Այսօր էլ կես ժամ կրակոցներ հնչեցին, բայց հիմա հանգիստ է․ Կութի համայնքապետը հավատացնում է՝ «գյուղում խուճապ չկա»

Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյան (Լուսանկարը՝ armeniasputnik.am)

Այսօր էլ լսվեցին կրակոցներ, բայց հիմա նորմալ է։ Մոտավորապես 13։00-ի սահմաններում հնչեցին կրակոցներ, որոնք տևեցին կես ժամ, իսկ հիմա կրակոցների ձայն չի լսվում, հարաբերական հանգիստ է»,- «Մեդիալաբին» ասում է Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին ադրբեջանական զինված ուժերը կրակել էին հայ-ադրբեջանական սահմանի՝ Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքվ հայկական կողմից թեթև վիրավորում էր ստացել երեք զինծառայող։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց սահմանային այդ միջադեպի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների անունները՝ նշելով, որ մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 

Կութ համայնքի ղեկավարը նախօրեին և այսօր տեղի ունեցած կրակոցների մասին մանրամասների չի տիրապետում, չի կարող ասել, թե կոնկրետ որ դիրքերում և ինչի հետևանքով է սկսվել սահմանային միջադեպը, բայց վստահեցնում է, որ գյուղում խուճապ չկա։

«Գյուղում խուճապ չկա, հիմնականում սահմանային կրակոցներ են, գյուղը թշնամու կողմից չի թիրախավորվում»,- ասում է Սիմա Չիտչյանը։ 

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն էլ «Մեդիալաբին» պատմում է, որ նախօրեին և այսօր հնչած կրակոցներից իրենք տեղյակ չեն, գյուղում կրակոցի ձայն չի լսվել։

«Մեր կողմերում կրակոցի ձայն չի լսվում, սարի հակառակ կողմն է՝ Կութ գյուղի կողմերը, մեզանից չի լսվում, մեզ մոտ սահմանային կրակոցներ չեն հնչել, հանգիստ վիճակ է»,- ասում է Արտյոմ Երանոսյանը։

Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում ևս այսօր հանգիստ է, կրակոցներ չեն եղել։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել էին թշնամու կողմից ԱԹՍ-ով հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը։

«Հստակ չեմ կարող ասել՝ մեկ թե երկու անօդաչու թռչող սարք է խոցվել, տարբեր են խոսակցությունները: Ես այդ պահին տարածքում չեմ եղել, մինչև եկա՝ մեկ-երկու ժամ անցել էր այդ դեպքից։ Տեսնողներ եղել են, թե ոնց է խոցվել այդ սարքը»,- «Մեդիալաբին» ասում է Տիգրանաշենի ղեկավար Լյուդվիկ Ստեփանյանը՝ նշելով, որ այս պահին իրավիճակը հանգիստ է՝ կրակոցներ ու լարվածություն չկան։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am