Երբ իրար կխժռեն այդ երկու անպիտան բևեռները, հաղթողին էլ կսատկացնի ժողովուրդը. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

– Մամուլն այսօր գրել է, թե Նիկոլ Փաշինյանը խոստացել է մարտի 9-10-ին հրաժարական տալ: Որքանո՞վ է այս փուլում դա հնարավոր, դատելով նրա քայլերից՝ կա՞ այսօր նման հավանականություն:

– Ես այդպիսի տեղեկություններին համաձայն չեմ: Հավանաբար խոսքն այն մասին է, որ առկախված է մնացել գլխավոր շտաբի հետ կապված խնդիրը: Այսինքն՝ կա՛մ պետք է գլխավոր շտաբի նոր պետ նշանակվի, կա՛մ պետք է հրամանագիրն անվավեր ճանաչվի: 

Հիմա ոչ մեկն է եղել, ոչ մյուսը, և կարծես թե բոլոր խոստացված ժամկետները սպառվել են: Սա նման է «Կովկասի գերուհին» հայտնի ֆիլմին, որում դերասան Էտուշը տեղական շրջաններից մեկի ղեկավարին ասում է. «Կա՛մ ես նրան կտանեմ զագս, կա՛մ նա ինձ կտանի դատախազի մոտ»: 

Այս դեպքում էլ մի հանգուցալուծում պետք է տեղի ունենա: Երևի դրա հետ կապված Բաղրամյան պողոտայում հավաքված հակաժողովրդավարական ուժերի, այդ կոռուպցիոն խմբերի ներկայացուցիչներն իրենց լրատվամիջոցների միջոցով փորձում են այդ տեղեկությունը տարածել: Ես այդպես եմ գնահատում: Դա տեղեկատվական պատերազմի մի բաղադրիչ է:

– Այնուամենայնիվ, ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանն իրեն ցանկալի մեկին նշանակի գլխավոր շտաբի պետ: Արդյոք բոլոր վտանգները կչեզոքանա՞ն՝ բանակի կողմից քաղաքականությանը ներգրավվելու առումով:

– Դե, մենք տեսանք, որ բանակն իրականում իրեն հեռու է պահում քաղաքական գործընթացներից: Գլխավոր շտաբի վերնախավը, ըստ էության, ընդվզեց, այն որոշումների դեմ, որոնք ենթադրում են պատասխանատվություն իր համար: 

Գլխավոր շտաբը երևի համարում է, որ իրենք պետք է պարգևատրվեն 44-օրյա պատերազմում իրենց գործունեության համար, պատերազմի արդյունքների համար: 

Միգուցե դա է իրենց պատկերացումը: Ինձ համար պարզ է, որ և՛ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, և՛ ԳՇ ցանկացած ներկայացուցիչ պետք է պատրաստ լինեն, որ իրենց պատասխանատվության ենթարկեն պատերազմում մեր զինված ուժերի անհաջողությունների համար, դուր է գալիս դա իրենց, թե ոչ:

Միգուցե կան մարդիկ, որոնք համարում են, որ բանակը պատերազմի համար չի, մարտական գործողությունների համար չի, զորահանդեսների համար է կամ պահակային ծառայության համար է, և մեղադրում են քաղաքական իշխանություններին, թե ինչու բանը հասցրին պատերազմի, կամ ինչու արագ չհանձնվեցին: 

Դրանք անլուրջ խոսակցություններ են: Փաստն այն է, որ մենք պատերազմում ունենք խայտառակ պարտություն, և զինված ուժերի ղեկավարությունը պատասխանատու է այդ պարտության համար այն մասով, որը վերաբերում է զինված ուժերին: 

Այն մասով, որով մեզ համար ակնհայտ է, որ կառավարությունն է տապալվել, դա էլ կառավարության պատասխանատվությունն է, և դա այլ հարց է, որը չի փոխարինում կամ չի վերացնում գլխավոր շտաբի պատասխանատվությունը պարտության համար: 

Այս հարցում հանգուցալուծումը պետք է այսպես լինի. Նիկոլ Փաշինյանը պետք է իր քաղաքական հակառակորդներին վերացնի, հաջորդ փուլում ժողովուրդը պետք է վերացնի Նիկոլ Փաշինյանին իր համախոհներով: 

Որովհետև երկու բևեռն էլ պատասխանատու է ժողովրդի առջև: Այսօր ժողովուրդը չի խառնվում այս գործընթացին, չեզոք է մնում, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ սա իրենց ներքին հարցն է:

– Ընտրությունների միջոցո՞վ պետք է հասնել վարչապետի հեռացմանը, թե՞ պետք է մեծ ճնշում, և հասարակական պահանջի արդյունքում դա տեղի ունենա:

– Հասարակական պահանջ կա, և ակնհայտ է, որ պետք է արտահերթ ընտրություններ լինեն: Իհարկե մարդիկ կուզեին, որ ցիվիլ եղանակով իշխանափոխություն լիներ, բայց եթե տեսնեն, որ այդ ճանապարհով չի զարգանում իրադրությունը, կարող է նաև ընդվզում լինել: 

Այդ ընդվզման ճանապարհին խոչընդոտը նախկին ռևանշիստական ուժերն են, որոնք գրավել են փողոցը, քանի որ ժողովուրդը Փաշինյան-նախկին քաղաքական էլիտա կոնֆլիկտի մեջ անելիք չունի: 

Դա նրանց ներքին կռիվն է, թող իրար խժռեն: Մարդիկ մտածում են՝ ինչքան շատ իրար խժռեն, այդքան լավ, արդյունքում նրանցից ով հաղթի, այդ հաղթողին կսատկացնի ժողովուրդը: Դա կլինի ընտրությունների արդյունքում, թե այլ կերպ՝ կյանքը ցույց կտա: 

– Այսինքն դուք կարծում եք, որ հասարակությունը նույնպե՞ս պահանջում է վարչապետի հրաժարականը, չնայած իշխանությունները պնդում են, որ այդպիսի հասարակական պահանջ չկա: 

– Դե, խաբում է իշխանությունը: Այսօր և Նիկոլ Փաշինյանն է խաբում, իր թիմը դարձել է ապատեղեկատվություն տարածելու աղբյուր, և այն հակաժողովրդավարական, ռևանշիստական ուժերը, որոնք նախկին էլիտայի ներկայացուցիչներ են, և իրենք էլ են ապատեղեկատվության կենտրոն: 

Մեր ժողովուրդը հայտնվել է ապատեղեկատվության լուրջ ալիքի, ցունամիի ճնշման տակ: Երկու կողմն էլ փորձում է խաբեությամբ հասնել իրենց նպատակներին: 

Մեկն ուզում է պահել իշխանությունը, մյուսն ուզում է գրավել իշխանությունը: Ժողովուրդն էլ հասկանում է, որ այդ ամենը իր շահերի հետ կապ չունի: 

Այդ աթոռակռիվը, որ ծավալվել է Նիկոլ Փաշինյանի և նախկին էլիտայի ներկայացուցիչների միջև, մեր հայրենիքի, մեր պետության, մեր ժողովրդի շահերի հետ որևէ առնչություն չունի: 

Դա այդ նեղ խմբերի անձնական խնդիրների դաշտում է, դրա համար էլ հանրությունն անտարբեր է թե՛ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ մասնակցել իր կազմակերպած ցույցերին, թե՛ այս հակաժողովրդավարական, կոռուպցիոն ուժերի կոչերին՝ միանալ «Նիկո՛լ, հեռացի՛ր» պայքարին: 

Ստեղծվել է պատային իրավիճակ, երբ ժողովուրդը սպասում է, թե ե՛րբ են իրար խժռելու այդ երկու անպիտան բևեռները, իսկ հաղթողի վերջն էլ արդեն ժողովուրդը կտա: Մոտավորապես սա է ընդհանուր պատկերը, որը քաղաքական իրադարձությունների հիմնական թրենդն է: 

Այս աթոռակռվի մեջ ներգրավված ուժերը հասկանում են, որ իրենք իրար անհրաժեշտ են, որովհետև իրենք գիտեն, որ և ժողովրդից բան են ուզում խլեն, տանեն, և գիտեն, որ վերջում պետք է պատասխան տան: 

Դրա համար որքան էլ ձև բռնեն, թե իրար դեմ են պայքարում, իրականում մեկը մյուսի հետ փորձում է ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել, համատեղ լուծումներ գտնել: 

Մարդիկ կորցրել են վստահությունը այդ բոլոր միավորների նկատմամբ, և նրանք այսօր զբաղեցնում են քաղաքական տիրույթը քաղաքական առումով անպտուղ ու անիմաստ գործունեությամբ: 

Մանե Հարությունյան

MediaLab.am