«Իհարկե երբեք հնարավոր չի բացառել, որ կարող է սխալ հաշվարկներ լինեն». Երևանի նախկին փոխքաղաքապետը՝ ՊՎԾ-ի ուսումնասիրության մասին

Երևանի նախկին փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը, որն աշխատել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, կարծում է՝ քննությունը կտա պատասխան՝ ինչ խախտումներ է հայտնաբերել Պետական վերահսկողական ծառայությունը Երևանի քաղաքապետարանում, և արդյոք դրանք արժանահավատ են:

«Եթե Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է կատարել և ինչ-որ արձանագրումներ է կատարել, իհարկե, օրենքով սահմանված կարգով պետք է ընթացք տրվի: Հուսով եմ՝ ժամանակը և քննությունը կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասել է նախկին պաշտոնյան:

Գայանե Մելքոմ-Մելքոմյանը փոխքաղաքապետ աշխատելու տարիներին համակարգել է հանրակրթության և մշակույթի ոլորտները, և, նրա խոսքով՝ հայտնաբերված խախտումները, մեծ հաշվով, իր համակարգման ենթակայությամբ ոլորտներին չեն վերաբերում:

Հարցին՝ արդյոք ՊՎԾ-ի ուսումնասիրությունը և արդյունքում հարուցված քրեական գործերը չի համարում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ քաղաքական արշավի շրջանակներում, Մեքոմ-Մելքոմյանը պատասխանել է. «Ես ծանոթ եմ այդ կարծիքներին ու զերծ կմնամ գնահատական տալուց: Չեմ կարող բացառել կամ հաստատել, համենայնդեպս, կարծում եմ և հուսով եմ, որ ամեն ինչ օրինականության շրջանակներում կլինի, և ճշմարտությունը վեր կհանվի: Քաղաքական տեսանկյունից նախընտրում եմ որևէ մեկնաբանություն չտալ»:

Դիտարկմանը՝ նրա դիրքորոշումը չի բացառում, որ եղել են նման խախտումներ, նախկին փոխքաղաքապետն արձագանքել է. «Իհարկե երբեք հնարավոր չի բացառել, որ կարող է սխալ հաշվարկներ լինեն, աշխատանքային մեծ պրոցես է, հսկա կառույց է քաղաքապետարանը, բայց միտումնավոր չարաշահումներ, համակարգված կոռուպցիոն գործընթացներ են եղել, իմ համոզմամբ՝ ոչ: Բայց դա անձնական կարծիք է, և բնական է, որ քննությունը պետք է պարզի ընթացքը»:

Երևանի քաղաքապետարանում 2018-2022 թվականներին ՊՎԾ-ի հայտնաբերած խախտումների մասին պաշտոնապես հայտարարվել է այսօր: ՊՎԾ-ն հայտնել է, որ ուսումնասիրության շրջանակներում իրականացված «ծավալուն և բազմակողմանի վերահսկողական ու վերլուծական աշխատանքների արդյունքում» հայտնաբերվել են շուրջ 8.5 մրդ ՀՀ դրամի խախտումներ, որոնք հիմնականում առնչվում են պետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների հաշվարկման հիմքերին, Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ճանապարհաշինական, բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքների ծրագրերին, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեությանը, քաղաքապետարանի աշխատակիցներին ծառայողական նպատակներով բենզինի տրամադրման գործընթացին, արտասահմանյան գործուղումների ծախսերին, ինչպես նաև գնումների գործընթացը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին և հանրակրթական ծրագրին:

Նշվում է, որ բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել են 3 քրեական գործեր:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am