«Եթե հանցագործությունն արել է ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի քույրը կամ եղբայրը, Հակակոռուպցիոն կոմիտեն չպետք է աչք փակի». Վարուժան Հոկտանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը

Պարո՛ն Հոկտանյան, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական նոր Հակակոռուպցիոն կոմիտեն կսկսի գործել աշնանը: Կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին անընդմեջ մարմիններ են ստեղծվում: Հաշվի առնելով նախորդ տարիների՝ այդ ուղղությամբ ձևավորված մարմիների գործունեությունը՝ ակնկալիք կա՞, որ այս կոմիտեն կարող է արդարացնել հանրության սպասելիքները:

-Դա խորհրդակցական մարմին չի լինելու, ինչպես նախկինում էր, որ կոչվում էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը հիմա կոչվում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ: Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեի մասին է, որը իրավապահ մարմին է, ինչպես ոստիկանությունը, ՀՔԾ-ն, Քննչական կոմիտեն:

Սա նույն իրավապահ մարմինն է, և այն խորհրդակցական գործառույթ չունի: Հիմնականում այն Քննչական կոմիտեի դեր է խաղալու: Ավելին՝ խոսակցություններ կան, որ ՀՔԾ-ն լուծարվելու է այս կոմիտեի ձևավորումից հետո: Սա նոր մարմին է, և մոտեցումներն էլ այլ պետք է լինեն:

Այսպիսի կոմիտեի ձևավորումից ինչպիսի՞ ակնկալիքներ կարող ենք ունենալ, որքանո՞վ ճիշտ մեխանիզմներ կարող են ներդրվել:

-Ընդհանրապես միջազգային և՛ փորձագիտական, և՛ ակադեմիական շրջանակներում ընդունված է ասել, որ կա կոնսենսուս, որ եթե կա մասնագիտացված հակակոռուպցիոն իրավապահ մարմին, դա պետք է որ ավելի արդյունավետ բացահայտի կոռուպցիոն հանցագործությունները, քան եթե դա մասնագիտացված մարմին չէ:

Այս դեպքում լիովին լինելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քրեական հետանդման ենթարկելուն ուղղված մարմին: Ընդունված մոտեցում է, որ եթե այդ մարմինն իսկապես գործի այնպես, ինչպես օրենքն է ասում, և ինչպես ընդունված է աշխարհում, դա բավականին կբարձրացնի արդյունավետությունը:

Իհարկե, եթե այդ ամենը կատարվի այնպես, ինչպես այդ ամենը կարգավորվում է և՛ օրենքով, և՛ նաև այն երկրների օրինակով, որոնք այսօր ունեն այդպիսի կոմիտե:

Նախկինների կուտակած հսկայական հարստության մասին անընդմեջ խոսում էին, կարծես թե ոչ մեկը այս պահին դեռ չի պատժվել: Ի՞նչ կարող է անել այս կոմիտեն:

-Դա ոչ թե հակակոռուպցիոն կոմիտեի գործն է լինելու հիմնականում, այլ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության, որը հենվելով տարբեր աղբյուրների վրա՝ իրականացնում է ուսումնասիրություններ, և արդեն երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործերը՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, մյուսը՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, ավարտված են: Եվ, փաստորեն, այս ճանապարհն է ընտրվել:

Նույնն արվել է Սերժ Սարգսյանի եղբոր աղջկա՝ Անիի դեպքում, Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի դեպքում, երկուսին էլ հրավիրել էին:

Երբ կոռուպցիոն հանցագործություն է եղել, և դրա արդյունքում կոռուպցիոն հանցագործություն կատարած մարդն ապօրինի ծագում ունեցող գույք ունի, այս հանձնաժողովն այդ հարցերն է քննելու:

Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հետաքննի ընթացքում եղած կոռուպցիոն հանցագործությունները, որոնց արդյունքում է այդ գույքն առաջանում, այսինքն՝ պետք է հենց պատճառները և ոչ թե հետևանքները կարողանա վերացնել: Իսկ կուտակած հարստությունների վերադարձը այդ վարչությունը պետք է ուսումնասիրի:

-Այս կոմիտեից արդյունավետ գործունեության ակնկալիքներ կա՞ն:

-Անկեղծ ասած, ես գուշակություններ չեմ սիրում անել և չէի ուզենա հիմիկվանից ասել, թե գիտեք՝ շատ լավ կլինի կամ շատ վատ կլինի: Իհարկե ես շատ կուզեի, որ լավ լինի, որովհետև իսկապես դեռ խնդիր կա: Եվ եթե 2018-19 թվականներին իսկապես առաջընթաց կար, ապա հիմա որոշ չափով կորոնավիրուսը, ապա պատերազմը որոշակի խնդիրներ առաջացրին:

Եվ պետք է հասկանալ՝ կկարողանա՞ արդյոք այդ կոմիտեն ավելի շատ հենց ներկայումս կատարվող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ աշխատել:

Բնականաբար, եթե կարողանան դա քննելիս դուրս գալ նաև նախկինների բացահայտմանը, բայց հիմնականում լինելու են այն կոռուպցիոն հանցագործությունները, ինչ տեղի են ունենալու իրենց գործունեության ժամանակ:

Հայտնի է, որ նախկին իշխանությունների ժամանակ էլ միլիոնավոր դոլարներ են տրամադրվել կոռուպցիայի դեմ պայքարին, սակայն, քաղհասարակության բազմաթիվ ներկայացուցիչների պնդմամբ, այդ պայքարն անարդյունավետ է եղել: Այնպես չէ՞:

-Արդյունավետ լինելու առաջին նախապայմանը, բայց ոչ միակ, քաղաքական կամքի առկայությունն է: Նախկինում քաղաքական կամք գրեթե չի եղել, երևի միայն այնքանով, որ արվում էին դեկլարատիվ հայտարարություններ և ընդունվում էին օրենքներ:

Եվ Հայաստանը, ստանձնելով միջազգային տարբեր պարտավորություններ, որոշակի օրենքներ ընդունեց, բայց լուրջ պայքար այդ ուղղությամբ չէր մղվում, քանի որ չկար քաղաքական կամք:

Շատ կարևոր է նաև խնդիրները ճիշտ դնելը, և ամենակարևորը՝ եթե կա ընդհանուր պատկերացում, թե ինչպիսին պետք է լինեն տնտեսական, քաղաքական և սոցիալական բարեփոխումները, որից և կբխի կոռուպցիայի դեմ պայքարը: Այդ համատեքստում կարող է հաջողություն գրանցել:

Եվ ամենակարևորը՝ չպետք է լինի խտրականություն, և այն չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով, այսինքն՝ եթե դու իսկապես պայքարում ես կոռուպցիոն հանցագործությունների դեմ, հանկարծ չլինի այնպես, որ եթե այդ հանցագործությունն արել է ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի քույրը կամ եղբայրը, կամ աղջիկը, նրան ընդառաջում ենք: Եվ չդիտարկվի, որ եթե մերոնքական է, աչքերը փակում ենք:

Մանե Հարությունյան

MediaLab.am