100 օր ես Փաշինյանով ոգևորված եղել եմ, բայց ի՞նչ իմանայինք, որ սենց է լինելու․ Հուսիկ Արա

Լուսանկարը՝ «Արմենպրես»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է գրող, բանաստեղծ Հուսիկ Արան

– Պատերազմից օրեր են անցել, նոր տարի է, ի՞նչ է զգում գրող Հուսիկ Արան։

– Խոր դեպրեսիա ասեմ, թե ինչ։ Փաստորեն մենք նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կորցրեցինք Արցախը, աստիճանաբար կորցնում ենք Հայաստանի սահմանները։ Այսինքն՝ կորցնում ենք մեր պետականությունը։ 

Հայաստանն այսօր կանգնած է կործանման եզրին։ Ես չեմ չափազանցում, քանի որ մենք ամեն օր այնպիսի իրողություններ, զարգացումներ ենք տեսնում, որոնք տանում են հենց դրան։ Մենք այլևս անկախ չենք։ 

– Ի՞նչն է ձեզ ստիպում էդպես հոռետեսորեն տրամադրվել ապագայի հանդեպ։

– Լավատեսական ոչինչ չկա։ Ուղղակի եթե Մոսկվայից զանգահարում, կանչում են քո ԱԱԾ տնօրենին, քո գլխավոր շտաբի պետին, և իրենք էլ անմիջապես վազում են էնտեղ, դա ի՞նչ է նշանակում։ Մենք այլևս չունենք անկախություն։ 

Եթե մի ժամանակ Հայաստանը որոշակի ինքնուրույնություն ուներ, ապա այժմ դա էլ չունի։ Մեր անկախության 30-ամյակն այս տարի տոնելու ենք սիմվոլիկ, ինչպես մայիսի 28-ն ենք տոնում։ Երբեք Հայաստանն այսքան խոցելի ու սարսափելի վիճակում չի եղել, ինչպես հիմա։

– Հիմա շատ թրենդային է դարձել մեղավորներ փնտրել, մեղավորներ կարգել։ Կա՞ն էդպիսիք՝ ըստ ձեզ։

– Մեր պատմության մեջ եզակի դավաճանն է մեղավորը՝ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա դեպքերը դնում ես իրար կողքի ու վերլուծում․ նա կարողացավ Հայաստանը տանել կործանում ու պայմանավորվել և տանուլ տալ այդ պատերազմը։ 

Նա ստորագրել է մի հայտարարություն, որով Հայաստանը ագրեսոր է ճանաչվել։ Նախապես նա հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», Հայաստանը դարձավ ագրեսոր, ու հետո էլ Հայաստանը հանձնում է տարածքներ։ 

Այնքան նրբություններ կան, որ մենք հետո-հետո կմարսենք ու չենք կարող դրա տակից դուրս գալ։ Սա երկար մշակված ծրագիր էր, որն իրականացվել է շատ կարճ ժամանակում։ Ու գնացել է Մոսկվա ի՞նչ անի։ Պետք է մեծ դատավարություն լինի, ինչպես Նյուրնբերգյան դատավարությունն էր, ու շուրջ 1000 հոգի մեծ պատժի ենթարկվեն։ 

Իհարկե, մենք մեր կորցրածը հետ չենք բերի, մեր պետականությունը չենք կարող վերականգնել։ Մենք էսպես մնալու ենք ու վաղը-մյուս օրը աղերսենք ռուսին, որ իր կազմի մեջ մեզ ընդգրկի։ 

Չգիտեմ։ 

Ոչ գիշերն եմ կարողանում քնել, ոչ ցերեկը ու զարմանում եմ, որ այդ նեռին դեռ պաշտպանողներ կան, նրան արդարացնողներ կան։ Դու այդ պատմության մեջ մնալու ես որպես ի՞նչ։

– Փաշինյանն իրեն ամենևին մեղավոր չի զգում, ասում է՝ պատասխանատու է կատարվածի համար, բայց ոչ մեղավոր։

– Իսկ ո՞վ է մեղավոր, ե՞ս։ Ո՞վ բանակի մատակարարում չի կատարել, ո՞վ է Շուշին հանձնել։ Հիմա էլ ասում է՝ բանավոր պայմանավորվածության արդյունքում տալիս ենք սահմաններ։ 

Սա արդյոք խելամի՞տ մարդու պահվածք էր։ Ու չի թաքցնում, բացահայտ ասում է։ Ժողովուրդն էլ շոկի մեջ է, չի գիտակցում, չի հասկանում, էլ ի՞նչ անի։ Չգիտեմ։ Ասում է՝ ժողովուրդը դուրս չի գալիս, չի պահանջում իմ հրաժարականը։ 

Փողոց եմ դուրս գալիս, մարդկանց հետ եմ շփվում, ամենավերջին հայհոյանքներն են տալիս իրեն ու իր ընտանիքին։ Դուք գիտեք՝ ժողովուրդը նրան ընդունո՞ւմ է, սիրո՞ւմ է։ Կան մի քանի հոգի, որ փողեր են վերցրել ու ֆեյսբուքներում պաշտպանում են Փաշինյանին։ 

Նաև՝ գրական աշխարհից։ Նույն «մինինիկոլ» են, էլի, հայրենիք ծախողներ։ Պատասխանատու չէ, իսկ ո՞վ է մեղավոր։ Իսկ ո՞վ սարքեց պատերազմը, ու այդքան զոհեր եղան։ Կարո՞ղ էր չլինել պատերազմը, ինչպես մինչ այդ չէր եղել։ Կարո՞ղ էր դիվանագիտական լուծում տրվեր։ Չգիտեմ՝ թուրքն էլ չէր երազի, որ նման լուծում լիներ։ 

– Ինչո՞ւ ժողովուրդը 2018-ի նման ոտքի չի կանգնում։

– Այո՛, եղավ մի պահ, մարդիկ կանգնեցին, փոխեցին իշխանությունը՝ մտածելով, որ լավ բան են անում, հիմա էլ ասում է՝ լավ, 2018-ին դուրս եկա, էլ հիմա ի՞նչ դուրս գամ, անեմ։ Մարդիկ շոկի մեջ են, մարդիկ սգի մեջ են, այդքան հեշտ չի։ 

Եթե ժողովուրդը դուրս չի գալիս, չի նշանակում, թե համամիտ է նրա (նկատի ունի Փաշինյանին-հեղ․) հետ։ Հետո կա մի բան՝ ինքը կարողացավ շատ կանոնիկ կերպով մարդկանց ուղեղը լվանալ, մարդկանց զոմբիացնել՝ թե իբր ես գնացի, նախկիններն են գալու։ Նախկինների որևէ մոտեցում չեմ արդարացնում, բայց նրանք մեզ պետություն, պետականություն էին տվել։ 

– Դուք այն մտավորականներից էիք, որ ոգևորված էին 2018-ին կատարվածով։

– Իհարկե, որովհետև մտածում էինք՝ նորմալ, ժողովրդավարական երկիր ենք ստեղծում։ Ի՞նչ իմանայինք, որ սենց է լինելու։ Ի՞նչ իմանայինք։ 

Իհարկե, 100 օր ես Փաշինյանով ոգևորված եղել եմ, բայց միշտ կասկածելի է եղել՝ ո՞նց այդքան հեշտ ու հանգիստ կարողացավ իշխանությունը վերցնել։ Նիկոլի կնքահայրը Սերժ Սարգսյանն է եղել։ 

Նա հասցրեց երկիրը աննորմալ վիճակի, որ փողոցից Նիկոլ բերեցինք, կարգեցինք վարչապետ։ Մտավորականների արժեզրկում, ազգային արմատներից հեռացնել․․․ 

Եթե ամբողջ շղթան նայում ես՝ Սերժի օրոք է սկսվել։ Նիկոլն եկավ, կարողացավ ամբողջացնել՝ եկեղեցու դեմ դուրս եկավ, հայոց պատմության դեմ։ Այսինքն՝ հենասյուներդ խարխլել։ 

Բոլոր կառույցները, նաև՝ բանակը կարողացավ խարխլել։ Մարդիկ գիտեին, որ պետություն կառավարելը խաղուպար չէ, մարդիկ գիտեին, որ սա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին – հեղ.) չի կարող կառավարել երկիր, բայց գնացին դրան, միայն թե պրծնեին Սերժից։ Եվ ահա եղավ այն, ինչ եղավ։ 

– Դուք ասում եք՝ քուն-դադար կորցրել եք։ Այդպես բոլորի՞ մոտ է, համազգային ընկճախտ զգո՞ւմ եք։

– Այո՛, իհարկե։ Մարդիկ նոկդաունի մեջ են։ Բոլորն են այդ վիճակում, ուղղակի չգիտեն՝ հիմա ինչ անել։ Ո՞ւմ տեսնում եմ, ում հետ խոսում եմ, ասում են՝ լավ, էս ի՞նչ օրը գցեց մեզ։ Եթե նոյեմբերի 9-ին գնար, գոնե ինչ-որ բան կկասեցվեր։ 

– Նկատի ունեք՝ հրաժարակա՞ն տար։ 

– Այո՛, գոնե Սյունիքից դիրքեր չէին տա, կփորձեին կասեցնել այս վիճակը։ Այս մարդը անընդհատ ստորագրում, ինչ-որ բաներ է տալիս։ Լա՛վ, ստորագրեցիր, վե՛ր կաց, գնա՛, ա՛յ բալա, ի՞նչ է նպատակդ։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am