Միլլի Մեջլիսում քննարկում են Ադրբեջանի պետբյուջեից Ղարաբաղին հատկացումներ անելու հարցը. ադրբեջանական ջղաձգումներ

Միլլի Մեջլիսում քննարկում են Ադրբեջանի պետբյուջեից Ղարաբաղին հատկացումներ անելու հարցը. ադրբեջանական ջղաձգումներ
Միլլի Մեջլիսում քննարկում են Ադրբեջանի պետբյուջեից Ղարաբաղին հատկացումներ անելու հարցը. ադրբեջանական ջղաձգումներ

Մինչ Ադրբեջանում կրկին հիստերիա է բարձրացել Ուրուգվայի պաշտոնյաների ԼՂՀ կատարած այցի և Արցախի հնարավոր ճանաչման հարցով հայ-ուրուգվայական ջերմ հարաբերությունների կապակցությամբ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը հանդես է եկել խիստ ինքնատիպ առաջարկով:
Միլլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջն առաջարկել է պետբյուջեից ֆինանսավորել «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի մարզը»:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Զահիդ Օրուջն այդ մասին հայտարարել է խորհրդարանում` 2013-ի Ադրբեջանի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:
«Ցանկալի կլիներ պետական բյուջեից միջոցներ հատկացնել Լեռնային Ղարաբաղին, որպեսզի ողջ աշխարհին ցուցադրել, որ մենք դեմ ենք այլ աղբյուրներից այդ մարզի ֆինանսավորմանը,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը: – Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը թող ճանաչեն մեր Սահմանադրությունը, ապրեն մեր օրենքներով, և այդ դեպքում կֆինանսավորվեն մեր բյուջեից»:

Նա ադրբեջանցի պատգամավորներին «տեղեկացրել» է, որ մինչ «օկուպացիայի տակ» գտնվող Լեռնային Ղարաբաղի տարեկան բյուջեն կազմում է 178 մլն դոլար, միայն Նախիջևանին Ադրբեջանի պետբյուջեից տարեկան հատկացումները կազմել են 322 մլն մանաթ` ավելի քան 400 մլն դոլար:

Ադրբեջանցի պատգամավորի առաջարկը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել, հատկապես վերջին օրերին ԼՂՀ-ում և Հայաստանում «ծավալվող» իրադարձությունների շեմին:

Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի Ուրուգվայի խորհրդարանում տեղի ունեցած գիտական սեմինարի ժամանակ Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը կարող է բնական հուն մտնել: Իսկ արդեն այս տարի մայիսին Երևան կատարած իր այցելության ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը սերտորեն շաղկապված է Հայաստանի հետ, ինչը Ղարաբաղի ապագան է, և որը նա կարող է ընտրել` օգտագործելով ինքնորոշման իրավունքը:

Ուրուգվայի բարեկամական վերաբերմունքը չորեքշաբթի ավելի տաք գույներ ստացավ` ԼՂՀ-ում պաշտոնական այցով գտնվող Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի, Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոնի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցից հետո:

Ուելմոնը նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ ԼՂՀ ճանաչումը Ուրուգվայի կողմից «քաղաքական գործընթաց է, և պետք է քայլ առ քայլ ընթանա»:

«Ադրբեջանի խորհրդարանը պետք է բողոք հայտնի Ուրուգվայի ղեկավարությանը,-Մելլի Մեջլիսում ի պատասխան հայտարարել է պատգամավոր Գանիրա Փաշաևան: – Ուրուգվայցի պատգամավորի գործողությունն անհարգալից վերաբերմունք է ադրբեջանական ժողովրդի հանդեպ: Դրանք հակասում են միջազգային նորմերին և բացասաբար են ազդում հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում, սակայն խորհրդարանը ևս պետք է իր բողոքն արտահայտի Ուրուգվայի ղեկավարությանը»:

Հիշեցնենք, որ ըստ «Մեդիալաբի» տված մեկնաբանությունների` վերլուծաբանների կանխատեսումներով ԼՂՀ անկախությունը ճանաչող առաջին երկիրը հնարավոր է հենց Ուրուգվայը լինի, ինչը նոր լիցք կարող է հաղորդել ԼՂՀ կարգավորման գործընթացին, ինչպես նաև բարերար ազդեցություն ունենալ տարածաշրջանային լարված իրավիճակի վրա:

«Մենք տեսնում ենք, թե որքան հաճախակի են դարձել Ադրբեջանի հոխորտանքները, որ պատրաստվում է նոր պատերազմի Հայաստանի դեմ: Այս դեպքում միջազգային հանրության կողմից ԼՂՀ ճանաչումը արգելք է դնում պատերազմի վերսկսման վտանգի վրա, լեգիտիմացնում պատերազմի վերսկսումը,- «Մեդիալաբին» ասել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: – Ադրբեջանն արդեն սկսել է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը»:

© Medialab.am