Ինչո՞ւ է Էրիկ Իսրայելյանը որոշել հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից. բռնցքամարտիկն ու պատկան մարմինները՝ ռինգի տարբեր անկյուններում

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի զգայական գրառումը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և այլ երկիր մեկնելու մասին բուռն արձագանքի առիթ է հանդիսացել: Բռնցքամարտիկը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից ու մեկնում այլ երկիր՝ այնտեղ շարունակելու իր կարիերան։

​​Էրիկ Իսրայելյանը 18 տարեկան է, միայն անցյալ տարի աշխարհի և Եվրոպայի առաջնություններից Հայաստան է վերադարձել 2 ոսկե մեդալով: Նա երիտասարդների Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն է, միջազգային կարգի սպորտի վարպետ:

Երիտասարդ բռնցքամարտիկը «Մեդիալաբին» ասում է՝ երկրից նեղացած չի հեռանում, նեղացած ու վիրավորված է որոշ պաշտոնյաներից, որոնք «իրենց դնում են չգիտեմ ինչի տեղ»։

«Վիրավորանքից դրդված եմ այս քայլին գնում, քանի որ մեր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը մինչև օրս նախ՝ չի շնորհավորել ինձ, երկրորդ՝ չի կանչել իր մոտ ու շնորհակալություն հայտնի, որ աշխարհի չեմպիոն եմ դարձել, մեր հայ ազգի անունը բարձր եմ պահել։ Մինչ օրս ինձ ոչ մի բան չեն արել»,- «Մեդիալաբին ասում է Էրիկ Իսրայելյանը։

Բռնցքամարտիկը չի ցանկանում ասել, թե որ երկիր է պատրաստվում գնալ՝ «դա միայն ես գիտեմ»։ 

Իսրայելյանը ասում է՝ վիրավորված է ոչ միայն ֆեդերացիայի նախագահից, այլ նաև՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանից, որը, ըստ Էրիկ Իսրայելյանի, ինչ-որ բան է խոստացել ու չի արել։ Թե ի՞նչ են խոստացել ու չեն արել, բռնցքամարտիկը հրաժարվեց ասելուց, փոխարենը մեզ խորհուրդ տվեց դիմել կոնկրետ անձանց։

«Թող իրենք էլ ասեն։ Եթե աշխատես ու գումար չստանաս, էլ չես աշխատի, չէ՞, նույնն էլ ինձ մոտ է։ Մինչև օրս խաբում են, ու էլ ցանկություն չկա մնալ այդտեղ»,- ասում է բռնցքամարտիկը։

«Մեդիալաբի» հարցերին ի պատասխան, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Գագիկյանը նշում է, որ ֆեդերացիայի նախագահի ու Էրիկ Իսրայելյանի միջև անձնական որևէ խնդիր կամ կոնֆլիկտ չի եղել, ինչը, ի դեպ, հաստատում է նաև բռնցքամարտիկը։

«Ֆեդերացիայի նախագահն անձա՞մբ պետք է գնար օդանավակայան դիմավորեր, ֆեդերացիան ունի հստակ աշխատակարգ, ֆեդերացիայի պաշտոնյաները բոլոր դեպքերում գնում-դիմավորում են։ Ինքը, ինչպես մյուս մարզիկները օգտվել են ֆեդերացիայի բոլոր հնարավորություններից՝ ինքն ավելի շատ, քան մյուսները, օրինակ՝ երբ գնացել են Իսպանիա աշխարհի առաջնություն, ամբողջ թիմը գնացել է ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի անձնական միջոցների հաշվին։ Հիմա էլ ինքը չգիտեմ թե ինչ է ուզում»,- «Մեդիալաբին» ասում է Սահակ Գագիկյանը։

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը վստահեցնում է, որ ֆեդերացիան, ինչպես նաև ֆեդերացիայի նախագահը որևէ մեկի նկատմամբ որևէ նախատրամադրվածություն չունեն, այդ թվում՝ Իսրայելյանի։

«Շնորհավորանք եղել է, հատուկ շնորհակալակագի՞ր է ուզում, ոնց որ մյուս մարզիկները, նույն ձևով էլ ինքը, այսինքն՝ ոչ մեկից ինքը ո՛չ առավել է, ո՛չ պակաս։ Մի փաստ ֆիքսեմ՝ հունվար-փետրվար ամիսների սկզբին մեծահասակների առաջնություն է տեղի ունեցել Հայաստանում, Էրիկ Իսրայելյանը չմասնակցեց դրան, հիմա ո՛նց մեկնաբանենք՝ ի՞նքն է արհամարհում»,- ասում է Սահակ Գագիկյանը։

Չնայած փաստին, որ Գագիկյանն ընդգծում է, թե ֆեդերացիայում կա ընթացակարգ, որով էլ իրենք շարժվում են, այնուամենայնիվ, բռցքամարտիկը շարունակում է պնդել, որ մարզիչը չպետք է իրեն դիմավորեր օդանավակայանում։

«Ստում են, քանի որ իրենց ինչ ձեռք է տալիս, էդ են ասում։ Ընկերներս, ծնողներս են դիմավորել։ Մարզիչի գալը դիմավորե՞լ են համարում, պետք է դիմավորի ֆեդերացիայի նախագահը, փոխնախագահը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը»,- ասում է Իսրայելյանը։

Իրավիճակի շուրջ «Մեդիալաբը» փորձեց մեկնաբանություն ստանալ Կարեն Գիլոյանից: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ իրեն ուղղված մեղադրանքին շատ կարճ անդրադարձավ՝ ինքը որևէ խոստում չի տվել Իսրայելյանին։

«Ինձ հետ կապված անձնական որևէ խնդիր չկա։ Ես էլ ասում եմ՝ ինքը ճիշտ չի ասում։ Ես ինչ որ ասել եմ, ամեն ինչ արել եմ, մի բան էլ՝ ավելի, այլևս ոչինչ չեմ ուզում մեկնաբանել։ Վարչության համարը տամ, զանգեք ու ճշտեք, թե պետությունն ի՛նչ է արել նրա համար, երբ ասում է՝ ոչինչ չի արել պետությունը»,- «Մեդիալաբին» ասում է Կարեն Գիլոյանը։

ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչությունից էլ «Մեդիալաբին» փոխանցեցին տվյալները, թե օրենքով սահմանված կարգով ի՛նչ դրամական պարգևներ է հասնում Էրիկ Իսրայելյանին, որն էլ նա ստանում է։

«Էրիկ Իսրայելյանը 2022 թվականին, որպես աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող, տարեվերջյան պարգևատրություն է ստացել 1 միլիոն 500 հազար դրամ, որպես Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող՝ 800 հազար դրամ, դա միանվագ տարեվերջյան պարգևատրություն է, որը ստացել։ 2022 թվականին ինքը ստացել է նպաստ՝ 1 միլիոն 500 հազար դրամ՝ վեց ամսվա կտրվածքով։

Որպես Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող՝ 200 հազար դրամ է ստացել դեկտեմբերին, անվանական թոշակ է ստացել 12 ամիս՝ 1 միլիոն 200 հազար դրամ՝ ամսական կտրվածքով։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի արդյունքներով, մարզիկին հատկացվել է է 4 մլն 600 հազար դրամ:

2023 թվականին՝ այս պահին, ստանում է ամսական 200 հազար դրամ սպորտային նպաստ ու անվանական թոշակ՝ ամսական 240 հազար»,- «Մեդիալաբին» ասում են սպորտի քաղաքականության վարչությունից։

Վարչությունից հավելում են նաև, որ որևէ խոստում չեն կարող տալ, քանի որ իրավական ակտերով հստակ գրված է՝ թե ում ինչ դրամական միջոց է հասնում։ 

«Իսկ եթե ինչ-որ մեկը բնակարանի մասին է խոսում, նախարարությունը բնակարան չի տալիս ոչ մեկին, նման իրավակարգավորում չկա»,- ասում են վարչությունից։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am