«Շուշին ու Հադրութը վերադարձնելու հայտարարությունները պոպուլիզմի դրսևորում են». Սուրեն Սուրենյանց

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու նույն խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշել են, թե կա Շուշին և Հադրութը վերադարձնելու տեսական հնարավորություն, բայց երբ այդ վերադարձին նպաստող մեխանիզմների մասին հարց է հնչում, նրանք նշում են, թե իրենք էլ չգիտեն, թե որոնք են մեխանիզմները։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք Շուշիի ու Հադրութի վերադարձը։

– Այդ հայտարարությունն առաջին անգամ արել է «Հայաստան» դաշինքի փաստացի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը իր տարեվերջյան ասուլիսի ժամանակ, հետո տարբեր մեկնաբանություններով դա կրկնեցին դաշինքի պատգամավորները։ Ենթադրում եմ, որ էլի կլսենք նման հայտարարություններ։ Իրենք չեն էլ կարող որևէ մեխանիզմ նշել, որովհետև իրականում խոսում են կեղծ օրակարգի մասին, այսինքն՝ խոսում են մի հնարավորության մասին, որը գործնական քաղաքականության տեսանկյունից գոյություն չունի։

Շուշին և Հադրութը կարող են վերադարձվել երկու ճանապարհով․ մեկը պատերազմն է, մյուսը՝ բանակցությունները, իրենք էլ ասում են, որ պատերազմը բացառում են, եթե չասեն էլ՝ ցանկացած բանական մարդ լավ հասկանում է, որ մանավանդ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը պատերազմելու ռեսուրս չունի։ Մնում է բանակցությունների ճանապարհը, ինչն էլ գործընթաց է, որը ենթադրում է փոխզիջում։

Շատ հետաքրքիր է, թե այդ մարդիկ Շուշին ու Հադրութը վերադարձնելու դիմաց ի՞նչ են պատկերացնում զիջել Ադրբեջանին։ Համենայնդեպս, տեսանելի որևէ բան, որ հայկական կողմը կարող է զիջել Ադրբեջանին, այսօր գոյություն չունի։ Այս ամբողջ օբյեկտիվ գործոնները հաշվի առնելով՝ պնդում եմ, որ այդ հայտարարությունները պոպուլիզմ են և ոչ ավելին։ Պոպուլիզմ է մի հարցում, որի շահարկումը շատ վտանգավոր է արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի համար։

– Ինչո՞ւ է ընդդիմությունը, ձեր բնորոշմամբ՝ պոպուլիզմով զբաղվում։

– Երբ քաղաքական ուժերը չեն ունենում իրական քաղաքական օրակարգ, քաղաքական բովանդակություն, նրանց վերջին հույսը մնում է պոպուլիզմը։

– Ընդդիմադիր պատգամավորներն ասում են, որ բանակցությունների միջոցով հնարավոր է Շուշին ու Հադրութը վերադարձնելը՝ թերևս ակնարկելով, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը չի կարողանում արդյունավետ բանակցել։ Եթե Հայաստանը չղեկավարեր Նիկոլ Փաշինյանը, և ուրիշ ղեկավար լիներ, վերջինիս կհաջողվե՞ր բանակցությունների միջոցով վերադարձնել Հադրութն ու Շուշին։

– Նախ արձանագրեմ, որ ստեղծված անբարենպաստ վիճակը հետևանք է առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու քաղաքականության, որի համար մենք նաև պարտվեցինք 44-օրյա պատերազմում, այսինքն՝ միանշանակ նման իրավիճակի առաջին պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է․ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։

Ինչ վերաբերում է ձեր հարցին, իհարկե ո՛չ, եթե նույնիսկ այս պահին բանակցողը Նիկոլ Փաշինյանը չլինի, այլ, ենթադրենք՝ Ռոբերտ Քոչարյանը կամ Սուրեն Սուրենյանցը, այդ խնդիրն իրատեսական չէ լուծել, որովհետև դա ինքնին ենթադրում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերանայում, որը թույլ չեն տալու այդ հայտարարությունը ստորագրած առնվազն երկու կողմ՝ Ռուսաստան, Ադրբեջան։

– Պարո՛ն Սուրենյանց, ասում եք, որ պոպուլիզմով են սկսում զբաղվել, երբ չունեն իրական քաղաքական օրակարգ։ Ինչո՞ւ խորհրդարանում չի ձևավորվում իրական քաղաքական օրակարգ։

– Մենք դասական իմաստով խորհրդարան չունենք, ֆորմալ առումով, այո՛, կան հարյուրից ավելի մարդիկ, որոնց համախումբը կոչվում է Ազգային ժողով, նրանք հավաքվում են, նույնիսկ պարտաճանաչ նիստեր են գումարում, օրենքներ են ընդունում, բայց խորհրդարանի քաղաքական գործառույթ գոյություն չունի։

Նիկոլ Փաշինյանի կամ իշխանության համար դա գրպանային մի մարմին է, որը, ըստ էության, սպասարկում է անձնիշխանության շահերը, իսկ ընդդիմության այն հատվածը, որը հայտնվել է խորհրդարանում, այդպես էլ չի կարողացել ադապտացվել պառլամենտական գործունեությանը ու մնացել է այն կարգախոսների գերին, որոնցով առաջնորդվում էր փողոցում, երբ հետպատերազմյան փուլում կազմակերպում էին բողոքի ակցիաներ և այլն։ Երկու կողմն էլ քաղաքական բովանդակությամբ ու օրակարգով չեն եկել խորհրդարան։

– Այդ դեպքում այդ երեք ուժի խորհրդարան գալու նպատակը ո՞րն էր։

– Արտահերթ ընտրությունները պարտադիր պայման էին ճգնաժամի հաղթահարման համար, բայց՝ ոչ բավարար։ Որպեսզի մենք ճգնաժամը հաղթահարված համարեինք, պետք է խորհրդարանն ունենար այնպիսի բովանդակություն, որտեղ դոմինատ չէին լինի սև-սպիտակի հակադրության փաստարկումով առաջնորդվող ուժերը։

Ցավոք, մենք այդպիսի խորհրդարան չունեցանք․ Նիկոլ Փաշինյանից զզվողները գնացին, ձայն տվեցին Ռոբերտ Քոչարյանին, իսկ Քոչարյանի վերադարձից սարսափողները՝ ձայն տվեցին Փաշինյանին, այսինքն՝ մենք չունեցանք ռացիոնալ քվեարկություն, ինչի հետևանքով ունեցանք մի խորհրդարան, որը ճգնաժամի արտացոլումն է, ոչ թե հաղթահարման բանալին։ Ձեր հարցը շատ բազմաշերտ ու շուրջ է, որը ոչ միայն այդ քաղաքական ուժերին է վերաբերում, այլև առաջին հերթին հասարակությանը, որովհետև, ի վերջո, հասարակության քվեով է ձևավորվել նման խճանկար։

– Ընդդիմությունը կարծես ակնարկում է, որ գարնանը կրկին կակտիվանան, որպեսզի հեռացնեն գործող իշխանությանը։ Քաղաքական ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսւմ, կհաջողվի՞ ընդդիմությանը իշխանափոխություն իրականացնել երկրում։

– Գարնանային սրացումների՝ ապրիլ-մայիս ամիսներին, հատկապես «Հայաստան» դաշինքը նախապատրաստվում է, բայց եթե այդ սրացումը պետք է տեղի ունենա այն կարգախոսով ու հռետորաբանությամբ, որ հիմա մենք լսում ենք ու լսել ենք մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները, զարգացման չտանող ճանապարհ է։

Նույնիսկ կանխատեսում կանեի, որ դա գործող տիտղոսային ընդդիմության ինստիտուցիոնալ ոչնչացման ճանապարհն է, եթե, իհարկե, նրանք մնալու են նույն հռետորաբանության ու կարգախոսների շրջանակում, որովհետև ակնհայտ է, որ իշխանափոխության բլից կրիգային փոփոխության փուլն ավարտված է, ու հիմա ժամանակն է ձևավորել ավելի երկարաժամկետ օրակարգ ունեցող ընդդիմադիր ուժեր, որոնք կարող են որակապես նոր ընդդիմադիր բևեռի ձևավորման ազդակ տալ, ինչն էլ առանց բարձրագոչ հայտարարությունների կարագացնի իշխանափոխությունն ու նոր որակի իշխանության ձևավորման գործընթացը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am