվող անձինք պատգամավորական մանդատ են վերցրել․ նրանց թվում են «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը։