Դավիթ Հարությունյան. «ԼՂ հարցով ենթահանձնաժողովը վերականգնելով ԵԽԽՎ-ն խայտառակեց իրեն»

Դավիթ Հարությունյան. «ԼՂ հարցով ենթահանձնաժողովը վերականգնելով ԵԽԽՎ-ն խայտառակեց իրեն»
Դավիթ Հարությունյան. «ԼՂ հարցով ենթահանձնաժողովը վերականգնելով ԵԽԽՎ-ն խայտառակեց իրեն»

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը խայտառակեց իրեն՝ վերականգնելով ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը։
Դավիթ Հարությունյանի խոսքով, Վեհաժողովը իրեն այս կերպ ակնհայտ կողմնակալ է պահել:
Անցած ուրբաթ օրը կայացած ԵԽԽՎ Բյուրոյի նիստի ժամանակ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն ի վերջո վերականգնեց արդեն քանի տարի չգործող ԵԽԽՎ ղարաբաղյան հարցով ենթահանձնաժողովը, որի ղեկավար է ընտրվել Հորդի Չոկլա ի Կոստան:

Ենթահանձնաժողովի կազմում են Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները, մեկական ներկայացուցիչներ երկու երկրների ընդդիմությունից, յուրաքանչյուր երկրի հարցով համազեկուցողները, ինչպես նաև այն քաղաքական խմբերի ներկայացուցիչները, որոնք ընդգրկված չեն այդ կազմում։

«Մեր մտահոգությունն այն էր, որ փոխանակ մենք մտածենք՝ ինչպես մեր հարաբերությունները բերենք ավելի քաղաքակիրթ դաշտ՝ հայտնվելով հանձնաժողովում, որտեղ կան կողմնակի դիտորդներ, մենք ստեղծում ենք նոր հարթակ՝ փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելու, այլ ոչ թե ուղիներ փնտրելու իրար հետ քաղաքակիրթ բանավիճելու համար»,– հայտարարել է պատվիրակության ղեկավարը։

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ–ն քաջ գիտակցում է, որ նա չի կարող գործ ունենալ այնպիսի հարցերի հետ, որոնք վերաբերում են զինված ուժերին, տարածքներին ու փորձում է այդ հարցերը փոխարինել մարդասիրական հարցերով, ինչը սակայն անիմաստ է քննարկելը, քանի որ բոլոր հարցերը մեկ փաթեթով քննարկվում են մինսկյան գործընթացում։

Այդուհանդերձ, Հարությունյանը ասել է, թե ենահանձնաժողովի վերստեղծումը չի նշանակում, թե հայկական պատվիրակությունը նախաձեռնության հեղինակ ԵԽԽՎ ներկա նախագահ Մեւլութ Չավուշօղլուի օրոք կսառեցնի իր անդամությունը ԵԽԽՎ-ին:

«Ես դա հնարավոր չեմ համարում»,- ասել է Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանը, փաստացի միայն ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերստեղծման հարցով է դժգոհ ԵԽԽՎ-ից, մյուս հարցերի առնչությամբ ասել է, թե դժգոհություններ չունի:

Հարությունյանը նշել է, որ մարդու իրավունքների նկատմամբ ԵԽԽՎ մոտեցումների առումով ինքը հիասթափված չէ Վեհաժողովից, եւ «դեռ այդ առումով որոշակի պատրանքներ» ունի:

© Medialab.am