Ո՞ւր են կանանց պաշտպանող հակաեվրոպացի «տղամարդիկ». Ստյոպա Սաֆարյան

Ո՞ւր են կանանց պաշտպանող հակաեվրոպացի «տղամարդիկ». Ստյոպա Սաֆարյան
Ո՞ւր են կանանց պաշտպանող հակաեվրոպացի «տղամարդիկ». Ստյոպա Սաֆարյան

Երբ համացանցում տարածվեցին Անժելա Սարգսյանի լուսանկարները, շատ կոնկրետ մի խմբակ ամենավերջին կեղտոտ գրառումներն արեց այդ կնոջ հասցեին, հայհոյանքները տեղաց, առթն օգտագործեց ոչ ավանդական կրոնական ուղղությունների /Կյանքի խոսք եկեղեցու/ դեմ քարոզչություն անելու համար, ներկայացնելով թե այդ ամենը արդյունք է «այլասեռված» եվրոպական արժեքների ներթափանցման: Այն ժամանակ ոչ մեկ չհիշեց տղամարդկության, բարոյականության մասին, որ իրենց հարվածների տակ «ընկածը» կին է:

Երբ իմ գործընկեր Զարուհի Փոստանջյանը Ստրասբուգում կազինոյի մասին հարցն ուղղեց Սերժ Սարգսյանին, նույն խմբակի բազում անդամներ բառեր չխնայեցին ոչ ֆեյսբուքում, ոչ հրապարակավ, կրկին չհիշեցին, որ դիմացինը կին է, եւ առիթն օգտագործեցին կրկին քարոզելու, թե «եվրոպամետներից» ու եվրոպաներից լավ բան չի կարելի սպասել:

Երբ եվրատեսիլյան թեմայով Ինգան ու Անուշը անթույլատրելի հայտարարություններ արեցին, որին արձագանքեցին շատերը (այդ թվում ես` տեղին քննադատությամբ, բայց անընդունելի արտահայտչաձեւով), նույն խմբակը հիշեց «տղամարդկության, բարոյականության», կնոջ նկատմամբ հարգանքի անհրաժեշտության մասին, թեպետ իրենք քույրերին չխնայեցին /իմ հասցեին ասվածը դեռ հեչ, ես տղամարդ եմ եւ քննադատությանը սովոր քաղաքական գործիչ/, առիթն օգտագործեցին նրանց սկանդալի ներքո վերհիշելու «եվրոպական» այլասերվածությունը ու այն, թե «եվրոպամետներից» այլ բան սպասել չի կարելի: «Կնոջը» պաշտպանելիս չխուսափեցին մեղադրել նաեւ հարցազրույցը վերցրած մեկ այլ կնոջ՝ քույրերին իբր հարցերով «սադրելու» մեջ ու բառ չասելով ու չպաշտպանելով նրան, երբ նա գրեց, թե ձայնագրությունները չունենալն իր համար վերջ կլիներ ամեն առումներով եւ իր մանկահասակ երեխաները չէին կանխի իրեն… Այդ նույն խմբակը ավելի քան սրտնեղեց ու ագրեսիվացավ, երբ վատ խորհրդատուների զոհը դարձած քույրերը մի փոքր ուշացումով Ազատություն ռադիոկայանի ասուլիսում արժանապատվորեն ներողություն խնդրեցին, ինչը այդ խմբակին ամենեւին պետք չէր:

Երբ Շուշան Պետրոսյանը վիրավորեց «Ազատություն» ռադիոկայանի կին լրագրողին ու այլ լրագրողների, նույն խմբակի անդամները կրկին հակաարեւմյան դիրքերում էին՝ Շուշանը ճիշտ է արել այդ «ամերիկյան լրտեսներին» վիրավորելիս: Վերհիշեցին Ազատություն ռադիոկայանում Շուշան Պետրոսյանի չկայացած ասուլիսն ու վատ մեկնաբանությունները, Ինգայի ու Անուշի ասուլիսի տպավորություններն էլ թարմ էին: Ի դեպ, Շուշանն էլ մոտ է այդ խմբին /Արմենիայի եթերում խաղացող “շառմոտ որոշ ռուսախոս գիտունիկներ” եւ այլք/:

Երեկ, երբ լրագրող Սոսե Չանդոյանի հանդեպ Ազգային ժողովի տղամարդ պատգամավորն է սահմաններ անցել, այդ խմբակը լուռ է եւ չի նկատում, որ կնոջ են վիրավորել եւ չի պահանջում, որ նրանից ներողություն խնդրեն: Սոսե Չանդոյանի հանդեպ գռեհիկ վերաբերմունքը նրանց չի հետարքրում, քանի որ այդտեղ «եվրոպական/արեւմտյան» հետք չկա, մյուս կողմն էլ փողատեր է, որի քսակը կարող է պետք գալ, եթե իհարկե, արդեն պետք չի եկել:

Ո՞ւր եք, «տղամարդիկ»: Բա մի շոու կազմակերպեք Արմենիայով, «Հատման կետ» արեք՝ «Պե՞տք է մասնակցել հաջորդ Ազգային ժողովի ընտրություններին, եթե հաղթում են շմայսները» /դա ավելի կարեւոր է, քան հաջորդ տարի Եվրատեսլիլին մասնակցելը/, կանչեք Նաիրրա Կարապետյանին, որպեսզի գնահատական տա իր տղամարդ գործընկերոջ «տղամարդկությանը», հիմնավորի ԱԺ ընտրություններին կարեւորությունը «իսկական, քյոհնա տղամարդ» ընտրելու առումով, հայր Կոմիտասին էլ ձեռքերը ծնկներին խփելով, «Կոնչիտային հենց նոր տեսա» ահաբեկված հայացքով», «վույ, աման, աման, ամանա, Աստված» ժանրում ազգի համար ընթերցի սույն ստատուսս /թույլ եմ տալիս/ ու պատգամավորին բացատրի, որ ինքն էլ աղջիկներ ունի, տնաբույծ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ իրեն պատեպատ տա, փղերը ֆեյսբուքում ստատուսներ գրեն, Բլոգնյուզն էլ հայոց մատենագրությունը բազմացնի բազմաթիվ վավերագրված գրառումներով:

Ի՞նչ ասեմ՝ կամ մոռացել եք տղամարդկության մասին, որը հիշում եք ժամանակ առ ժամանակ, կամ ինքներդ է գիտեք, որ դուք իրականում կին չեք պաշտպանել, այլ կանանց սայթաքումներն ու վիրպումները ձեզ պետք են եղել կրեմլյան գիծը իրականացնելու համար: Հակաեվրոպական պրոպոգանդայի համար դեսպան Վոլինկինը ձեզ արդեն պտիչկա դրած ու վարձատրության ցուցակը Մոսկվա ուղարկած կլինի: Այնպես որ կարող եք կանանց հանդեպ վերջին սանձարձակություններին չարձագանքել: Իհարկե, ծով գնալու ժամանակն է, առաջադրանքը կատարված է, վարձատրողն էլ կլինի:

© Medialab.am