Թենիսիստ Էլինա Ավանեսյանի ձգտումը՝ հասնել մեծ հաջողությունների որպես հայ մարզիկ, անկասկած, կոգեշնչի հայ երիտասարդներին և կբարձրացնի թենիսի հեղինակությունը Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ողջունելով Ավանեսյանի՝ ՀՀ դրոշի ներքո հանդես գալու որոշումը:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք նրա հաջողություններին և այն դրական ազդեցությանը, որ նա կունենա մեր մարզական համայնքի վրա»,- ասել է նախարարը՝ նկատելով, որ մարզուհու որոշումը վկայում է նրա նվիրվածության և հայրենիքի հանդեպ սիրո մասին:
Էլինա Ավանեսյանն էլ իր հերթին ընդգծել է, որ շատ հպարտ է այսուհետ ներկայացնելու Հայաստանը միջազգային առաջնություններում: Նրա խոսքով՝ սա բացառիկ հնարավորություն է և հարգանքի տուրք իր արմատներին, հայրենիքին և ընտանիքին, ովքեր միշտ աջակցել են իրեն:
Թենիսիստ Էլինա Ավանեսյանը, որը կանանց ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում ներկայում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առաջիկա մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: