Արդյոք «Կալաշնիկովի» արտադրության պատճառով Հայաստանը կարո՞ղ է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնվել. վերլուծաբաններ

Արդյոք «Կալաշնիկովի» արտադրության պատճառով Հայաստանը կարո՞ղ է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնվել. վերլուծաբաններ
Արդյոք «Կալաշնիկովի» արտադրության պատճառով Հայաստանը կարո՞ղ է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնվել. վերլուծաբաններ

Հայաստանում «Կալաշնիկովի» արտադրությունը կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ, քանի որ ամերիկյան կողմի՝ նախորդ տարի ընդունած որոշմամբ պատժամիջոցները տարածվում են նաև դրանց տակ հայտնված ընկերությունների հետ համագործակցողների վրա:

Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանի դեպքում ինչ քաղաքականություն կվարի ԱՄՆ-ը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Նշենք, որ օգոստոսի 21-ին Royalsys Engineering ltd ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետությունում «Կալաշնիկովի» նոր՝ АК-12 և АК-1 նմուշների արտադրություն հիմնելու նպատակով: Մասնագետները վտանգ են տեսնում այս գործարքում՝ հաշվի առնելով փաստը, որ 2014 թվականից, ի թիվս ռուսական այլ ընկերությունների, «Կալաշնիկով» կոնցեռնը նույնպես հայտնվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում:

«2014 թվականից Ռուսաստանի մի քանի ոլորտներ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցների տակ հայտնվեցին: Այդ ոլորտներից մեկը ռազմարդյունաբերությունն էր: Պատժամիջոցներ կան, որոնք կոնկրետ ընկերությունների դեմ են, և պատժամիջոցների տակ են նաև անձինք, ովքեր փոխկապակցված են Կրեմլի, մասնավորապես, Վլադիմիր Պուտինի հետ: Պատժամիջոցների տակ հայտնված ռազմարդյունաբերության ոլորտի ընկերություններից մեկը «Կալաշնիկով» կոնցեռնն է»,- ասում է Սաֆարյանը: Նրա խոսքով՝ հիմնական վտանգն այն է, որ նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի ընդունած ակտը, ըստ էության, պատժամիջոցները տարածեց ոչ միայն այս ընկերությունների նկատմամբ, այլև նույնիսկ այն ընկերությունների, որոնք կհամագործակցեն այդ կազմակերպությունների հետ: Հետևաբար, մասնագետի խոսքով, խնդիրը ոչ թե այն է, որ պատժամիջոցների տակ ընկած որևէ ռուսական ընկերություն ուզում է Հայաստանում ներկայացվածություն ունենալ, այլ այն, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են տարածվել նաև դրանց գործընկեր կազմակերպությունների վրա:

«Պատժամիջոցների տակ ընկած ընկերությունները չեն կարող եվրոպական կամ ամերիկյան կողմից փոխառություններ, երկարաժամկետ վարկեր վերցնել և այլն: Եվ այսօր հարցը ոչ թե «Կալաշնիկովի»՝ Հայաստանում ներկայացված լինելու մասին է, այլ այն ընկերության, որը կոնկրետ գործարքի կողմ է հանդիսանում»,- նշեց նա:

Սաֆարյանն ասում է՝ կառավարության տարբեր աղբյուրներ պնդում են, թե վտանգ չկա: Քանի որ ռազմարդյունաբերության ոլորտը բաց ոլորտ չէ, այդ ոլորտում կնքված պայմանագրերի մանրամասները հանրությանը հայտնի չեն դառնում, որոշ հարցականներ կան:

«Կարծես թե կա սահմանաչափ, որն այդ ընկերությունների հետ համագործակցելու համար գերազանցել չի կարելի: Եվ ինչպես կառավարությունում գտնվող անձինք ինձ պարզաբանեցին, այս կնքված գործարքի ծավալները չեն ընկնում պատժամիջոցների տակ»,- նշեց նա:

Ըստ Սաֆարյանի՝ հնարավոր է, որ ԱՄՆ-ին կամ Եվրամիության որոշ կառույցներին դուր չգա այս համագործակցությունը, բայց քանի որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը մշտապես զգայուն են եղել Հայաստանի անվտանգության խնդիրների հարցում, հույս ունենանք, որ ըմբռնումով կմոտենան, և այս գործարքը Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության առիթ չի դառնա:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ այս գործարքը Հայաստանի համար վտանգներ չի պարունակում: Ըստ նրա՝ այս գործարքի մեջ շատ ավելի դրական կողմեր կան Հայաստանի համար, եթե մեր երկիրը ճիշտ աշխատանք տանի ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի հետ: Լավ որակի զենքը, նրա խոսքով, այսօր Հայաստանին պետք է:

«Այն, որ «Կալաշնիկովն» ու տարբեր ռուսական ընկերություններ գտնվում են ամերիկյան պատժամիջոցների ներքո, որոշակի ռիսկեր, իհարկե, պարունակում է համագործակցության առումով: Բայց դա անպայմանորեն չի նշանակում, որ մեզ համար կարող են բացասական հետևանքներ լինել, որովհետև ամերիկացիները բազմիցս ցույց են տվել, որ իրենք մտնում են Հայաստանի դրության մեջ և, առաջնորդվելով իրենց սեփական շահով, հաճախ խնդիրներ չեն հարուցել»,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Նա որպես օրինակ է բերում Իրանը, որը երկար ժամանակ գտնվում էր ամերիկյան պատժամիջոցների տակ: Բայց դա չխանգարեց, որ կառուցվեր Իրան-Հայաստան գազամուղը: ԱՄՆ-ը դրանում որևէ խնդիր չտեսավ, հասկանալով, որ այդ գազամուղը թուլացնում էր Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Իսկ դա բխում էր ամերիկյան շահերից: Պապյանի խոսքով՝ ռուսական այլ ընկերություններ կան, որոնք պատժամիջոցների տակ են, բայց Հայաստանում ունեն մասնաճյուղեր ու գործում են: Այսինքն՝ միանշանակ հնարավոր չէ ասել, որ եթե պատժամիջոցներ կան, համագործակցությունը հնարավոր չէ:

«ԱՄՆ-ը շատ հետաքրքիր օրենսդրություն ունի: Իրենք օրենքով ինչ-որ մի բան արգելում են, բայց թողնում են որոշակի բացառությունների հնարավորություն, որպեսզի տեղում որոշ հարցեր կարգավորվեն: Իմ կարծիքով՝ հիմա ամերիկյան մոտեցումը հետևյալը կլինի՝ արդյոք այդ «Կալաշնիկովի» արտադրությունը Հայաստանում կկայունացնի՞ ընդհանուր տարածաշրջանը, թե՞ կապակայունացնի: Ես կարծում եմ, որ կկայունացնի, որովհետև հավասարակշռություն կպահի: Ամերիկացիները շահագրգռված չեն, որ հակամարտության մի կողմը շատ ուժեղանա, մյուսը թույլ մնա»,- նշում է Արա Պապյանը:

Իսկ եթե ԱՄՆ-ը կարծի, որ այդ զենքը կարող է հայտնվել ահաբեկչական խմբավորումների ձեռքին, ապա նույնը կարելի է ասել նաև այն դեպքում, եթե այդ զենքն արտադրվի Ռուսաստանում կամ այլ երկրներում: Հայաստանի դեպքում, ընդհակառակը, իրենք վերահսկելու շատ ավելի մեծ հնարավորություն ունեն, քան Ռուսաստանում:

«Մենք ավելի բաց համակարգ ենք, ավելի սերտ ենք ամերիկացիների հետ համագործակցում: Իրենք կարող են նաև այդ տեսանկյունից մոտենալ հարցին՝ թող արտադրվի Հայաստանում, որ կարողանան տեսնել, թե այդ արտադրանքն ուր է գնում: Ի վերջո, այդ պատժամիջոցներն ինչի՞ համար են, ոչ թե այն բանի համար են, որ զենք չարտադրվի, այլ վաճառքի վրա է տարածվում, որպեսզի այդ զենքը չհայտնվի այնպիսի խմբավորումների ձեռքին, որոնք կարող են ամերիկյան դաշնակիցների համար խնդիրներ հարուցել»,- ասում է Պապյանը: Հետևաբար, ըստ Պապյանի, ճիշտ աշխատանք տանելու դեպքում, Հայաստանի համար հնարավոր վտանգները կարելի է չեզոքացնել:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ նպատակ ունի ռուսական կողմը՝ Հայաստանի հետ նման համաձայնագիր կնքելով, Արա Պապյանն ասում է, որ Ռուսաստանն սկսել է հասկանալ, որ Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը չպետք է բխի նախկին հիմնադրույթից, երբ ասում էին՝ а куда он денится?:

«Հիմա իրենք հասկացան, որ հայերն էլ խաղի տեղ ունեն, հետևաբար պետք է փորձեն նոր, լրացուցիչ կապեր ստեղծել: Այսինքն՝ այլևս այն իրավիճակը չէ, որ իրենք մտածում էին, թե Հայաստանն իրենց գրպանում է»,- նկատում է Պապյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am