«Մեր երկրում հրդեհներից խուսափելու հանրային իրազեկումը գրեթե բացակայում է»․ Լևոն Գալստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը

– Պարո՛ն Գալստյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ հրդեհավտանգ իրավիճակ է երկրում, բայց չնայած այդ նախազգուշացմանը, գործուն քայլեր կարծես նկատելի չեն համապատասխան գերատեսչությունների կողմից։ Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ հնարավոր հետևանքներից խուսափելու համար։

– Հրդեհների առաջացումից հնարավորինս խուսափելու ընդունված մեթոդ կա՝ հանրային լայն իրազեկում իրականացնել, որը Հայաստանի Հանրապետությունում գրեթե բացակայում է։ Չկան հանրային լայն իրազեկման գործողություններ, մեկ անգամ հայտարարություն տարածելով կամ տարին մեկ անգամ ինչ-որ հոլովակ նկարահանելով՝ չի կարելի համարել, թե գործը կատարված է։

Եթե որոշում կայացնելու հնարավորություն ունենայի, կստիպեի, որ առաջին հերթին հանրային բոլոր հեռուստառադիոալիքները օրվա մեջ երեք-չորս անգամ, շատ ճիշտ ձևով կազմված տեքստի ու տեսանյութի միջոցով իրազեկեին քաղաքացիներին հրդեհավտանգ իրավիճակից խուսափելու և դրա պատճառ չդառնալու մասին։ Հանրային իրազեկման միջոցով կարելի է շատ խնդիրներից խուսափել, բայց դա պետք է արվի պետական մակարդակով՝ որակյալ ու բոլորին հասու եղանակներով, ինչը, ցավոք սրտի, չի արվում։

– Այսինքն՝ պետք է նոր հայեցակա՞րգ մշակել։

– Հանրային պատշաճ իրազեկում իրականացնելու համար բնավ պետք չէ նոր հայեցակարգ մշակել։ Ուղղակի պետք է համապատասխան լիազոր մարմիններում լինեն մի չորս-հինգ մտածող մարդիկ, որոնք փիար ոլորտի մասնագետների հետ համագործակցելով կիրականացնեն այդ գործողությունը, եթե, իհարկե, նրանք համարում են, որ դա անհրաժեշտ է, գուցե նրանք համարում են, որ դա անհրաժեշտ չէ։

Կամ գուցե լիազոր մարմինները մտածում են, որ ինչ անում են` լիովին բավարար է, և որևէ նոր բան անելու կարիք չկա։

– Պարո՛ն Գալստյան, անտառները փակելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

– Ո՛չ, բայց, հնարավոր է` ես սխալվում եմ։ Այլ երկրների փորձը որ նայում եմ, նկատում եմ, որ տարբեր կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ հրդեհների վտանգը մեծ չէ, կառավարության որոշում են ընդունում, որ ընդհանրապես ցանկացած բաց տարածքում կրակ վառելը արգելվում է, հակառակ դեպքում սահմանվում է տուգանք X գումարի չափով։

Ու քաղաքացիները ենթարկվում են այդ օրենքին, հիմնականում այն պատճառով, որ նրանք գիտակցում են, որ դա արվում է պետության և իրենց շահերի համար, իսկ այդ գիտակցումն իրենց մեջ արմատավորվում է դեռ մանկապարտեզից սկսած։ Իսկ մեզ մոտ չկա այդ քաղաքացի-պետություն հարաբերությունների ստեղծման ճիշտ մեխանիզմը, ինչի հետևանքով էլ ունենք լրջագույն խնդիրներ։ Հայաստանի կառավարման համակարգում անտառները փակելն անհնար է, եթե նույնիսկ ուզենաս էլ՝ չես կարող դա անել։

– Ինչո՞ւ է անհնար։

– Որովհետև չկա այդ պետական կառույցը, որը կկարողանա այդ որոշումն իրականություն դարձնել, եթե նույնիսկ վաղն այդ որոշումը կայացվի։ Դրա համար հանրային իրազեկումն ավելի պարզ ու հեշտ միջոց է, որը գուցե նաև ավելի արդյունավետ լինի, քան անտառներ փակելը։ Տասը տարի է՝ ասում ենք՝ անտառները փակեք, որ ծառերը չկտրեն, բայց մարդիկ շարունակում են ծառերը կտրել։ Այսինքն՝ եղած օրենքն էլ պատշաճ ձևով չեն կարողանում իրականություն դարձնել, արդյունավետ չեն կիրառում։

Բացի այդ, հրդեհի առաջացման միակ աղբյուրն անտառները չեն։ Տարիներ շարունակ մարդիկ խոտհնձից հետո վառում են իրենց դաշտերը, մինչ օրս մեզ չի հաջողվել մարդկանց բացատրել, որ դա չպետք է անել, որ դա կարող է և հաճախ եղել է հրդեհների առաջացման պատճառ։ Իսկ այս իրավիճակում խոսել անտառները փակելու մասին՝ անիրատեսական եմ համարում։

Այն, որ հրդեհային իրավիճակի վտանգ կա, փաստ է, այն, որ պատկան մարմինների գործողությունները, որոնք միտված են դրա կանխարգելմանը, տեսանելի չեն՝ դա էլ է փաստ։ Եթե տեսանելի չեն, նշանակում է` կա՛մ համապատասխան քայլեր չեն արվում, կա՛մ դրանք այդքան էլ արդյունավետ չեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am