«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը
– Պարո՛ն Սաֆրաստյան, Իսրայելի կառավարությունը միաձայն հավանության է արժանացրել ԱԳ նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը: Ադրբեջանն ու Թուրքիան արդեն հասցրել են իրենց դժգոհությունն արտահայտել այս կապակցությամբ: Ինչո՞վ է պայմանավորված Իսրայելի կառավարության այս որոշումը:
– Իսրայելը սա պետք է շատ վաղուց աներ, քանի որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենախոշոր ցեղասպանություններից է, ինքը, ենթարկվելով ցեղասպանության, տասնյակ տարիներ փաստորեն չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Բարոյական առումով՝ Իսրայելը սա առաջին հերթին իր համար է արել:
Ակնհայտ է, որ սա արված է քաղաքական նպատակներից ելնելով, որովհետև Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները հիմա կտրուկ վատացել են: Սա իհարկե լավ չէ, որովհետև Հայոց ցեղասպանության խնդիրը մտցվում է քաղաքական պայքարի դաշտ: Իսկ այն, որ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, ակնհայտ է, ու Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը հենց այդ ժխտողական քաղաքականության հետևանքն եմ ես համարում:
Ադրբեջանն էլ, քանի որ Իսրայելը ըստ էության իր դաշնակիցն է, գիտենք, թե ինչ ռազմական համագործակցություն կա, քաղաքական քայլ է արել. մի կողմից Թուրքիային է ցույց տալիս, որ ինքը շարունակում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, մյուս կողմից էլ՝ չեմ կարծում, որ Իսրայելի կառավարության այս կարևոր որոշումը լուրջ վտանգ է Իսրայելի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության համար:
– Իսկ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների սրումը ինչպե՞ս եք բացատրում։ Սա միայն ընթացիկ քաղաքական լարվածությո՞ւն է, թե՞ Մերձավոր Արևելքում ազդեցության համար ավելի խորքային պայքար։
– Թուրք-իսրայելական հարաբերությունների սրումը՝ ռազմավարական առումով ընկալում եմ որպես երկու պետությունների միջև աշխարհառազմավարական պայքար՝ Մերձավոր Արևելքում դիրքերն ուժեղացնելու համար:
Սրա օրինակը կարող ենք տեսնել Սիրիայում. երբ այնտեղ տեղի ունեցավ իշխանափոխություն, սկզբնական շրջանում ակնհայտ էր, որ Թուրքիան մեծ ազդեցություն ունի, բայց կարծես թե Իսրայելին հաջողվեց օգտագործելով Սիրիայի հարավային շրջաններում իր ազդեցությունը որոշ չափով թուլացնել Թուրքիայի ազդեցությունը Սիրիայի քաղաքականության վրա, բայց որոշ չափով, իհարկե:
Այնպես որ, պայքար կա երկու երկրների միջև, ու երկուսն էլ ԱՄՆ-ի դաշնակիցներն են: Այդ պայքարի հիմնական պատճառը, ես կարծում եմ, այն է, որ ամերիկացիները հայտարարել են, որ իրենք Մերձավոր Արևելքում կամաց-կամաց թուլացնելու են իրենց ազդեցությունը, ինչի հետևանքով կարող է վակուում առաջանալ, ու այդ երկու երկրները փորձում են լրացնել այն: Սա իհարկե ապագայի խնդիր է, բայց հիմա մենք արդեն տեսնում ենք այդ աշխարհառազմավարական պայքարի առաջին արտահայտություններն այդ երկուսի միջև:
– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների լարվածության ֆոնին Իսրայելում կրկին օրակարգ է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Ձեր գնահատմամբ՝ սա կարելի՞ է դիտարկել որպես Թուրքիայի վրա քաղաքական ճնշման գործիք, թե՞ Իսրայելի ներսում տեղի ունեցող առանձին գործընթաց է։
– Ներկա լարվածության ֆոնին Իսրայելը փորձեց այս կերպ հակազդել Թուրքիային, բայց, բնականաբար, չի ստացվի սրանով հակազդել, փորձեցին մի բան անել Թուրքիայի նկատմամբ:
– Իսկ հնարավո՞ր է, որ հայտարարությունների կամ այլ գործընթացների ֆոնին Իսրայելը հետ կանգնի այս որոշումից:
– Չեմ կարծում, որ խոչընդոտներ լինեն այս որոշման մասով, Իսրայելում մի քանի անգամ այս հարցը քննարկվել է, բայց երբեք չի հասել ճանաչման փուլ: Ցավոք սրտի, ցեղասպանությունների ճանաչման թեման շարունակում է մնալ քաղաքական նպատակներից արվող քայլ: Իհարկե, կան դեպքեր, որ պետությունները ճանաչում են ոչ թե քաղաքական նպատակներից ելնելով, այլ՝ բարոյական դրդապատճառներից: Օրինակ՝ Ուրուգվայը Թուրքիայի հետ որևէ խնդիր չուներ, բայց 1965-ին Հայոց ցեղասպանությունը առաջինը ճանաչած երկիրն էր, իհարկե, այս հարցում մեծ է նաև հայկական լոբբիի, Հայ դատի դերը:
Բայց պարզ է, որ Թուրքիային ստիպել չի ստացվում ու չի ստացվի, որ նա ճանաչի այս փաստը, դա պետք է ներքին գործընթաց լինի: Մենք դրա նշույլները Թուրքիայում տեսանք մոտ 15 տարի առաջ, որ որոշակի խմբեր նմանատիպ ձգտումներ ունեին, բայց հիմա նրանք էլ գոյություն չունեն: Ես հույս ունեմ, որ վաղ թե ուշ այդ ներքին գործընթացը կլինի Թուրքիայում, ու այդ երկրի հասարակությունը վերջապես կորոշի առերեսվել պատմական ճշմարտության հետ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















