Աշոցքի տարածաշրջանում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 16։20-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Մասիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Ճամբարակի, Վանաձորի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ 

Աշոցքի տարածաշրջանում, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է։ Ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։ Ջաջուռի և Քեթիի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ ճանապարհով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ 

Ստեփանավան-Յաղդան-Այգեհատ, Օձուն-Արևածագ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։