Գիրք գնողների ու ընթերցողների թվաքանակը տարեցտարի աճում է․ ոլորտի ակտիվացումն ու զարգացումը նկատելի են

«Մի հաճախորդ ունեինք, որ հաճախ է առաքումներ անում, տևական ժամանակ կար՝ չէր զանգահարում, մենք արդեն անհանգստանում էինք, ու զանգահարեց, ասաց, որ իր «անհետանալը» կապված էր քաղաքական իրավիճակի հետ, բայց արդեն վերսկսել է»,- «Մեդիալաբին» ասում է «Դարան» գրախանութի խորհրդատու վաճառող Մարինե Աքելյանը՝ վստահեցնելով, որ բացի մարդկանց սոցիալական վիճակից, գիրք գնողների ակտիվության վրա ազդում է քաղաքական իրավիճակը:

«Զանգակ» գրատների ցանցի մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը «Մեդիալաբին» ասում է, որ ամեն տարի իրենք աճ են գրանցում թե՛ գնորդների, թե՛ ընթերցողների թվաքանակում, նրա խոսքով՝ նկատելի են ոլորտի տարեցտարի ակտիվացում ու զարգացում։

«Ինչպես 2021 թվականն էր 2020 թվականի համեմատությամբ ակտիվ, այնպես էլ այս տարին է նախորդի համեմատ ակտիվ։ Գնորդների նախասիրությունները տարբեր են, բայց գեղարվեստական գրականությունը շարունակում է մնալ ամենապահանջվածը՝ թե՛ թարգմանական գրականությունը, թե՛ հայ դասական ու ժամանակակից գրականությունը»,- «Մեդիալաբին» ասում է Աստղիկ Օհանյանը։

«Դարան» գրախանութի խորհրդատու վաճառող Մարինե Աքելյանը հիշում է, որ 44-օրյա պատերազմից հետո մարդիկ հիմնականում նախընտրում էին մոտիվացնող, հոգեբանական և բիզնես գրականություն, բայց հիմա մարդկանց նախասիրությունը փոխվել է։

«Հիմա, իրականում, կարդում են ամեն ինչ, հիմնականում՝ գեղարվեստական գրականություն։ Արտասահմանյան գրականությունը շատ պահանջված է, որովհետև թեմատիկ ընդգրկումն ավելի լայն է, քանակը՝ շատ։ Ժամանակակից հայ գրողներին էլ կարդացողներ կան, բայց՝ քիչ»,- ասում է Մարինեն։

«Դարանում» լավագույն վաճառվող գրքերից են թուրք գրող Էլիֆ Շաֆաքի գործերը, Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ», Ջոն Քեհոյի «Մտքի ուժը», Փոլ Էքմանի «Խաբիր ինձ» հոգեբանական, մոտիվացիոն, բիզնես բովանդակությամբ գրքերը։

Աստղիկ Օհանյանն ասում է, որ հայ ընթերցողները հիմնականում նախընտրում են հայերեն գրքեր, բայց մասնագիտական գրքերը կարդում են թե՛ անգլերեն, թե՛ ռուսերեն։

«Վերջին շրջանում, քանի որ Հայաստան են ժամանել մեծ թվով օտարերկրացիներ, շատացել է նաև օտարալեզու գրականության պահանջարկը, բայց նախորդ տարիներին էլ պահանջարկ կար»,- ասում է «Զանգակ» գրատների ցանցի մշակութային ծրագրերի ղեկավարը։

Ոլորտի մասնագետների խոսքով՝ այժմ թվային տվյալներ անհնար է ներկայացնել, որպեսզի հստակ երևա նախորդ տարվա համեմատ գրանցված աճը, քանի որ տվյալներն ամփոփում են տարեվերջին։

Նրանց խոսքով՝ ընթերցողները հիմնականում գալիս են հստակ կողմնորոշված, շատ քիչ են դեպքերը, երբ վաճառողներից են խորհուրդ հարցնում։

Ոլորտի մասնագետներն ասում են, որ գիրք գնողների, ընթերցողների թվաքանակի աճը բնական գործընթաց է, ու չեն կարող ակտիվությունը կոնկրետ ինչ-որ բանի հետ կապել ։

«Հայ հասարակության շատ փոքր զանգվածը լավ ընթերցողներ են, երիտասարդները շատ ավելի օգտվում են գրադարաններից, գրքեր գնում են միջին տարիքի մարդիկ, որոնք գումար են վաստակում»,- ասում է «Դարան» գրախանութի խորհրդատու վաճառողուհին ու ընդգծում, որ գրքերի համար նախատեսված զեղչերը շատ են նպաստում գնորդների ակտիվությանը: Նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք սպասում են հենց այդ օրվան, որ «ամբողջ տարվա համար գրքեր գնեն»։

2022 թվականին մինչ օրս վաճառված գրքերի լավագույն եռյակը գլխավորում է Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գիրքը, երկրորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը, երրորդը «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքն է։

«Զանգակ» գրատների ցանցի մշակութային ծրագրերի ղեկավարը «Մեդիալաբի» ընթերցողներին խորհուրդ է տալիս ընթերցել շատ ու բազմաժանր գրքեր, բայց ունի նաև նախընտրած գիրք, այն է՝ Կազուո Իշիգուրոյի «Օրվա մնացորդը»։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Լուսանկարը՝ «Դարանի» ֆեյսբուքյան էջից