«STARMUS VI» փառատոնին մնացել են հաշված օրեր. փառատոնը ճամփորդելու է Հայաստանով մեկ.ԿԳՄՍՆ

2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին:Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ:

Փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը:

Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, թե՛ գիտության և արվեստի ներկայացուցիչների, թե՛ լայն հանրության ընդգրկմամբ:

Փառատոնը լավ հնարավորություն է բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար և ամրապնդելու Հայաստանի դիրքը գիտության ու արվեստի համաշխարհային քարտեզի վրա:

Փառատոնի մասնակցության հիմնական տոմսն ընդգրկում է սեպտեմբերի 5-9-ը մարզահամերգային համալիրի տարածքում անցկացվող բոլոր կոնֆերանսներն ու համերգները։ Մեկնարկի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ Տիգրան Համասյանի (Մարկ Կարապետյանի, Արթուր Հնատեկի մասնակցությամբ) Դերեկ Շերինյանի կատարումներով (Սայմոն Ֆիլիպսի և Ռիք Ֆիերաբրաչիի մասնակցությամբ) և Էդվարդ Մոսերի դասախոսությամբ (մուտքը՝ մեկնարկի համերգի տոմսով):

Փառատոնը ճամփորդելու է Հայաստանով մեկ՝ ուսանողներին ու աշակերտներին բերելով առաջատար գիտնականների ու նոբելյան մրցանակակիրների գիտելիքն ու փորձը։ Հանրայնացման ծրագրի շրջանակում փառատոնի խոսնակները՝ Ջիմ Բաղյանը, Գարիկ Իսրայելյանը, Քիփ Թորնը, Չառլի Դյուկը, Նագին Կոքսը, Ջոել Փարքերը, Դեյվիդ Էյքերը, Թոնի Ֆադելը, Դոննա Սթրիքլենդը, Ժան֊Ժակ Դորդենը և այլք, կհանդիպեն ՀՀ բուհերի և տարբեր համայնքների (Գյումրի, Վանաձոր, Դեբեդ) տիեզերքով ու գիտությամբ ոգեշնչված երիտասարդների հետ՝ բաց դասախոսությունների ձևաչափով։

Փառատոնի և ծրագրի մանրամասները հասանելի են հետևյալ հղումով:

Նշենք, որ «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնն անցկացվում է ՀՀ Կառավարության աջակցությամբ: