Աչքերի արևային այրվածք․ ախտանշանները, բուժման միջոցներն ու հնարավոր հետևանքները

Այրվածքաբանության ազգային կենտրոնից տեղեկացնում են․

Արևային այրվածքները մարդիկ սովորաբար ասոցացնում են մաշկի վնասվածքների հետ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ արևից կարող են վնասվել նաև աչքերը, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ավելին՝ տարվա այս եղանակին արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունն առավել ինտենսիվ է լինում, ուստի մասնագետները հորդորում են անպայման պաշտպանել աչքերն արևային ակնոցով կամ լայնեզր գլխարկով։

Այնուամենայնիվ, չնայած անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը, հարկավոր է անպայման իմանալ նաև աչքերի արևային այրվածքների մասին հուշող ախտանշանները, ինչը թույլ կտա ժամանակին միջոցներ ձեռնարկել հնարավոր անդառնալի հետևանքները կանխելու համար։

Ինչպես նշում են ակնաբույժները, մարդու աչքերը նույնքան վտանգված են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո գտնվելու դեպքում, որքան մաշկը։ Ընդ որում՝ առավել վտանգված են այն մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակ են անցկացնում արևի ճառագայթների տակ։

Մասնագետների խոսքով՝ աչքերի արևային այրվածքը կարող է շատ վտանգավոր լինել ու անդառնալի հետևանքներ ունենալ, ուստի այն ժամանակին բուժելը շատ կարևոր է։ Նման այրվածքի մասին կարող են հուշել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են աչքերի սաստիկ ցավը, շաղկապենու այտուցը, առատ արցունքահոսությունը և տեսողության վատթարացումը։ Այս ախտանշանները կարող են պահպանվել 8-12 ժամ, իսկ դրանք մեղմելու համար կարելի է կիրառել հատուկ քսուքներ ու կաթիլներ։

Մասնագետները նախազգուշացնում են, որ աչքերի արևային այրվածքները կարող են ցանցաթաղանթի անդառնալի վնասվածքների, ինչպես նաև շաղկապենու ախտաբանական փոփոխությունների պատճառ դառնալ, ուստի դրանց դեմ հարկավոր է հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել։ Բացի այդ, աչքերի վնասված հատվածներում, ինչպես նաև դրանց հարակից մաշկի հատվածներում կարող են քաղցկեղի տարբեր տեսակներ զարգանալ, ինչն էլ կարող է մահացու ելք ունենալ։