Բռնության ենթարկված կնոջը ոստիկանությունում վախեցնում են, որ ամուսնու դեմ սուտ ցուցմունք տալու դեպքում նրան «քաչալացնելու են ու տանեն կանանց գաղութ». Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, «Ընտանեկան բռնության ենթարկված անձանց ծառայություն մատուցող աջակցության կենտրոնների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները» հետազոտության արդյունքում բացահայտված խնդիրները սպասելի՞ էին, թե՞ եղել են խնդիրներ, որոնց մինչև հետազոտությունը չեք բախվել:

– Հետազոտությունն իրականացրեցինք այն պատճառով, որ արդեն երկու տարի է՝ ինչ մարզերում գործում են այդ կենտրոնները, ու կարիք կար հասկանալու, թե որքանո՞վ են նրանք արդյունավետ գործում, ի՞նչ խնդիրների են բախվում թե՛ պետության հետ համագործակցելիս, թե՛ ոստիկանության հետ:

Անդրադարձ է կատարվել նաև պետական այլ մարմինների հետ աշխատանքին, մասնավորապես, մարզպետարանների, ընտանեկան բռնության օրենսդրությամբ ամրագրված լիազոր մարմինների՝ կրթական, առողջապահական հաստատությունների հետ:

Դիտարկվել է նաև խնամակալության հանձնաժողովների հետ համագործակցության խնդիրը, որովհետև դրանք գործում են անմիջապես մարզերում, հոյակապ տիրապետում են համայնքի յուրաքանչյուր ընտանիքի կյանքին ու շատ ավելի արդյունավետ կարող են ազդարարել բռնության մասին ու ուղղորդել բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ, քան ցանկացած այլ կառույց:

Անդրադարձ է կատարվել նաև կարծրատիպերին, որոնք, ցավոք սրտի, առկա են ոչ միայն հասարակության մեջ, այլ նաև պետական կառույցներում՝ սկսած մարզպետարանների խնամակալության հանձնաժողովներից մինչև ոստիկանություն ու դատարաններ:

Վեր հանված հիմնական խնդիրները կապված են եղել թե՛ աջակցության կենտրոնների տարածքի նյութատեխնիկական հագեցվածության հետ, որոնք անմիջականորեն առնչվում են պետությունից ստացվող ֆինանսական միջոցների հետ, որոնք գնահատվել են անբավարար, ու եթե հասարակական կազմակերպությունները չունենան այլ ֆինանսական հոսքեր, որոնք կտրամադրեն ծրագրեր, աջակցության կենտրոնը միայն պետական ֆինանսական աջակցությամբ աշխատել չի կարող: Այստեղ մեծ դեր է կատարում Երևանի Կանանց աջակցման կենտրոնը, որն ամբողջական ֆինանսական աջակցություն տրամադրելուց զատ նաև մասնագիտական հմտությունների ու վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում:

Շատ կարևոր էր դիտարկել նաև իրավապահ մարմինների հետ համագործակցության խնդիրը, ու հետազոտության արդյունքում շատ տխուր պատկեր ի հայտ եկավ այն առումով, որ ոստիկանությունը դեռևս այնքան էլ արդյունավետ չի համագործակցում աջակցության կենտրոնների հետ, թեև օրենքով ամրագրված է, որ ոստիկանություն ահազանգած ու հաղորդում ներկայացրած ընտանեկան բռնության ենթարկված անձին պետք է նրանք ուղղորդեն աջակցության կենտրոններ: Բայց մեզանում դա կատարվում է շատ կամայականորեն, հպանցիկ:

Օրինակ՝ մարզերից մեկում բռնության ենթարկված կինը դիմել է ոստիկանություն կոտրվածքներով, իսկ բռնություն գործադրողը ընտանեկան գործերով ոստիկանի հեռու բարեկամն էր: Ամբողջ օրն այդ ոստիկանը զանգահարել է այդ կնոջը, ասել, որ գա դիմումը հետ վերցնի, որովհետև ամուսինը կպատժվի, հետո կինը կզղջա, մի խոսքով՝ ավելի շատ զբաղվել է հաշտարարության գործընթացով, քան կոնկրետ ֆիզիկական բռնության ենթարկված անձին պաշտպանելով:

Լուրջ խնդիր են դեպքերը, երբ բռնության ենթարկված կնոջը ոստիկանությունում վախեցնում են, որ ամուսնու դեմ սուտ ցուցմունք տալու դեպքում նրան «քաչալացնելու են ու տանեն կանանց գաղութ»:

Կարևոր է նաև դիտարկել խնամակալության հանձնաժողովներում տիրող իրավիճակը, որը ևս հեռու է լավը լինելուց, որովհետև հանձնաժողովների աշխատանքը դարձյալ միայն հաշտեցման ծիրում է, մտածում են, որ ընտանիքը չքայքայվի, իսկ թե ի՛նչ տեղի կունենա բռնության ենթարկված անձի հետ, նրանց այնքան էլ չի հետաքրքրում, ավելի շատ առաջնորդվում են կարծրատիպերով՝ հատկապես հեռավոր մարզերի համայնքներում:

Վերհանվել են նաև օրենսդրական բացեր, որոնց մասին մենք բազմիցս ենք բարձրաձայնել: Անդրադարձ է եղել նաև հարցին, թե «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունից հետո կանայք ինչպիսի խնդիրների առաջ են կանգնել ու քանի տիպի հայցեր չեն կարողանում ներկայացնել դատարան:

Խոչընդոտ է առաջացել այն դեպքում, երբ անձինք փորձում են ամուսնալուծվել, երեխայի բնակության վայրը որոշել, երեխայի հետ տեսակցության կարգը սահմանել կամ երեխայի ծնողին վերադարձնելու քրեական հայցով դիմել: Այս դեպքերում պետք է 20 հազար դրամ տուրք վճարեն, որը բավական բարձրացել է նոր կարգավորմամբ, ու աջակցության կենտրոններն այդ գումարներն ուղղակի չունեն:

Իրականում բավական մտահոգիչ պատկեր է ստացվել, ու հետազոտության վերջում իհարկե ներկայացվել են առաջարկներ, որոնք կարող են օգնել պետական մարմիններին կամ քաղաքականություն մշակողներին իրենց աշխատանքում, որպեսզի փոփոխությունները կյանքի կոչվեն:

– Իսկ որքանո՞վ եք հավատացած, որ ներկայացված առաջարկները կընդունվեն պատկան մարմինների կողմից, ու ձեր վեր հանած խնդիրները կկարգավորվեն:

 – Հաշվի առնելով մասնավորապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արձագանքը քննարկման ժամանակ, երբ զեկույցը հանրային ներկայացվեց, իհարկե, որոշակի տեղաշարժ լինելու է, որովհետև նրանք ևս ընդունեցին, որ կան այդ խնդիրները, ու իրենց մասով համաձանեցին, որ խնդիրները պետք է շտկվեն:

Ոստիկանության մասով՝ հաճախ տեղի են ունենում վերապատրաստումներ, ու կարծում եմ, վերապատրաստող մասնագետները ևս կարող են հղում կատարել այս հետազոտությանը ու ցույց տալ առկա խնդիրները: Միջազգային կառույցները ևս, որոնց ուշադրության կենտրոնում են ընտանեկան բռնության երևույթները, կարող են օգտագործել այս հետազոտությունը անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար:

– Տիկի՛ն Հովհաննիսյան, մեծ հաշվով, ընտանիքում բռնության դեպքերը պետության ուշադրության կենտրոնո՞ւմ են, թե՞ ՀԿ-ների հոգածությանն են թողնված:

– Իրականում սա իրականացրել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»: Տարիներ շարունակ այս խնդրով զբաղվում ենք ու գիտենք, թե փոփոխությունների ճանապարհին ինչպիսի խնդիրներ են բաց մնում: Պետական մակարդակով, իհարկե, այսպիսի հետազոտություն չի իրականացվել, որ տարբեր մարմինների բացերը վեր հանվեն, բայց եթե ամեն մարմին իր ներսում կարողանար գոնե դիտարկել այդ խնդիրների ընթացքը կամ բողոքները, իրավիճակը մի փոքր այլ կլիներ, դեռևս չեմ տեսել, որ պետական մարմինները ուշադրությամբ հետևեն գործընթացներին:

– Բռնության դեպքերն աճե՞լ են, դիմումները շա՞տ են:

– Դիմելիությունը շատ բարձր է, բայց դա ոչ թե բռնության դեպքերի ավելացմամբ է պայմանավորված, այլ մարդիկ ավելի իրազեկված են դարձել: Չենք կարող հստակ ասել, որ բռնության դեպքերը շատացել են, կարող ենք եզրակացնել, որ մարդիկ առնվազն տեղեկացված են, թե ուր է պետք զանգել, երբ բռնության են ենթարկվում: Որքան ոստիկանությունը փոխվի, կարողանա աջակցել, այնքան կբարձրանան նրանց հանդեպ վստահությունը ու նաև դիմելիությունը ոստիկանություն, որովհետև շատ հաճախ կանայք դիմում են աջակցության կենտրոններ, բայց ոչ ոստիկանություն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am