«Ռուսաստանից միասին եկանք Հայաստան, որ որդիս ծառայի, հետո միասին պետք է վերադառնայինք». մայրը հիշում է որդու վերջին խոսքը՝ չլացես, դուխդ բարձր

47-ամյա Գայանե Մանուշակյանը կարոտով ու երանությամբ է հիշում 2019-ի դեկտեմբերի 23-ը. այդ օրը որդին՝ 20-ամյա Արարատը, հնգօրյա խրախուսական արձակուրդ էր ստացել և առանց տան անդամներին տեղեկացնելու անակնկալ եկել էր տուն։ «Մեզ անակնկալ արեց, մենակ եղբորն էր ասել, որ գալու ա։ Էդ էղավ մեր վերջին հանդիպումը»,- պատմում է մայրն ու հուզմունքով նշում, որ չարաբաստիկ պատերազմի հետևանքով այլևս որդուն չտեսավ։

Արարատ Մինասյանը ծառայել է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զորամասում, հակատանկային էր։ 1 տարի 8 ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը: Պատերազմն սկսվելուն պես տեղափոխվել է Թալիշ։ 

Մայրը պատմում է․ «14 հոգանոց ջոկատն ուղարկել են Թալիշ, բաժանել երկու մասի, Արարատենց ջոկատը մեկնել է իրենց դիրքը, մարտի բռնվել թշնամու հետ… Առաջին հարվածից հետո Արարատը մենակ ա մնացել, կապվել ա հրամանատարի հետ, ասել ա՝ մենակ ա դիրքում, հրամանատարը հրամայել ա միանալ կողքի դիրքին, դրանից հետո իրա հետ կապը կտրվել ա»,- պատմում է Գայանեն ու նշում, որ որդին այդ օրվանից շուրջ 4 ամիս անհետ կորած է եղել։

Մայրն ասում է՝ 4 ամիս հույսով սպասում էին որդուն, փնտրում էին ամենուր, սակայն որևէ տեղեկություն չէին ստանում։

«4 ամիս հույս ենք ունեցել, որ ողջ ա, ամուսինս երեք անգամ գնացել ա Ղարաբաղ, բայց ոչ մի լուր ու ինֆորմացիա։ Մենք մտածում էինք՝ ինքը կա, գալու ա, հնարավորություն չունի զանգելու»,- հիշում է Գայանեն ու կրկին հուզվում։

4 ամիս անց՝ հունվարի 18-ին, ընտանիքի անդամները ստացել են որդու մահվան բոթը։

«Զանգեցին, ասացին, որ գտել են մարմինը։ Պատկերացրեք՝ հույսով ապրում էինք, դրանից հետո կարծես ապրելու ցանկություն չունեինք, կոտրվել ենք, ամեն տեսակ հույս մարեց»,- ասում է որդեկորույս մայրը։

Հետագայում ծնողներն իմացել են, որ սեպտեմբերի 28-ին որդին զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։

Գայանեն պատմում է, որ մինչև Արարատի ծառայության մեկնելը ընտանիքով ապրել են Ռուսաստանում։ Երբ հասել է Արարատի ծառայության տարիքը, ընտանիքով որոշել են վերադառնալ հայրենիք, որպեսզի Արարատը ծառայի, այնուհետև կրկին վերադառնան Ռուսաստան։

«Իրա հետ միասին եկանք, որ ինքը ծառայի, հետո միասին պետք ա վերադառնայինք, բայց հիմա մնացել ենք էստեղ, որովհետև չենք կարող թողնել որդուս շիրիմը»,- ասում է Գայանեն ու նշում, որ կյանքը գլխիվայր շրջվել է պատերազմի հետևանքով։

Արարատը Մինասյանների կրտսեր որդին էր։ Մոր խոսքով՝ որդին կատակասեր էր, բարի, նվիրված։ Սիրում էր գրաֆիկական նկարներ անել, սակայն իր մեծ երազանքն էր շեֆ խոհարար դառնալ, սեփական ռեստորան ունենալ։ Ռուսաստանում հաճախել է խոհարարական դասընթացներ և աշխատել ռեստորաններից մեկում։ Մայրն ասում է՝ որդին ամենաշատ սիրում էր աղցաններ պատրաստել։ Տոնական օրերին էլ մորն օգնում էր սեղան գցելու հարցում․ «Էդ օրերին ինքն էր աղցանները պատրաստում»,- հիշում է ու հուզվում մայրը։

Գայանեն ասում է՝ որդին Սոչի քաղաքում սիրած աղջիկ ուներ, ցանկանում էր ամուսնանալ, ընտանիք կազմել․ «Էդ աղջիկը մինչև հիմա կապի մեջ է մեզ հետ»։

Արարատը նաև ընկերասեր էր, ընկերական մեծ շրջապատ ուներ, Մինասյանները հաճախ են իրենց տանը հյուրընկալում որդու ընկերներին, ապրում որդու մասին հիշողություններով ու պատմություններով։ «Տղաները գալիս են, պատմում, հիշում են, որ Արարատը պոզիտիվ մարդ էր, խաղաղության աղավնու նման էր, թույլ չէր տալիս, որ ընկերների միջև վեճ լիներ»։

Գայանեն ասում է՝ ամեն վայրկյան հիշում են որդուն, նրա խոսքերը, նրա ձայնը։ 

«Հիշողություններով ենք ապրում, օրվա ընթացքում պահ չկա, որ իրան չհիշենք, թե ինքը ոնց էր անում, ինչ էր անում։ Չեմ մոռանում նաև իր վերջին զանգը, ծիծաղելով էր խոսում, ասեց՝ ստեղ ոչ մի բան չկա, չլացես, դուխդ բարձր»,- պատմում է ու լռում որդեկորույս մայրը։
Արարատ Մինասյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Հուղարկավորված է Նոր Հաճնի պանթեոնում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am