ՔՊ-ն պրոֆիլակտիկ աշխատանք տարավ, որի հիմնական թիրախը Հայկ Մարությանն էր. Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, քաղաքապետարանում այսօր ավագանու արտահերթ նիստ էր, որի ընթացքում վաղաժամ դադարեցվեցին ընդդիմադիր ավագանու մի քանի անդամի լիազորությունները, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը, իսկապե՞ս այդ ընդդիմադիր գործիչները խանգարում էին քաղաքապետին, թե՞ այս ամենն այլ նպատակ ուներ։

– Այս ամենի հիմնական նպատակը նախկին քաղաքապետին մանդատից զրկելն էր, որպեսզի ՔՊ-ի համար իրադարձությունների ոչ ցանկալի զարգացման դեպքում Հայկ Մարությանը քաղաքապետ չդառնար, այսինքն՝ սա պրոֆիլակտիկ աշխատանք էր։ 

Ըստ օրենսդրության՝ դրա իրավունքն ունեին քաղաքապետարանում, որովհետև նախկին քաղաքապետը բացակայություններ ուներ, այսինքն՝ ՔՊ-ն օրենք չի խախտել, սա միանգամից ասենք։ Պատճառն արդեն ասացի, ու որպեսզի դա այդքան ակնհայտ չլինի, նրանք նաև ավագանու մի քանի անդամի լիազորություններ ևս դադարեցրին նույն պատճառաբանությամբ։ 

«Հանրային ձայնի» վարքի մասով հստակ հիմա չենք կարող որևէ բան ասել՝ դա իրենց ղեկավարի՞ դեմ էր, թե՞ ուղղակի գործարքի մեջ էին մտել ՔՊ-ի հետ, ամեն ինչ էլ կարող է լինել։ Տվյալ պահին էականն այն է, որ նախկին քաղաքապետը ավագանու անդամի լիազորություն չունի ու իրադարձությունների զարգացման դեպքում չի կարող քաղաքապետ ընտրվել, ու քանի որ փաստացի «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջնորդն այլևս չկա, ապա հեշտ կլինի այդ խմբակցության առանձին անդամների հետ առանձին անդրկուլիսյան պայմանավորվածությունների գնալ, խոսքը ՔՊ-իմասին է, ու ցանկալի արդյունքներ ունենալ։

– Այսինքն՝ հիմնական թիրախը Հայկ Մարությա՞նն էր։

– Ամենայն հավանականությամբ՝ այո՛, ուղղակի դա չպետք է երևար, դրա համար էլ դա ծածկվեց ավագանու այլ անդամների լիազորությունների դադարեցմամբ նաև։

– Պարո՛ն Բադալյան, որ ասում եք՝ ՔՊ-ի համար անցանկալի զարգացումներ, դրա իրական հիմքերը կա՞ն, որ գործող իշխանությունը նման քայլ արեց:

– Քանի որ Հայաստանը արտաքին քաղաքական կառավարման ներքո է գտնվում, ու արտաքին քաղաքական գործընթացները շատ մեծ նշանակություն ունեն Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա, ապա այդ պայմաններում ոչինչ բացառել չէր կարելի, կարող էր ամեն ինչ տեղի ունենալ, որպեսզի ամեն ինչ տեղի չունենար, միանգամից պրոֆիլակտիկ աշխատանք իրականացվեց։ 

Հիմա, կբոյկոտե՞ն նիստը, չե՞ն բոյկոտի՝ նշանակություն չունի, որովհետև «Հանրային ձայնի» ավագանիները նիստին մասնակցում են, քվորում ապահովում են, այսինքն՝ չի կարող ստեղծվել իրավիճակ, որ քաղաքապետարանի նիստերը երեք ամիս շարունակ չկայանան, ինչը կբերի արտահերթ ընտրությունների, նման բան չի լինի, որովհետև քվորումն ապահովվում է, ու ստացվում է, որ հիմա իրավիճակն անվտանգ է քաղաքապետի համար, մի հարց ինքը լուծեց։

– Իսկ այս գործընթացը Հայկ Մարությանի վարկանիշի վրա ի՞նչ ազդեցություն է ունենալու՝ որպես քաղաքական գործչի։

– Ոչ մի, որովհետև ինքնարդեն փչացրել է ոչ իշխանական ուժերի հնարավոր դաշինքը, երբ ընտրվելուց հետո առաջարկեց իրեն ընտրել քաղաքապետի պաշտոնում, իսկ մյուսներին էլ, ըստ էության, կողքից դիտորդի կարգավիճակ էր առաջարկում։ Նա փաստացի տապալեց Երևան քաղաքում իշխանափոխության գործընթացը, դա ֆիքսվել է ու հիշվելու է։ 

Երկրորդ՝ ինչպես արդեն ասացի, քանի որ Հայաստանում ներքաղաքական գործընթացները ամբողջովին թելադրված են դրսից, բնականաբար, արտաքին քաղաքական այն ուժերը, որոնք Հայաստանում կանցկացնեն խորհրդարանական ընտրություններ, իսկ դա Արևմուտքն է, ռուսական կողմը չի կարող դա անել, դրանից ոչինչ չի հասկանում, ապա, բնականաբար, Արևմուտքի համար ցանկալի կոնֆիգուրացիաներով կորոշվի, թե Հայկ Մարությանի ղեկավարած քաղաքական ուժն իրեն պե՞տք է , թե՞ չէ, եթե պետք է՝ կմտնի խորհրդարան։ Այսինքն՝ նախկին քաղաքապետի վարկանիշն այստեղ որևիցե դերակատարություն չունի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am