Զելենսկին հեռավար ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում

Նախօրեին Ուկրաինայի նախագահը ելույթով հանդես էր եկել Կանադայի խորհրդարանում, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին տեսաուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներին։

Զելենսկին իր ելույթը սկսեց ասելով, որ Կիևն ամեն օր ենթարկվում է ռուսական կողմի ռմբակոծությունների, բայց չի հանձնվում և չի պատրաստվում հանձնվել, ինչպես բոլոր ուկրաինացիները։ Նա հիշեցրել է, որ ուկրաինացիները ռուսական ագրեսիային դիմադրում են ոչ թե փետրվարի 24-ից, այլ արդեն ութ տարի՝ այն պահից, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, որը պատկանում է Ուկրաինային։

«Այժմ որոշվում է մեր երկրի և մեր ժողովրդի ճակատագիրը, թե արդյոք ուկրաինացիները կմնան ազատության մեջ և կկարողանան պահպանել իրենց ժողովրդավարությունը։ Ռուսաստանը հարձակվեց ոչ միայն մեզ վրա, մեր հողի և մեր քաղաքների վրա: Այն ամենադաժան հարձակում գործեց մեր արժեքների վրա… մեր սեփական երկրում ազատ ապրելու և սեփական ապագան կերտելու մեր իրավունքի վրա»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Այս իրավիճակում, նշել է Զելենսկին, Ուկրաինային և, հետևաբար, ողջ Եվրոպային մեծապես կաջակցի դաշնակից ավիացիան ուկրաինական երկնքում։

«Դուք բոլորդ գիտեք «Ես երազանք ունեմ» արտահայտությունը։ Այնպես որ, ես կարիք ունեմ պաշտպանելու մեր (ուկրաինական) երկինքը։ Եվ դրա համար ես ձեր որոշման և ձեր օգնության կարիքն ունեմ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Հեռակա կարգով դիմելով նախագահ Բայդենին՝ Զելենսկին ասել է. «Ես կցանկանայի, որ Դուք լինեք մոլորակի առաջնորդը, այսինքն՝ [հանուն խաղաղության] շարժման առաջնորդը»։

«Ուկրաինան երախտապարտ է Միացյալ Նահանգներին», – շարունակեց Զելենսկին,- «ամենաակտիվ աջակցության համար, այն ամենի համար, ինչ Ձեր կառավարությունն արել է մեզ համար… Նախագահ Բայդենի անձնական ներգրավվածության համար… Այնուամենայնիվ, ես Ձեզ կոչ եմ անում անել նույնիսկ ավելին. պատժամիջոցների նոր փաթեթներ պետք է սահմանվեն ամեն շաբաթ, քանի դեռ ռուսական ռազմական մեքենան չի կանգնել»։

«Ռուսաստանն այնպես է արել, որ Ուկրաինայի երկինքը մահ է բերում իր հազարավոր բնակիչներին», – ավելացրել է Զելենսկին և կոչ արել ԱՄՆ օրենսդիրներին շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, օգնել փակել երկրի օդային տարածքը, որպեսզի չեղարկվեն հրթիռային հարձակումները և ուժեղացնել պատժամիջոցները Կրեմլի և նրա կամակատարների դեմ:

Ռուսական ներխուժման դեմ պայքարում Ուկրաինայի առաջնորդը ձգտում է լրացուցիչ օգնություն ստանալ արևմտյան երկրներից, ու որպես միջոց օգտագործում է տեսահաղորդագրություններն ու տեսաուղերձները։

Մարտի 5-ին Զելենսկին արդեն դիմել է ամերիկացի օրենսդիրներին, որին ներկա էին Կոնգրեսի ավելի քան 280 անդամներ և սենատորներ։

Երեքշաբթի օրը՝ մարտի 15-ին, Ուկրաինայի նախագահը տեսաուղերձով հանդես է եկել Կանադայի խորհրդարանում: Նախատեսվում է նրա ելույթը Իսրայելի Կնեսետում: