Բույսեր և մեղր, քաղցր հուշեր, դառը իրականություն. Գյումրիի հայտնի սրճարանը՝ դժվարությունների առաջ

herbs & honey teashop

Մեղր, անուշահամ խմորեղեններ, բուրումնավետ թեյեր, խոտաբույսեր և տրամադրություն: 

Գյումրու կենտրոնում գտնվող Herbs&Honey թեյարանը, որը տեղացիների և Գյումրի այցելողների համար սիրելի և յուրահատուկ վայր էր՝ լի գույներով և տրամադրություններով, ծանր և դժվար օրեր է ապրում: Համավարակի տարածումը և ընդունված սահմանափակումները լուրջ խնդիրներ են ստեղծել քաղաքի այցեքարտերից մեկը համարվող թեյարանի համար: 

Թեյարանը կորոնավիրուսով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրությունից հետո՝ մարտի 17-ից, փակ է և գործունեություն չի ծավալել, սակայն այժմ աշխատանքներ են տարվում առաքումների կազմակերպման համար, որը նաև թեյարանի աշխատակազմից մոտ 4-5 աշխատակցի գործի կվերադարձնի։

«Մենք ամսի 17-ից պրակտիկորեն փակ ենք ու չենք էլ աշխատում։ Ես շատ կարևորում էի հիգիենայի պահը, քանի որ այս ամեն ինչ մեզ համար նոր էր, ու ուղղակի առաքել առանց պատշաճ գիտելիքի, փորձի՝ չէի ուզում, որովհետև առաքումն էլ կարող էր վիրուսի տարածման միջոց լինի: Քանի որ ոչ մի ցուցում չունեինք լիազոր անձի կամ մարմնի կողմից, որոշեցինք ուղղակի չանել, բայց որ հիմա գիտելիքներ ենք ձեռք բերում, կարդացել ենք, ուսումնասիրել ենք, կամաց-կամաց ուզում ենք բացվել ու առաքում ստեղծել»,- ասում է Herbs&Honey թեյարանի հիմնադիր և սեփականատեր Արտուշ Եղիազարյանը:

Թեպետ Արտուշ Եղիազարյանն ասում է, որ սա հետաքրքիր առիթ է առաքելու հաճախորդների սիրած թեյերը, մեղր, տարբեր առողջ ուտելիքներ, թխվածքներ, սակայն այս պայմաններում հնարավոր չի համարում շահույթ հետապնդելը: 

«Գյումրին փոքր քաղաք է, մոտ 100 հազար բնակիչ էլ չկա, Շիրակն էլ Հայաստանի ամենաաղքատ մարզն է, Գյումրին էլ տուժած, նոր-նոր հազիվ ոտքի էինք կանգնում, ու այսպես եղավ: Ես չեմ ակնկալում, որ մեծ շահույթ կունենանք, անձնակազմին էլ ասել եմ, որ ընկերությունը թող շահույթ չունենա, իրենք գան, աշխատեն, իրենց օրվա հացը վաստակեն, թող ընկերությունը գումար չաշխատի»,- նշում է նա։

Ասում է, որ հիմա կարևորը միայն գումարը չէ, շատ կարևոր է էներգիան պահպանել․ «Հիմա ամեն ինչ կանգնած է, տնտեսությունը շատ-շատ է դանդաղել, միայն տնտեսությունը չի, մարդիկ էլ են դանդաղում: Անգլերեն մի բառ կա՝ մոմենտում, որը նշանակում է, թե երբ անիվը սկսում է պտտվել, էներգիան կա, երբ հետո դանդաղում, կանգնում է, հետո նորից թափ հավաքելը շատ-շատ դժվար է լինում, այսինքն՝ պետք է աշխատել ոչ միայն փող վաստակելու, այլև ընդհանուր էներգիան և հոսքը պահելու համար»,- ասում է թեյարանի հիմնադիրը։

Եղիազարյանն ասում է, որ այս դժվարին պայմաններում պետությունը պետք է իր աջակցությունն առավել ագրեսիվ իրականացնի, ինտենսիվ տնտեսական ծրագրեր իրականացնի, որ տնտեսությունները ոտքի կանգնեն ու պետությունն առաջ տանեն։

«Լսեցի Մակրոնի խոսքը, լրագրողների հետ ճեպազրույց էր անում, ներկայացրեց՝ ինչ էր քննարկել, ինչն էր տպավորիչ՝ իրենք պատրաստվում են շատ ագրեսիվ տնտեսական ծրագրեր իրականացնել հետկորոնավիրուսային շրջանի համար, պլանավորում են մայիսի վերջին-հունիսի սկզբին։ Ամենակարևոր բանը, որ իրենք չեն ուզում՝ պարտքով փող տալ տնտեսություններին և պետություններին, ասելով, որ իրենք արդեն պարտքի մեջ են ու այս դրության մեջ մի հատ էլ պարտքով գումար տաս, ավելի կխորացնի: Հիմա այստեղ կարևոր է, որ մեր պետությունը, հնարավորությունների սահմանում, իհարկե, ոչ միայն պարքով գումար տա արդեն պարտք ունեցողներին, այլև իր ռեզերվներից ինչքան հնարավոր է, ազգային անվտանգության խնդիրները հաշվի առնելով, որ պատերազմող երկիր ենք, կոնկրետ ներդրումներ անի տնտեսություների մեջ, չվախենա կոնկրետ ընկերություններին գումար տալ»,- ընդգծում է Եղիազարյանը։

Նշում է, որ քանի որ թեյարան-ռեստորանն այս պահին պրակտիկորեն գումար չունի, դիմել է պետության աջակցության ծրագրերից մեկին, սակայն, իր խոսքով, դա պարտքով՝ ցածր տոկոսով, փող տալու նման է, մինչդեռ արդյունավետ կլինի պետության կողմից ավելի պոզիտիվ քաղաքականություն վարելը․ «Ռեզերվային գումարները, որ առաջացել են, որ մեզ նման ընկերությունները ազնիվ ձևով հարկեր են մուծել մեր պետության համար, մենք սիրով մուծել ենք, հիմա այդ հարկերից ռեզերվային ֆոնդեր են առաջացել, վարչապետն ասում էր՝ փողը կա, բայց պետք է զգույշ լինել: Այո, պետք է զգույշ լինել, բայց միևնույն ժամանակ պետք է ագրեսիվ տնտեսական քաղաքականություն վարել, թե չէ մենք էլի կմնանք 2008-ի պես, երբ կրիզիս եղավ, բանկերը սկսեցին իրենց տոկոսները աշխատել, իսկ տնտեսավարողներին 10-15 տարի պետք եղավ, որ ոտքի կանգնեն»,- ասում է Եղիազարյանը։

Նշում է, որ այն ոլորտում, որում գործունեություն են ծավալում, սեզոնից դուրս արդեն դժվար է՝ հատկապես մարզում, կուտակվել են նաև պարտքեր ձմռան պասիվ շրջանում․ «Մենք հազիվ դուրս եկանք ձմռան ծանր սեզոնից և պետք է մտնեինք շատ լավ սեզոն՝ տուրիստական, մեծ հույսեր ունեինք, լավ սեզոնի ընթացքում բալանսի կգայինք, որ ոչ միայն պարտքերը փակեինք, այլև ռեզերվ հավաքեինք, որպեսզի նորից դիմացի ծանր ձմանը դիմանայինք: Այստեղ կտրվեց այդ կապը, և միանգամից մտանք սրա մեջ, արդեն պարտքեր ենք կուտակել, ոչ շատ, բայց ունենք՝ մոտ 2 միլիոնի չափ մեր գործընկերներին, որոնցից հումք ենք գնում, հարկային պարտավորություններ ունենք, շրջանառության հարկը պետք է մուծենք»։

Ասում է, որ պետությունն այս իրավիճակից պետք է դասեր քաղի, ինչպես նաև կարևոր է պետության և գործարարի ստեղագործական կարողությունները․ «Մենք արդեն գիտենք, որ վիրուսի հետ ապրելու ենք, ուրիշ ձև չունենք: Ես համոզված եմ, որ լավ է լինելու, ուղղակի պիտի սովորենք ապրել վիրուսի հետ ու կառուցենք դիմացի իրականությունը, դիմացի իրականությունը ֆինանս է պահանջում։ Այսօր մարդիկ տրամադրություն չունեն, էներգիա չունեն, քնած են տներում, պիտի տներից զոռով հանենք, նորից գործի դնենք, որ աշխատեն, ստեղծագործեն, փող աշխատեն, ապրեն, երջանիկ լինեն, ու այստեղ է, որ պետությունից պետք է պոզիտիվ մեսիջ գա, ու ոչ միայն պետք է գան ուղղակի խոսքեր, այլև գործեր, որ տեսնենք ու հավատանք վաղվա օրվան, որպեսզի այդ հույսն ու լույսը արթնանան, որ առաջ գնանք»,- նշում է Herbs&Honey թեյարանի հիմնադիրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am