Կրակոցները տևել են ժամուկեսից ավելի․ Հարավի գյուղապետը՝ հրադադարի երեկվա խախտման մասին․ Factor.am

Երեկ՝ ժամը 22․30-ի սահմաններում, ադրբեջանական կողմից սկսվեցին կրակոցները մեր դիրքերի ուղղությամբ․ այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։

«Ժամուկեսից ավելի շարունակվել են կրակոցները, մինչև որ ռուս խաղաղապահները եկան, բարձրացան այդ դիրք, որի ուղղությամբ կային կրակոցները։ Գիշերը ժամը 1-ի կողմերն են բարձրացել դիրքեր։ Դրանից հետո իրավիճակը հանգիստ էր, մինչև հիմա էլ հանգիստ է»,-մանրամասնեց գյուղապետը։

Նա նշեց, որ ադրբեջանցիները կրակել են ավտոմատից, գնդացրից։ Այլ զինատեսակներ, ըստ Ղազարյանի՝ չեն կիրառվել։ Հարցին՝ բնակչության շրջանում ի՞նչ տրամադրություններ են, գյուղապետը նշեց․

«Ապրում ենք մեր հարազատ գյուղում, խուճապ չկա, մենք պիտի մեր տեղում ապրենք։ Խուճապային տրամադրություն նույնիսկ կրակոցների ժամանակ չի եղել։ Ճիշտ է՝ երեխեքն այնպես չէ, որ չեն վախենում, բայց ամեն մեկն իր տեղում, նույն կյանքով ապրում է։ Գյուղի ջահելները երեկ մինչև ժամը 2-ը, 3-ը սպասում էին՝ գյուղը պաշտպանելու համար։ Մենք պատրաստ ենք մեր գյուղը պաշտպանել։ Գյուղում որքան ջահել տղա կա, որ կարող է զենք բռնել՝ բոլորն էլ կարող են գյուղը պաշտպանել»։

Հիշեցնենք, որ երեկ Արցախի ՊԲ-ն հայտարարություն տարածեց, որ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել էր Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: